25.10.2019 13:17

Սիրիական բանակը և քրդերը Թուրքիային մեղադրում են հրադադարը խախտելու մեջ

Սիրիական բանակը և քրդերը Թուրքիային մեղադրում են հրադադարը խախտելու մեջ

Քրդական կազմավորումները Սիրիայի հյուսիսում և Բաշար Ասադի բանակը թուրքական բանակին և նրա կողմում կռվող սիրիացի զինյալներին մեղադրում են հրադադարը խախտելու մեջ:

Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է, որ հինգշաբթի օրը սահմանամերձ Ռաս-ալ Այն քաղաքի մոտ Թուրքիայի նկատմամբ լոյալ ուժերը գրոհ են ձեռնարկել: Նա Ռուսաստանին կոչ է արել «կասեցնել թուրքերին»:

Քրդական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Մուստաֆա Բալին մեղադրել է «թուրքական բանակի վարձկաններին» մի քանի բնակավայրերի վրա հարձակման համար, որոնք գտնվում են Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնեցված հրադադարի գոտուց դուրս: Նրա խոսքով՝ հարձակման ընթացքում կիրառվել է ծանր սպառազենք: «Սիրիայի դեմոկրատական ուժերը կօգտվեն ինքնապաշտպանության իրավունքից»,- Twitter-ում գրել է նա:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հինգշաբթի տեղեկացրել է, որ սկսվել է քրդական կազմավորումների դուրսբերումը թուրք-սիրիական սահմանային գոտուց: Փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի ասելով՝ Սիրիայի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները կատարվում են:

Փոխանցում է BBC-ն: