25.10.2019 15:32

Թովմասյանի վրա ամենամեծ ճնշումը գործադրում են նախկինները

Թովմասյանի վրա ամենամեծ ճնշումը գործադրում են նախկինները

Առաջին հայացքից՝ տպավորություն է, որ եթե նախկին իշխանության ներկայացուցիչները վարձել են Հայաստանի ամենահայտնի փաստաբաններին, որոնք խոսում են շատ, գրագետ, գերազանցիկի դասական առոգանությամբ բազմաթիվ մեջբերումներով, հետեւաբար՝ նաեւ «լավ» պաշտպանություն են որդեգրել:

Իրականում, սակայն, այդ բառագրոհը շիրմա է՝ իրական պաշտպանական մարտավարությունը քողարկելու համար: Որպեսզի տպավորություն ստեղծվի, թե նրանք իրենց «պաշտպանյալների» համար կարողանում են նպաստավոր վճիռներ ու որոշումներ կորզել՝ ճարտասանության շնորհիվ: Բայց եթե նայենք նախկիններից առավել ռեսուրսառատների եւ ծանրակշիռների գործերին մեկ ամբողջականության մեջ, ապա կտեսնենք, որ պաշտպանության գործում, մեծ հաշվով, իրավաբանություն գրեթե չկա, նրանք ուղղակի առաջին պլանում երեւում են՝ պրոցեսներին շարքային իրավական տպավորություն հաղորդելու համար:

Իսկ իրական «դիմադրություն»-պաշտպանությունը կառուցված է Սահմանադրական դատարանի առանցքի շուրջ, որին, փաստացի, ներքին կարգով վերապահված է ոչ ձեռնտու օրենքները պաշտպանյալների համար ձեռնտու կերպով մեկնաբանելու առաքելությունը: Այսինքն, նախկինների պաշտպանելը գրված (հիմնականում հենց նախկինների կողմից) օրենքների շուրջ աճպարարություն անելն է: Եթե անգամ օրենքով մեղադրանքը հիմնավորված է, եւ հանրության համար էլ՝ այդ մեղադրանքներն օրինական են, ապա նրանք փաստացի ասում են՝ այն, ինչ գրված է, դեռ այդպես չէ, այն դեռ մեկնաբանությունների կարիք ունի: Հետո լիովին «պատահաբար» դիմում են Սահմանադրական դատարան, որն էլ այդ օրենքները լիովին «պատահական» եղանակով մեկնաբանում է: Հետո էլ պաշտպանները հղում են անում ՍԴ մեկնաբանությանը՝ այսպիսով ստեղծելով մի անսահման ու անվերջանալի շղթա, որով ցանկացած մեկին առաջադրված մեղադրանքը կարելի է «ջրել»: Այսինքն, նախկինները որոշել են, որ գրված ու գործող օրենքները ոչինչ են, դրանք փոխարինում են փաստացի մարդ-մեկնաբաններով, որոնք էլ «անկատար» օրենքներին ավելի մեկնաբանելի տեսք են տալիս:

Իհարկե, եթե մենք ունենայինք իրապես անկախ Սահմանադրական դատարան, եւ կասկած չունենայինք, որ ՍԴ որոշումները քաղաքական հանգամանքներով չեն պայմանավորված, որեւէ խնդիր չէր լինի: Բայց ամբողջ հարցն այն է, որ ներկայիս ՍԴ-ն, որին նախկինները անվանում են իրենց վերջին բաստիոնը, այսու արդեն ոչ թե իրավական, այլ քաղաքական կողմ է եւ բացահայտ հանդես է գալիս կոնկրետ քաղաքական ուժերի եւ անձանց շահերի դիրքերից: Ու պատահական չէ, ի դեպ, որ ՍԴ-ն նախկինները հռչակել են իրենց վերջին բաստիոնը: Այո, այն իրենց ձեռքում եղած հենց միակ գործիքն է մնացել, որով կարող են փորձել  խուսափել ցանկացած հարցում իրավական պատասխանատվությունից եւ քրեական հետապնդումից: Որովհետեւ դեռ վստահ են, որ որքան էլ դատախազությունը, ՀՔԾ-ն, Քննչական կոմիտեն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն քննեն գործերը, որքան էլ մեղադրանքները հիմնավորված լինեն, անգամ եթե որոշ դատավորներ դուրս եկած լինեն իրենց ազդեցությունից եւ կալանքի սանկցիաներ տան, կա Սահմանդրական դատարան անունով այն հրաշագործ կախարդական փայտիկը  որը կարող է ձեռքի կամ գրչի մի հարվածով «փակել» թեման: Ու հենց այդ պատճառով էլ կռիվ են տալիս Հրայր Թովմասյանին եւ ՍԴ մյուս անդամներին ՍԴ-ում պահելու համար: Այո, հենց պահելու համար, ոչ թե այդ անձանց համար՝ որպես անձ: Նախկիններին իրականում ոչ Թովմասյանի, ոչ էլ մյուս անդամների անձը չի հետաքրքրում, նրանց այդ անձինք հետաքրքրում են եւ պետք են բացառապես որպես գործիքներ, որոնք պետք է կատարեն այն առաքելությունը, ինչի համար գործուղվել են ՍԴ: Իսկ ժամանակին նրանց հո սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար չե՞ն  գործուղել: Գործուղել են ըստ քաղաքական պատեհության իրավական որոշումներ կայացնելու համար:  

Բայց քանի որ ամբողջ քաղաքական դաշտը, իրենց բառերով ասած՝ «հանձնել» են, մնացել է միայն ՍԴ-ն՝ որպես կղզյակ: Ու հենց այդ պատճառով էլ Հրայր Թովմասյանն իրեն համեմատում է սահմանին կանգնած զինվորի հետ:

Ու եթե ավելի խորը հայացք նետենք, կտեսնենք, որ ամենամեծ ճնշումը նրա վրա հենց նախկիններն են գործադրում, որ հանկարծ հրաժարական չտա: Ու ճնշում են, որովհետեւ, ենթադրաբար, ունեն ճնշման գործիքներ: Ու հատկապես՝ որովհետեւ Թովմասյանի «բախտը չի բերել», եւ նա իր թիմի հետ ժամանակին չի հեռացել, ուրիշ մեկը մնացած լիներ՝ նրան կճնշեին: Բայց Թովմասյանն է մնացել, հետեւաբար՝ նրան ամեն օր հիշեցնում են՝ «հանգիստ նստիր տեղդ»:

Պարգեւ Ապրեսյան