28.10.2019 11:01

Թրամփ. ԻՊ-ի պարագլուխն սպանված է. Ռուսաստանը կասկածում է

Թրամփ. ԻՊ-ի պարագլուխն սպանված է. Ռուսաստանը կասկածում է

Ջիհադիստական «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխը, որ աչքի էր ընկնում ծայրահեղ դաժանությամբ և որոշ ժամանակով դաժան «խալիֆաթ» էր ստեղծել Մերձավոր Արևելքում, սպանվել է ամերիկացի զինվորականների գործողության արդյունքում, պաշտոնական հեռուստաուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփը մանրամասն և պատկերավոր կերպով նկարագրել է գործողությունը. ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը մոտեցել են ալ-Բաղդադիի տանը Բարիշ գյուղում և ներխուժել են տուն: Երբ պարզվել է ալ-Բաղդադիի գտնվելու վայրը, նույն տանը գտնվող 11 երեխաներ դուրս են բերվել այնտեղից: Բաղդադին փորձել է փախչել ստորգետնյա ճանապարհով,  սակայն դա նրան չի հաջողվել: «Մենք գիտեինք բազմաթիվ թունելների մասին, բոլորը շրջափակված էին՝ բացի մեկից: Արդյունքում՝ նա իրեն պայթեցրել է՝ երեք երեխաների հետ միասին»,- պատմել է Թրամփը՝ հավելելով, որ ահաբեկչի մարմինն անճանաչելիության աստիճան այլանդակվել էր, սակայն փորձաքննությունը հաստատել է նրա ինքնությունը:

Աբու Բաքր ալ-Բաղդադին երեք տարի ամերիկացի զինվորականների թիվ մեկ նպատակակետն էր, հավելել է Թրամփը:

Ամերիկյան զինվորականների օդային հարձակումը և ցամաքայն ռեյդը  կատարվել է Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում՝ Թուրքիայի սահմանից մոտավորապես 5 կմ հեռավորության վրա՝ այն շրջանի մոտ, որը սիրիացի աշխարհազորայինների վերահսկողության տակ գտնվող տարածքներ թուրքական բանակի ներխուժումից հետո անցել էր ռուսաստանյան ռազմական ոստիկանության վերահսկողության տակ:

Ալ-Բաղդադիի սպանության մասին տեղեկությունը հաստատում են աղբյուրները Սիրիայում, Իրաքում և Իրանում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կասկած են հայտնել ամերիկյան գործողության հաջողության կապակցությամբ:

Փոխանցում է BBC-ն: