28.10.2019 14:27

Բողոքի ցույցեր Իրաքում

Բողոքի ցույցեր Իրաքում

Իրաքում  չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնց ընթացքում երկու օրում ավելի քան 60 մարդ է սպանվել: Կիրակի օրը ցուցարարներին են միացել դպրոցականներ, ուսանողներ և խարհրդարանական խոշոր դաշինքը:

Երկու օրվա ընթացքում ցույցերի ժամանակ զոհվել է 63 մարդ: Ցուցարարները չեն լքում Բաղդադի Թահրիր հրապարակը և բարիկադներ են կառուցել կամրջի վրա, որը տանում է ուժեղ պաշտպանության տակ գտնվող «կանաչ գոտի»՝ կառավարական շինությունների մոտ:

Անցյալ ուրբաթ և շաբաթ օրերին հակաահաբեկչական ուժերի կողմից սպանվել են տասնյակ մարդիկ, երբ ցուցարարները փորձել են գրոհով վերցնել կառավարամետ գվարդիայի շտաբը, ինչպես նաև հարձակվել են Իրաքի բարձրաստիճան ուժային առաջնորդների տների վրա:

Տարերային ցույցերը՝ երկրում աշխատատեղեր ստեղծելու և կոռուպցիան ոչնչացնելու պահանջներով, սկսվել են հոկտեմբերի 1-ին և անմիջապես էլ դաժանորեն ճնշվել ոստիկանության կողմից. Բաղդադում ցուցարարների դեմ կիրառվել է հրազեն: Մի քանի օրվա ընթացքում սպանվել է ավելի քան 150 քաղաքացի:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ գործազրկությունը երիտասարդության շրջանում  հասնում է 25 %-ի, թեպետ երկիրը, մեկուկես տասնամյակ տևած պատերազմից և միջկրոնական հակամարտություններից հետո, նավթի արտահանման ծավալով  ՆԱԵԿ-ում (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) երկրորդ տեղ է դուրս եկել:

Փոխանցում է BBC-ն: