28.10.2019 16:32

ԶԼՄ. Ալ-Բաղդադիի մասունքները տեղափոխվել են Իրաքի ռազմաբազա

ԶԼՄ. Ալ-Բաղդադիի մասունքները տեղափոխվել են Իրաքի ռազմաբազա

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացված պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասունքները տեղափոխվել են Իրաք:

Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է Al Sumaria հեռուստատեսությունը՝ չնշելով, թե հատկապես ով է դրանք տեղափոխել:

Հեռուստատեսության տեղեկություններով՝ ալ-Բաղդադիի մասունքները տարվել են Իրաքի Անբար նահանգում գտնվող Այն էլ-Ասադ ռազմաբազա, որտեղ տեղակայված են ԱՄՆ զինծառայողները: Հեռուստաալիքը չի բացառում, որ ԻՊ-ի պարագլուխը կհուղարկավորվի Իրաքի տարածքում: Կիրակի օրը CNN հեռուստաընկերությունը վարկած էր առաջ քաշել, թե ալ-Բաղդադիի աճյունը կարող է նետվել ծովը:

Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի Իդլիբ նահանգում անցկացված հատուկ գործողության արդյունքում ալ-Բաղդադիին ոչնչացնելու մասին: Թրամփը գործողության անցկացմանը աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային և Թուրքիային:

ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ հավաստի տվյալներ չունեն ալ-Բաղդադիի ոչնչացման վերաբերյալ:

Համաշխարհային հանրությունը ԻՊ-ի պարագլխի վերացումը անվանել է կարևոր, սակայն ոչ վճռորոշ քայլ՝ կոչ անելով շարունակել ահաբեկության դեմ պայքարը:

Փոխանցում է tass.ru-ն: