28.10.2019 17:14

Արսեն Գրիգորյան. 27-ի զոհերի հարազատները դեռ 20 տարի առաջ պաթոսի սիրտ չունեին

Արսեն Գրիգորյան. 27-ի զոհերի հարազատները դեռ 20 տարի առաջ պաթոսի սիրտ չունեին

Հոկտեմբերի 27-ի թեման կրկին ակտուալ է դարձել, եւ այն «վերակենդանացրել» է նաեւ նախկիններին: Բոլորս գիտեինք, որ 27-ը ոչ միայն պետությանը հասցված արարք էր, այլ նաեւ՝ մարդկանց:

Զոհերի հարազատներն ուզում էին հասկանալ, թե ովքեր սպանեցին իրենց հայրերին: Նրանք Քոչարյանից ընդունելություն էին խնդրում, բացահայտում էին ակնկալում, ուզում էին, որ ինչ-որ մեկն իրենց մարդավարի բացատրի, թե ովքեր էին կանգնած սպանության թիկունքում: Հոդաբաշխ ոչինչ այդպես էլ չիմացան: Հիմա հարազատների համար հույսի դուռ է բացվել: Եվ բնականաբար՝ քոչարյանականները ջղաձգված են:

Ոչ ոք չգիտի՝ կբացահայտվի՞ հոկտեմբերի 27-ը, բայց նախկիններն արդեն ջղաձգված են՝ հարազատներին կոչ են անում չտրվել իշխանական մանիպուլյացիաներին, սկսել են հասկանալ նրանց վիշտը, հարցազրույցներ են տալիս: Հիմա հանկարծ Նաիրի Հունանյանը նրանց համար դարձել է ոչ ադեկվատ, որի խոսքերին վստահություն ներշնչել պետք չէ: Իսկ այն ժամանակ, երբ «ադեկվատ» էր, ինչո՞ւ Քոչարյանը շտապեց խոսել ուչաստկովիի մակարդակով բացահայտվելիք քրեական գործի մասին, թող ինքը լռեր, եւ թող Նաիրին խոսեր: Հիմա հանկարծ 27-ի գործը ձեզ համար դարձել է «անցյալի խնդիրները փորփրելու» տեսանկյունից անթույլատրելի՞:

Էն ժամանակ ոչինչ չեք արել, էն ժամանակ ոճրագործության մեջ էնպիսի մի պաթոս մտցրեցիք, որ  հարազատների ողբը եւ ինչ-որ բան իմանալու իրավունքը խլացավ էդ պաթոսի մեջ: Ով տեղից վեր էր կենում նախկիններից, ասում էր, թե Վազգենն իր ընկերն է, Վազգենի անունից կապիտալ էր կուտակում: Հիմա էդ պաթոսը վերացել է, հիմա հարազատների հույսը, որ կբացահայտվի, շոշափելի է, հիմա Անահիտ Բախշյանը կարող է նայել Փաշինյանի աչքերի մեջ ու ցավ հայտնել, որ իշխանությունից ոչ ոք չկար հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմի շնորհանդեսին, եւ չարհամարհվել: Իսկ ներկա իշխանություններից ոչ մեկի առջեւ 27-ի զոհերի հարազատները հաց չեն դրել:

Դուք հասկանու՞մ եք, ինչ եք արել՝ զոհերի հարազատները այս 20 տարիների ընթացքում հենց ձեր մեջ են ճանաչել հանցագործներին: Նրանցն ի՞նչ էր մնացել, երբ Վազգենը կամ Կարենը չկան, նրանց մնացել էր արդարության հույսը: Իսկ դուք նրանց լուռ հույսին խառնում էիք ձեր բարձրագոչ պաթոսներն ու հասկացնում՝ դե հուսացեք: Ու էդ համր հույսի մեջ նրանք մարեցին: Գուցե այդպես էլ չբացահայտվի հոկտեմբերի 27-ը, բայց դուք դասական օրինակն եք այն բանի, թե ինչպես չպետք է վարվի իշխանությունը ողբերգությանը դեմ հանդիման: Էս ժամանակները փոխվել են նաեւ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածի ընկալման առումով: Հիմա նույնիսկ ենթադրություններն արվում են բաց թոքերով, հանգիստ շնչելով:

Հունանյանը խոսում է, կարեւոր չէ, թե ինչ է ասում, հիմա բոլորը գիտեն, որ այդ մարդը կարող է խոսել, ու նրա բերանը փակել ոչ ոք չի պատրաստվում, թացը չորից ջոկողները կջոկեն: Դուք հանգիստ ձեր տեղը նստեք, ձեր ետեւից կգան, եթե կապ ունեք, առավելեւս ձեր հանգիստ նստելն ավելի հասկանալի կլինի, եթե կապ չունեք: Իսկ հարազատներին հանգիստ թողեք, նրանք դեռ 20 տարի առաջ պաթոսի սիրտ չունեին: