29.10.2019 13:00

Համայնքների պալատը չի ընդունել ընտրությունների վերաբերյալ Ջոնսոնի առաջարկը

Համայնքների պալատը չի ընդունել ընտրությունների վերաբերյալ Ջոնսոնի առաջարկը

Մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԵՄ-ն համաձայնել էր հետաձգել Brexit-ը՝ հույս ունենալով, որ Բրիտանիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն, Համայնքների պալատը մերժել է  ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը: Որոշումը, սակայն, վերջնական չէ:

Դեկտեմբերի 12-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետի առաջարկին կողմ է քվեարկել 299 պատգամավոր, դեմ՝ 70-ը: Ըստ օրենքի՝ եթե արտահերթ ընտրությունները հայտարարվում են առանց կառավարությանը անվստահություն հայտնելու, դրա օգտին պետք է քվեարկի Համայնքների պալատի ցուցակի երկու երրորդը, այսինքն՝ 434 պատգամավոր:

Քվեարկությունից անմիջապես հետո Ջոնսոնը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է անմիջապես՝ երեքշաբթի օրը, քվեարկության դնել արտահերթ ընտրությունների նոր առաջարկ՝ այլ ընթացակարգով, որը պահանջում է ընդամենը պարզ մեծամասնություն:

Բորիս Ջոնսոնը հույս ունի, որ արտահերթ ընտրություններում իր Պահպանողական կուսակցությունը մեծամասնություն կստանա, և այդպիսով ինքը կկարողանա քաղաքական վերնախավը և երկիրը դուրս բերել փակուղային վիճակից, որում նրանք հայտնվել են Brexit-ի պատճառով:

Փոխանցում է BBC-ն: