29.10.2019 16:35

Լիզա Ճաղարյան. Իսկը որ՝ հետեւը սուր, առաջը ջուր

Լիզա Ճաղարյան. Իսկը որ՝ հետեւը սուր, առաջը ջուր

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գլխավոր վարձկանի կենդանության, ավելի ճիշտ՝ կենդանական նշաններ ցույց տալու փորձերը, փաստորեն, բավարար էին մեկ կարեւոր բան պարզելու համար։ Պարզելու, թե ո՛ր շրջանակներին է սարսափեցնում Ռոբերտ Քոչարյանի կոշտ ու բացահայտ պահանջով կազմակերպիչների մասով կասեցված քրգործի վերաբացման հեռանկարը։

Հոկտեմբերի 27-ի նախճիրի լիարժեք բացահայտման պահանջ ներկայացնողները ծանրակշիռ հիմնավորումներ են ներկայացնում, թե ինչու է անհրաժեշտ վերաբացումը, եւ թե ինչու են այս կամ այն քաղաքական գործչին հավանական կասկածյալ համարում։

Ի դեպ, ծիծաղելի է, որ այդ հիմնավորումների ու կասկածների բարձրաձայնման «մեղավորներին» փնտրում են նոր իշխանության շարքերում։ Մինչ հեղափոխությունը՝ քսան տարի շարունակ այս մխացող ցավի խնդիրը բարձրաձայնվել է։ Այլ հարց է, որ բարձրաձայնողներս սակավաթիվ էինք, բարձրաձայնողների առջեւ էլ հատուկենտ լրատվամիջոցներ էին բացում իրենց դռները, եւ ռեժիմին հլու-հնազանդ ծառայող, մեծ լսարան ունեցող կամակատար հեռուստաընկերությունների այլանդակ հակաքարոզի պայմաններում՝ չլռողների պնդումները ջրի մի կաթիլ էին կեղտոտ ու անբարո «լայնարձակ» ճահճի ճղփճղփոցների համեմատ։

Բացահայտ բարձրաձայնողնե՛րն էին սակավաթիվ, իսկ միմյանց ականջին փսփսացողները, վստահելի միջավայրերում խոսողները համատարած էին, եւ հիմա ոչ մի նոր բան չի ասվում՝ կրկնում են նույնը, ինչը տարիներ շարունակ ասվել է բացճակատ կամ «մեր մեջ ասած» տարբերակով։

Այլ իրավիճակ է վերաբացման հեռանկարից սարսափահար եղածների ճամբարում։ Այստեղ հեղափոխության հաջորդ օրվանից ծայր առած նույն երգն են երգում, ըստ որի՝ երկրում բռնապետություն է հաստատվել (իրենց անիծյալ ժամանակներում, բա չեք ասի՝ ժողովրդավարությունն էր ծլում-ծաղկում), որովհետեւ նախկին հանցագործ ավազակախմբի մի քանի «ոտներն ամպոտ հրեշտակներ» են ձերբակալվել, եւ Հոկտեմբերի 27-ի վերաբացումն էլ ահա այս բռնապետության իններորդ ալիքի վկայությունն է լինելու։ Կամ՝ հիստերիկ ջղակծկումները չթաքցնելով, իբր ջախջախում են վերաբացման կողմնակիցներին՝ բարձրաձայնելով իրենց կազմած «կասկածյալների» անունները։

Սա հենց այն իրավիճակն է, որի մասին մեր Մեծն արդեն անցած դարում ասել է՝ հետեւը սուր, առաջը ջուր։

Եթե լռեն եւ համբերությամբ սպասեն դեպքերի զարգացմանը, ապա իրենց տերերի կամ սրանց անթաքույց հովանավորությանն արժանացած կասկածյալների գլխին կախվելու է «ոտներն ամպոտ հրեշտակ» դառնալու վտանգը։

Եթե չլռեն, ինչն էլ անում են հիմա, այս անգամ էլ հակառակ ճամբարից լսվելու է հետեւյալ հարցը. «Շատ ճիշտ եք ասում, ձեր թվարկած մարդիկ կասկածյալներ են՝ դեռ մի բան էլ ավելի, ուրեմն ինչու՞ «ամենակարող ու միակտղամարդ» Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որ գործը մինչեւ վերջ բացահայտվի, եւ ձեր նշած կասկածյալները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

Դե՛, մենք էլ ուզում ենք Հոկտեմբերի 27-ի կասեցված քրգործը վերաբացվի, եւ հանրությունը տեսնի՝ մե՞ր թվարկած կասկածյալներն են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչներն ու «ռոմանտիկներին» քաջալերողները, թե՞ ձեր նշած մարդիկ։

Ինչու՞ եք աղմկում։ Որովհետեւ երկու դեպքում էլ ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Սարգսյանը, ինչ-ինչ դրդապատճառներով, չե՞ն ցանկացել, որ այդ սահմռկեցնող ահաբեկությունը բացահայտվի մինչեւ վերջ։

Պատասխանը հարցի մեջ էլ կա։