29.10.2019 21:25

Արցախով մտահոգները այն մանրադրամ չեն դարձնի

Արցախով մտահոգները այն մանրադրամ չեն դարձնի

Տեսականորեն՝ նորմալ է, երբ նախկինները, որ իրենց «ընդդիմություն» են հռչակել, իրենց գործընկերներին սատարելու համար քարոզչական ջանքեր են գործադրում: Նորմալ է տեսականորեն նույնիսկ, որ նրանք պիտի փորձեն քրեական գործերին քաղաքական աստառ հաղորդել, այս կամ այն արարքը կատարած անձին քաղաքական կշիռ եւ արժեք տալու, եւ ըստ այդմ՝ քրեական հետապնդումները քաղաքական հետապնդումներ ներկայացնելու համար: Եթե վերանանք անձերից՝ դա նորմալ կլիներ, կամ առնվազն՝ հասկանալի:

Բայց այն, ինչ այսօր անում են նախկին իշխանությունները, որեւէ կերպ չի տեղավորվում այդ նորմալի կամ հասկանալիի սահմաններում: Որովհետեւ իրենք հենց անում են այն, ինչում փորձում են մեղադրել իշխանություններին, այն է՝ «կարմիր գծերը անցնելը»:

Հասկանալի է տեսականորեն, որ նախկիններին շատ է պետք, որ, օրինակ, Հրայր Թովմասյանը մնա ՍԴ նախագահի պաշտոնում: Ընդ որում, շատ ավելի, քան հենց իրեն՝ Թովմասյանին, որովհետեւ վերջինիս ՍԴ-ում գտնվելն այն միջոցն է, որով նախկիններից գոնե ամենախոշորները պիտի փորձեն  խուսափել քրեական պատասխանատվությունից:

Բայց հասկանալի չէ, երբ այդ նպատակն իրագործելու ծիրին մեջ ոչ թե ուղիղ ասում են, որ իրենց է պետք Թովմասյանի մնալը, եւ կամ գոնե իրավական դաշտի տիրույթում են փորձում մեկնաբանել սա, այլ, օրինակ, հարցը տանում են բարոյական դաշտ. թե բա՝ Թովմասյանը պետք է մնա հանուն Արցախի, հանուն մեր ավանդական արժեքների, մեր կրոնի ու եկեղեցու, հակառակ դեպքում իշխանությունները կծախեն Արցախը, Հայաստանը կդարձնեն պղծությունների կենտրոն՝ լցված տրանսգենդերներով, եւ այլն եւ այսպես շարունակ:

Բոլորին էլ հասկանալի է, չէ՞, որ սա պարզ սուտ է: Բայց դա նախկիններին չի խանգարում շահարկել Արցախի հարցը եւ բերել այն հավասարեցնել որեւէ անձի որեւէ պաշտոնում մնալ-չմնալու հետ: Վերանանք Հրայր Թովմասյանի անձից:

Հասկանո՞ւմ եք, թե սրանց համար պատասխան չտալու հարցն ինչպիսի գերխնդիր է, որ պատրաստ են, հանուն այդ նպատակի, մանրադրամ դարձնել մեր հաղթանակը, Արցախը, Արցախի հիմնախնդրի կարգավորումը: Իբրեւ թե իրենք հող չտվողներն են, Հրայր Թովմասյանն էլ հող չտվողների վերջին մոհիկանը, եւ ահա նա, հենց նա ու միայն նա կարող է փրկել մեզ եւ մեր հողերը: Ու թքած ունեն, որ Արցախի Հաթերք գյուղում ապրող միամիտ մի երիտասարդ կարող է ընկնել իրենց քարոզչության թակարդն ու հավատալ, թե Արցախը տալիս են, կամ թե՝ եթե Հրայր Թովմասյանը գնաց, Արցախը կհանձնեն, կհուսահատվի, ու «մեկ է՝ Արցախը ծախելու են» մանտրաները լսելուց հետո կթողնի իր տունն ու կբռնի արտագաղթի ճանապարհը՝ մեկ հոգու իր մասնաբաժնով թուլացնելով  Արցախի պաշտպանունակությունն էլ, ոգին էլ:

Նախկիններին դա չի հետաքրքրում, որովհետեւ այդ սուտը ընդամենը մի պարզ միջոց է՝ սեփական անձի պաշտպանության համար, երկրի անվտանգությունը՝ սեփական անվտանգությանը ստորադասելու համար:

Էլ չասած, թե ի՞նչ կապ ունեն նախկիններն ու, մասնավորապես, Թովմասյանը Արցախի հարցի հետ: Սրտացավ են առավել քան մյուսները, կամ թե՝ ի ծնե ու ի սկզբանե դեմ են փոխզիջումային տարբերակով որեւէ կարգավորման:

Սա սովորական սուտ է, քաղաքական ամենաանբարո շահարկում, որովհետեւ երբ նույն նախկինների ղեկավար Սերժ Սարգսյանը Կազանում բանակցում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ, Հրայր Թովմասյանը արդարադատության նախարարն էր եւ կարծես առանձնապես մտահոգ չէր, որ Սարգսյանը գնում է փաստաթուղթ ստորագրելու եւ տարածքները հանձնելու: Պայքարել չէր կարող՝ հրաժարական տալ կարող էր՝ որպես հողերի մասին ամեն ինչից առավել մտահոգ անձ: Բայց մնաց, ոչ մի բառ չարտաբերեց:

Իսկ ի՞նչ էր անում Թովմասյանը, երբ 2016 թվականին Սերժ Սարգսյանը հեռուստատեսությամբ բառացիորեն պատմում էր, թե Կազանում ինչ փաստաթուղթ պիտի ստորագրվեր:

Հիշեցնենք, թե ինչ էր ասում Սարգսյանը. «Հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք, որպես անվտանգության գոտի, ներկայում զբաղեցված են: Այսինքն՝ այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիները ասում են, որ դրանք օկուպացված են․ ադրբեջանական յոթ շրջաններ: Մենք թողնում ենք այդ շրջանները, հեռանում ենք»:

Ի՞նչ էր անում այդ ժամանակ հողերը պահող Թովմասյանը: Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն էր փոխում: Հետո պարզվեց նաեւ՝ մի քիչ էլ իր համար: Զբաղված էր մարդը, այնքան զբաղված, որ չէր լսում իր կուսակցական ղեկավարի՝ հողերը հանձնելու մասին խոսքերը: Կամ՝ չլսելու էր տալիս: Դե, այն ժամանակ Արցախի հարցը շահարկելու առիթ չուներ: Որովհետեւ ՀՀԿ-ի հովանու տակ էր: Հիմա ունի, ինքն էլ, նախկիններն էլ: Որովհետեւ երբեք էլ Արցախի համար իրականում մտահոգ չեն եղել. Արցախն իրենց համար միշտ էլ գործիք է եղել՝ իշխանության գալու, իշխանություն պահելու, եւ իշխանությունից հեռացվելուց հետո՝ իշխանության վերադառնալու հույսերն ի կատար ածելու գործում:

Պարգեւ Ապրեսյան