30.10.2019 11:44

Լիբանանի վարչապետը զանգվածային ցույցերի պատճառով հրաժարական է տալիս

Լիբանանի վարչապետը զանգվածային ցույցերի պատճառով հրաժարական է տալիս

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով իր հրաժարականը:

Արդեն երկու շաբաթ է՝ երկիրը փոթորկվում է զանգվածային բողոքի ցույցերից: Ցուցարարները պահանջում են Հարիրիի հրաժարականը, իրական պայքար կոռուպցիայի դեմ, կոմունալ ծառայությունների բարելավում և փոփոխություններ Լիբանանի քաղաքական համակարգում:

Տարերայնորեն սկիզբ առած ցույցերը տարածվել են ամբողջ երկրով մեկ, ինչն անսովոր է Լիբանանի պարագայում, որտեղ ինչպես քաղաքական համակարգը, այնպես էլ զանգվածային ժողովրդական շարժումներն ավանդաբար հիմնվում են կրոնադավանական պատկանելության վրա:

Ամեն ինչ սկսվել է հոկտեմբերի 17-ին ընդդեմ կառավարության հարկային քաղաքականության, երբ որոշվել էր հարկ սահմանել WhatsApp հավելվածով զանգեր կատարելու նկատմամբ՝ ամիսը 6 դոլարի չափով: Շատ չանցած՝ իշխանությունները չեղարկեցին այդ որոշումը, սակայն բողոքի ցույցերը չդադարեցին:

Սաադ Հարիրին հայտարարել է, որ Լիբանանը հայտնվել է փակուղում, և երկրին հարկավոր է ցնցում՝ ճգնաժամից դուրս գալու համար:

Լիբանանի պետական պարտքը աշխարհում ամենամեծերից մեկն է: Բողոքի ցույցերի պատճառով բանկերն արդեն տասն օր է՝ փակ են: Փակ են նաև շատ ընկերություններ, դպրոցներ ու համալսարաններ:

Ցուցարարների դեմ հանդես է գալիս արմատական իսլամիստական «Հեզբոլլահ» խմբավորումը, որի կողմնակիցներն արդեն մի քանի անգամ հարձակվել են ցուցարարների վրա: Ոստիկանությունը և զորքերը փորձել են իրարից բաժանել  խմբավորումներին, ինչի համար ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

Փոխանցում է BBC-ն: