30.10.2019 14:07

Երեւանի արձագանքը Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

Երեւանի արձագանքը Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

Պաշտոնական Երեւանը արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է.

«Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձեւը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական եւ հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը եւ ոգեւորությունը։ Այլեւս երբեք», - նշել է վարչապետ Փաշինյանը։

ՀՀ ԱԳՆ-ն էլ  հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է.

«Հայաստանը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը, որով հաստատվում է ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս բանաձևը կարևորագույն նշանակություն ունի, քանի որ հաստատակամ է պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը, մերժելու ժխտողականությունը և խրախուսելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923թթ․ 1․5 միլիոն հայերի բնաջնջման վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացումը՝ որպես 20-րդ դարում իրականացված ցեղասպանության հստակ օրինակ։

Այն ժամանակ Միացյալ Նահանգների ժողովուրդն ու ղեկավարությունը մեծ ջանքեր գործադրեցին հայերի նկատմամբ իրականացված վայրագություններին արձագանքելու գործում՝ փրկելով և օգնության ձեռք մեկնելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին։ Այսօր Միացյալ Նահանգները տուն է ուժեղ ու կենսունակ հայ համայնքի՝ իրենց հայրենիքի հպարտ քաղաքացիների համար, ովքեր նշանակալի ավանդ են բերել ինչպես ԱՄՆ-ի ձեռքբերումներին և բարեկեցությանը, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամությանը։ Այս բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ցուցադրում հարգանք նրանց արժանապատվության նկատմամբ և նշանավորում Ցեղասպանությունը վերապրածների կորովը և կենսունակությունը:

Հայաստանը խորապես շնորհակալ է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ թիվ 296 բանաձևին օգտին իրենց վճռական և տպավորիչ քվեի համար, ինչը վկայում է ճշմարտության, արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին: 

Այս բանաձևը կարևոր ներդրում է միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում նոր ցեղասպանությունների և զանգվածային վայրագությունների կանխարգելմանը, որոնք մեր օրերում շարունակում են ցնցել մարդկության գիտակցությունը։ Այն հզոր ուղերձ է ցեղասպանության չարիքի ժխտման և արդարացման դեմ պայքարում, քանզի ընդգծում է Հայոց ցեղասպանության դասերի արդիականությունը մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների համատեքստում։ 

Այսօր մենք նաև մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում աշխարհի մյուս բոլոր պետություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նախկինում գործադրած ջանքերի համար: 

Հայաստանը խորապես հանձնառու է՝ շարունակելու սերտ համագործակցությունը իր բոլոր միջազգային գործընկերների հետ՝ հետևողականորեն և վճռականորեն կառուցելու ամուր հիմքեր և կարողություններ ցեղասպանությունների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների կանխարգելման ուղղությամբ»: