30.10.2019 15:08

WP. ԱՄՆ իրազեկիչը, որն օգնել է հետևել ԻՊ-ի պարագլխի տեղաշարժին, կստանա 25 մլն դոլար

WP. ԱՄՆ իրազեկիչը, որն օգնել է հետևել ԻՊ-ի պարագլխի տեղաշարժին, կստանա 25 մլն դոլար

ԱՄՆ հատուկ ծառայությունների իրազեկիչը, որն օգնել է սիրիական Իդլիբ գավառում ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին, կպարգևատրվի մինչև 25 մլն դոլարի չափով:

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Աղբյուրների փոխանցմամբ՝ անանուն իրազեկիչը «օգնել է հետևելու ալ-Բաղդադիի տեղաշարժին Սիրիայում, ինչպես նաև տվյալներ է հաղորդել տարածքում կառույցների շինարարության ընթացքի մասին, որտեղ թաքնվում էր ԻՊ առաջնորդը»: «Նա կարող է ստանալ ամբողջ 25 միլիոնը կամ էլ այդ գումարի մի մասը», որն ԱՄՆ-ը խոստացել էր ալ-Բաղդադիի «գլխի» համար, նշում է թերթը:

WP-ն ընդգծում է, որ իրազեկիչը ներկա է եղել ԻՊ-ի պարագլխի ոչնչացման գործողությանը: «Նա ընտանիքի հետ միասին ետ է կանչվել այդ շրջանից գործողությունից երկու օր անց»,- ասվում է հրապարակման մեջ:

Թերթի տվյալների համաձայն՝ իրազեկիչը «սուննի իսլամ դավանող արաբ է, որն ԻՊ-ի դեմ է դուրս եկել ահաբեկիչների կողմից իր հարազատներից մեկի սպանությունից հետո»: Նա ալ-Բաղդադիի շրջապատում ներդրվել է քրդական «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» միջոցով:

Փոխանցում է tass.ru-ն: