30.10.2019 15:48

Մինչեւ հարգանքի հավաստիքը չտեսնի՝ հրաժարական չի տա

Մինչեւ հարգանքի հավաստիքը չտեսնի՝ հրաժարական չի տա

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ օրերս տված հարցազրույցը շատ քննարկումների տեղիք տվեց, բայց հարցազրույցում կա մի ուշագրավ պահ, որի ձեւակերպումները կարծես դուրս մնացին քննարկումներից:

Այսպես, խոսելով իր հնարավոր հրաժարականի մասին՝ Թովմասյանը բառացիորեն ասել է. «Ես հայտարարել եմ՝ որ պահին հինգ դատավոր միասին կմտնեն իմ աշխատասենյակ և կասեն, որ պարոն Թովմասյան, գիտե՞ք, Ձեզ շատ ենք հարգում, շատ ենք սիրում, Դուք լավ մարդ եք, Դուք լավ մասնագետ եք, բայց գիտե՞ք ինչ, ոնց որ թե Ձեր մոտ չի ստացվում ՍԴ նախագահ լինել, չեք կարողանում կազմկերպել, չեք կարողանում սուր ծայրերը հարթել, աշխատանքային մթնոլորտ ստեղծել, չեք կարողանում արդյունավետ քննարկումներ կազմակերպել, դրանից եւ մենք ենք տուժում, եւ հեղինակությունն է տուժում, եւ երկիրն է տուժում, նույնիսկ պարտադիր չէ էս երկրորդ մասը ասել, ես պատրաստ եմ հրաժարական տալ և մնալու որպես սովորական շարքային դատավոր»:

Այսինքն՝ Թովմասյանը բառացի հայտարարում է, որ հրաժարական կտա, եթե ՍԴ մյուս անդամներն ու դատավորները մտնեն իր աշխատասենյակ եւ այդ հարցով դիմեն իրեն: Բայց: Թովմասյանի խոսքերով, այդ դիմելը որոշակի բովանդակություն պիտի ունենա, դրա մի մասն էլ՝  վերջին մասը՝ ոչ պարտադիր: Մյուս մասը՝ առաջին հատվածը, փաստորեն՝ պարտադիր պիտի լինի: Այն է՝ պիտի մտնեն իր աշխատեսնյակ ու ասեն՝ «պարոն Թովմասյան, գիտե՞ք, Ձեզ շատ ենք հարգում, շատ ենք սիրում, Դուք լավ մարդ եք, Դուք լավ մասնագետ եք»:

Դրանից հետո եկող հատվածը, ինչպես նշեցինք, փաստորեն՝ պարտադիր չէ, որ նրանք ասեն: Այնինչ, Թովմասյանի նշած տեքստում պիտի որ երկրորդ մասը պարտադիր լիներ: Որովհետեւ նրա հրաժարականի պահանջը, մեծ հաշվով, հո կապված չէ՞ իրեն հարգել-չհարգելու հետ, իր լավ կամ վատ մարդ լինելու հետ, կամ որ իրեն լավ կամ վատ մասնագետ են համարում: Բայց ինքն է,լ տեսեք, որպես հնարավոր հանգամանք՝ նշում է դատարանի եւ երկրի հեղինակության հարցը, աշխատանքների տուժելու հարցը: Նշում է, բայց միանգամից, այսպես ասած, լղոզում ամենակարեւոր հիմնավորումը իր ասածների մեջ՝ թե պարտադիր չէ, որ դա ասեն:

Բայց փոխարենը պարտադիր է, որ իրեն ասեն, որ սիրում են, հարգում են, ինքը լավն է՝ և՛ որպես մարդ, և՛ որպես մասնագետ: Ընդ որում՝ ամբողջ հարցազրույցում ինքն իր մասին երրորդ դեմքով խոսելով:

Ինչ խոսք, մտածելու բան է: Գուցե իրավապահները նման մի նամակ ուղղեն Թովմասյանին՝ նշեն, թե «պարոն Թովմասյան, մենք ձեզ շատ ենք սիրում, շատ ենք հարգում, դուք մի հրաշալի անձնավորություն եք, դուք վերջն եք, դուք ֆանտաստիկ եք, դուք պուպուշ եք, մենք ուղղակի հիանում ենք ձեր մասնագիտական գիտելիքներով, դուք իրավագիտության ռահվիրան եք, դուք մեր նորօրյա Թեմիսն եք, իրավագիտության ալֆան եւ օմեգան»: Ով գիտե, գուցե Թովմասյանը վերջապես իրեն գնահատված զգա ու հասկանա, թե իրականում ինքն ինչ է արել ու ինչ է անում Սահմանադրական դատարանի հետ:

Որովհետեւ ակնհայտ է, որ Թովմասյանին նախկին իշխանությունները իրենց մոտ չեն տարել ու իր ծառայություններից օգտվել նրան գնահատելով, այլ՝ որպես գործիք սեփական իշխանությունը պահելու համար: Այնպես որ, գուցե մարդը պարզ գնահատված լինելու կարիք ունի, եւ վերջապես նման մի ակնարկի է սպասում:

Պարգեւ Ապրեսյան