30.10.2019 20:29

Արսեն Գրիգորյան․ Մենթալիտետով ռեւանշիստը

Արսեն Գրիգորյան․ Մենթալիտետով ռեւանշիստը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քաղաքականությամբ է զբաղվում։ Պարզ է, ինքը մինչեւ խորհրդի նախագահ նշանակվելը եղել է քաղաքական գործիչ, վարչապետ, պաշտպանության նախարար, ԱԺ պատգամավոր։ Բայց ինքն արդեն ուղիղ 10 տարի Հանրային խորհրդի նախագահ է, առաջին նշանակողը եղել է Սերժ Սարգսյանը։ Ու ինքը 9 տարի իսկապես չկար քաղաքականության մեջ, հրապարակային գործունեությունն արտահայտվում էր 96 թվականի հիշողությամբ, թե «ով էր ինքը մինչեւ հեղափոխությունը»։

Հեղափոխությունից հետո Մանուկյանին մեզ անհայտ հանգամանքներում հերթական կյանք պարգեւեց նոր իշխանությունը։ Ու Մանուկյանն սկսեց հարձակվել հենց այդ իշխանության վրա։ Ուշադրություն, Սերժ Սարգսյանի վրա հարձակվում էր մինչեւ նշանակվելը, Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա հարձակվում է նշանակվելուց հետո։ Եվ զարմանալի անխնա է պարոն Մանուկյանը։ Նույնիսկ «Վերնատուն» քաղաքական հարթակ է ստեղծել, որ հարձակումների համախոհների թիմ հավաքի, նրանք ակումբ ունենան, ու, մի խոսքով, համակարգային լինի հարձակումը։ Ոչ մի խնդիր։ Անձամբ ես դեմ չեմ։

Բայց պարոն Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահ է, իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել։ Ու ինքը դա գիտի, ընկերներ, մարդը գիտի։ Նշանակում է՝ գիտի ինչ է անում։ Հետաքրքիր է, թե ի՞նչ է մտածում էս մասին իշխանությունը։ Չէ՞ որ տեսնում է, լսում է այդ մարդուն։ Վազգեն Մանուկյանն ուղղակի անպատիժ է հանդես գալիս։ Իսկ Հանրային խորհուրդը իր բնույթով ենթադրում է հանրության բոլոր հատվածներ առանց բացառության, քո քաղաքական դիրքորոշումը չի կարող տարածվել նրա վրա, ինչին դու դեմ ես, որովհետեւ նրա թիկունքին հանրություն կա, որին ոչ բարով ներկայացնում ես նաեւ դու։

Ուրեմն ի՞նչ պետք է անի «գնացքից չթռածը»։ Ճիշտ է, պիտի հրաժարական տա, պիտի հանգիստ թողնի հանրային միջոցներով ժողովրդի դեմ հանդես գալը։ Չէ՞ որ այդ իշխանությունը ժողովրդինն է, մոտ 80 տոկոս ունի թիկունքին։ Ինչո՞ ւիշխանությունը նրան այս ամենը չի ասում, ես չգիտեմ։ Բայց ճիշտը ասելն է։  Վազգեն Մանուկյանի սիրտը քաղաքականության միս է ուզում։ Սակայն նա, ինչպես տեսնում ենք, այդ ցանկությունը փորձում է համատեղել մի պաշտոնի հետ, որը քաղաքականության հետ «չի խոսում»։ Նրան պետք է ասել, նրան պետք է մղել դեպի իր սրտի աշխարհ, որովհետեւ արդեն իսկ պարզ է, որ եթե նույնիսկ այսուհետեւ նա լռի, չի լռելու, որովհետեւ համաձայն է նոր իշխանությունների հետ։ Ավելին, նա չի լռելու, որովհետեւ իր քաղաքական հարթակն արդեն կա։

Վազգեն Մանուկյանը մենթալիտետով ռեւանշիստ է՝ մի տարբերությամբ․ իշխանության փոփոխությունից ինքը ոչինչ չի կորցրել։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դա նրա համար մեծ նշանակություն չունի։ Նա ուզում է բոլորիս տեղյակ պահել, որ դեռ ձիու վրա է։ Դա իր գործն է։ Թող լինի ձիու վրա։ Բայց իր հաշվին։