31.10.2019 19:55

Սերժ Սարգսյան. «Մարտիրոսվողը»

Սերժ Սարգսյան. «Մարտիրոսվողը»

Սերժ Սարգսյանը երեկ խոսել է: Ավելի ճիշտ` անոնս է արել այն մասին, որ շուտով կխոսի: Ասել է, թե ավելին չի ուզում ասել, քանի որ «խոստացել է պարզ և անկեղծ զրույց ունենալ ՀՀ քաղաքացիների հետ, իսկ դրա ժամկետը, նրա խոսքով, մոտենում է»։

Իսկ մինչ այդ նա, մարտիրոսվել փորձող տառապյալի հնազանդությամբ, պատասխանելով այն հարցին, թե չի՞ վախենում, որ իրեն կձերբակալեն, հայտարարում է. «Իմ անձի հետ կապված՝ ես վախենալու որևէ բան չունեմ , եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»:

Եւ ուրեմն, ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը: Նա իրեն հատուկ ոճով փորձում է իրավական գործընթացներին տալ լիովին այլ ենթատեքստ, իբր՝ եթե դա պետք է ժողովրդին, ապա ինչպես մեկ տարի առաջ ասել էր «դասականը», կգնա ու կնստի:

Բայց նա, բնականաբար, խեղաթյուրում է այս ամենի առանցքը, ամենակարեւոր էությունը՝ ներկայացնելով այնպես, թե իբր իրեն բանտում տեսնելը ժողովրդի կամակոր ցանկությունն է, սովորական քմահաճույք, ժողովուրդը ուղղակի իրեն չի սիրում, եւ քանի որ չի սիրում, լիակատար երջանիկ լինելու համար ուզում է, որ Սարգսյանը հայտնվի ճաղերից այն կողմ, ինքն էլ, որպես ժողովրդի նվիրյալ եւ միշտ ժողովրդի ցանկություններով առաջնորդվող՝ պատրաստ է գնալ ինքնազոհողության:

Նախ, որեւէ մեկը՝ որպես անհատ, ոչ էլ ժողովուրդը՝ որպես հավաքականություն, երբեք քմահաճ ցանկություններ չի հնչեցրել՝ որեւէ մեկին հենց այնպես ձերբակալելու համար: Ապա, անցել են այն ժամանակները, երբ մարդկանց ձերբակալում էին ձերբակալելու եւ մեկուսացնելու համար՝ հընթացս որեւէ մեղադրանք կարելով: Տեղի են ունենում իրավական գործընթացներ, եւ ով մեղավոր է, պետք է պատասխան տա: Ով օրենք չի խախտել, չի տալու: Եւ ոչ մեկին չեն կալանավորում նրա համար, որ դա որեւէ մեկին կարող է երջանակացնել:

Այնպես որ, Սարգսյանի՝ «հանուն ժողովրդի ինքնազոհության գնալու» ներկայացումը հեչ հաջողված չէ:

Եթե իրեն պիտի կալանավորեն, ապա կկալանավորեն, եւ կկալանավորեն կոնկրետ հանցանքների համար, ոչ թե հանուն ժողովրդական, համաժողովրդական կամ համամարդակյին երջանկության:

Եւ լավ կանի՝ ինքն այդ մասին մտածի: Հատկապես, որ ԱԱԾ մեկուսարանում նստած թիվ մեկ կալանավորն ու նրա աջակիցները մեկ անգամ չէ, որ ակնարկել են, թե մարտի մեկի գործով և՛ գլխավոր շահառուն է եղել, և՛ հետո էլ՝ ավելի քան տասը տարի ղեկավար, ու եթե գործը կոծկվել է, ապա դա արվել է կամ իր իմացությամբ, կամ իր հրահանգով: Այսինքն, ակնարկում են, թե բա Սարգսյանին ինչո՞ւ մեղադրանք չեք առաջադրում ու կալանավորում:

Այնպես որ, մարտիրոսության անհաջող տեսարաններ բեմադրելու փոխարեն, Սարգսյանն ավելի լավ կանի մտածի այն մասին, թե ինչ օրենքներ են խախտվել իր իշխանության օրոք՝ իր հրահանգով, իր իմացությամբ եւ իր մասնակցությամբ:

Իսկ ժողովրդի երջանկության մասին ավելի լավ կանի չխոսի: Ժողովուրդը երջանիկ լինելու շատ ավելի լայն սպեկտր ունի:

Հ.Գ. «Շուտով խոսելու» մասին: Եթե խոսելու է, ապա լավ կանի՝ բաց խոսի պետությանը վնաս հասցրած բոլոր այն օրինախախտումների եւ քայլերի մասին, որ արել են իրենք: Այ դա ժողովրդին կհետաքրքրի:

 

Պարգեւ Ապրեսյան