01.11.2019 15:53

Լիզա Ճաղարյան. Ակումբավարը նաեւ զոհ է, կամ՝ հակառակը

Լիզա Ճաղարյան. Ակումբավարը նաեւ զոհ է, կամ՝ հակառակը

Եվ այսպես, Հանրային խորհրդի «նախագա» Վազգեն Մանուկյանն ասուլիս հրավիրեց, հայտարարեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում իր հետ աշխատել, կարող է ուղիղ ասել իրեն, ինքն էլ դիմում կգրի ու կգնա... (չասաց, թե ուր կգնա, բայց միայն եփած հավը չի հասկանում, թե որտեղ է անցկացնում իր «գիտակցական կյանքը» նախկինում «կոորդինատոր», իսկ այժմ «ակումբավար» Վազգեն Մանուկյանը)։

Չխորանանք, թե ինչու է պարոն ակումբավարը սպասում վարչապետի ուղիղ խոսքին, երբ ողջ հանրության աչքի առաջ է այն անթաքույց փաստը, որ այս նույն Մանուկյան Վազգենն անուշ-բարիշ աշխատում էր նախկին հանցագործ ավազակախմբի հետ գիրկընդխառն, իսկ ահա նոր իշխանության հետ աչքով աչք չունի, ինչը «քաջաբար եւ անձնազոհաբար» չի էլ թաքցնում։

Կարող էր, չէ՞, մի կաթիլ բարոյականություն (եթե գոնե այդքան մնացել է) դրսեւորել եւ հենց այն պահից, երբ հասկացավ, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը, հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է, դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին», դրանից անմիջապես րոպեներ անց դիմում գրել ու գնալ ազգին փրկելու այն նույն հանցագործների հետ ուս-ուսի, որոնց ձեռամբ էլ ինքը «նախագա» էր կարգվել հանրության գլխին։

Մեջբերումը հատված է այսօր ԶԼՄ-ներում տարածված ոչ անհայտ ակումբի հայտարարությունից, որի «նախագա»-ն նույնպես Վազգեն Մանուկյանն է։

Ակումբավարը վերոգրյալ հայտարարությամբ ձեռնոց է նետում հեղափոխությունից հետո վերջինիս կրկին «նախագա» կարգած, ավելին՝ «զոհի» շատ «պատվավոր» կարգավիճակ շնորհած Նիկոլ Փաշինյանին։

Ակումբավարը համաժողով է հրավիրում ընդդեմ նոր իշխանության եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի։ Ակումբավարի թիկունքն ապահովում են նախկին հանցագործ իշխանության ռեւանշիստները, որոնք օրուգիշեր սպառնում են ե՛ւ իշխանություններին, ե՛ւ իշխանությանը սատարող հանրությանը։ Սպառնում են՝ ընդհուպ ֆիզիկական բնաջնջման հեռանկարը թափահարելով նրանց դեմ, ովքեր սատարել են այս նույն Նիկոլ Փաշինյանի առաջնորդած պայքարին, որ օր առաջ ազատվեն ակումբավարի սիրելի եւ հանրությանն ատելի հանցագործ իշխանությունից։

Ակումբավարը չի էլ թաքցնում, որ ինքը թքած ունի հանրության կարծիքի, հանրության երազանքների, հանրության հույսերի վրա։

Ակումբավարը համագործակցում է ցանկացած սրիկայի հետ, ցանկացած վարկաբեկված արարածի հետ, ցանկացած քրեական հանցագործի հետ՝ ընդդեմ ե՛ւ հանրության, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի։

Ակումբավարը բացահայտորեն խախտում է Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ Հանրային խորհրդի «նախագա»-ն իրավունք չունի քիթը խոթելու քաղաքականության մեջ, բայց ահա այս «նախագա»-ն, չբավարարվելով անհասկանալի հիմնավորմամբ նոր իշխանության օրոք կրկին ՀԽ նախագահ կոչեցյալ ձրիակերի աթոռով, բացում է նաեւ ինչ-որ որջ եւ պայքարում այդ նույն իշխանության դեմ։

Եվ ի՞նչ։

Ոչինչ։

Մինչ այս պահը Մանուկյան Վազգենը շարունակում է բազմած մնալ Հանրային խորհրդի նախագահի աթոռին։

Ինքն սպասում է Փաշինյանի ուղիղ խոսքին ու շարունակում սնվել հանրության հարկերի հաշվին՝ պայքարելով այդ նույն հանրության դեմ։

Փաշինյանն էլ չի ասում ու չի ասում այդ ուղիղ խոսքը։

Երեւի չի ուզում մի անգամ «զոհաբերվածին» երկրորդ անգամ էլ «զոհաբերել»։

Սպասում է՝ իրե՞ն «զոհաբերեն» ակումբավարները։

Եսի՞մ։

Անտրամաբանական բա՞ն ասացի։

Իսկ վերոգրյալ դեպքերի ընթացքի մեջ տրամաբանության հատիկ տեսա՞ք։