04.11.2019 16:06

Արսեն Գրիգորյան. Տեղո՞ւմ է ԱԺ-ն

Արսեն Գրիգորյան. Տեղո՞ւմ է ԱԺ-ն

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հերթական պարզաբանումն է ներկայացնում, թե ինչպես լուծել ՍԴ ճգնաժամը։ Նա մեծ դեր է վերապահում ԱԺ-ին։ Էլ ո՞ւմ վերապահի, եթե ճանապարհն օրինական է։ ԱԺ-ն դիմադրում է։ Այդպես էլ ասում են՝ դա էդքան հեշտ չէ, մեզ պետք է մի լուծում, որ 15 տարի հետո չգա մեկ այլ իշխանություն ու սահմանի իր կանոնները։ 

Վահե Գրիգորյանն ասում է՝ ոչ, մեզ պետք է մի լուծում, որն անշրջելի կդարձնի ՍԴ լեգիտիմությունը։ Նույն բանն են ասում, բայց ԱԺ-ն հավանաբար ուզում է, որ իր նշանակությունն ավելի ընդգծվի, քան պետք է։ Վահե Գրիգորյանը պարզ է ասում՝ ընտրեք դատավորներ, սա ամենակարճ ճանապարհն է։ ԱԺ-ն սա գիտի, բայց այս ճանապարհը նրան շատ հեշտ է թվում։ Եվ այսքանով հանդերձ՝ ՍԴ գործունեությանն իրավաքաղաքական գնահատական տալու մասին էլ չի մտածում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ամեն օր ամեն առիթով  նրանք տալիս են այդ գնահատականը։ ԱՄՆ 49 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց պետությունը չի ճանաչել։ Հետո՞ ինչ, որ իշխանական բոլոր պատգամավորներն իրենց իրավաքաղաքական գնահատականը տվել են։ ԱԺ-ն այդ գնահատականը չի տվել։ Իսկ քանի դեռ չի տվել, ի՞նչ գիտի, թե ինչ պետք է անել։ Եթե միանգամից չես անցնում ՍԴ դատավորներ առաջադրելուն։ 

Ուրեմն ի՞նչ անել։ Եվ ինչո՞ւ նրանց պետք է ճանապարհներ հուշի ՍԴ դատավորը։ Ամեն ինչ ավելի քան պարզ է՝ կամ ԱԺ-ն ֆիքսում է, որ ուզում է լուծել ՍԴ խնդիրը, կամ հայտարարում  է, որ խնդիր չկա։ Բայց դա պիտի անի ԱԺ-ն, ոչ թե առանձին վերցրած 88 պատգամավոր։ Եվ ինչքան ուշացվի լուծումը, այնքան ճանապարհներն ավելի խուճուճ են լինելու լուծումը գտնելու։ Ես չգիտեմ, գուցե ԱԺ-ին այս իրավիճակը ձեռք է տալիս, բայց ես չգիտեմ, թե այս իրավիճակը, որում նույնիսկ ստատուս քվոն ֆիքսված չէ, ինչո՞վ է մեծացնում ԱԺ-ի դերը։ Ինչո՞ւ են նրանք մտահոգ 15 տարի հետո լինելիքով, եթե իրավաքաղաքական իմաստով  մինչեւ հիմա պարզ չէ, թե ինչ իրավիճակում է ՍԴ-ն։ Հապաղումը միայն երկարացնում է միջազգային կառույցների լեզուն։ Մինչդեռ Վենետիկը մի կերպ ասաց այն, ինչ ուզում էինք լսել՝ Հայաստանի պարագան բացառիկ է, այսինքն՝ տալիս ենք այդ քարտ բլանշը։ Իսկ եթե չէ՞ր տալիս։ Ի վերջո, ի՞նչն է ձգձգում ԱԺ-ն, ինչո՞ւ է այն ՍԴ ճգնաժամը փաթաթել դատաիրավական բարեփոխումների վզին, եթե «Հայաստանի պարագան բացառիկ է»։ 

Արդեն իսկ պարզ է, որ հեղափոխությունից ավելի քան տարիուկես հետո հին իշխանությունն ունի «խաղադաշտ», որտեղ «մարզվում է»։ Սրա համար ո՞վ է պատասխան տալու, եթե վաղը պարզվեց, որ այդ «մարզադաշտը» անձեռնմխելի է։ Ինչո՞ւ հեղափոխությունը չի թելադրում իր  գործիքները։ Ինչո՞ ւ է իշխանությունը դադարել խոսել հեղափոխության բառապաշարով, եթե  հեղափոխությունն ավարտված չէ։ Եթե Վահե Գրիգորյանի առաջարկած տարբերակը լինելիք չէ, ինչո՞ւ է իշխանությունը, առանց դա ֆիքսելու, զուգահեռ լուծումներ առաջարկում՝ շփոթեցնելով հանրությանը։ Ո՞վ է պատասխանելու այս հարցերին։ Ամեն ինչից դատելով՝  պատասխան տվողը Աժ-ն չէ։ Եթե նա լիներ, վաղուց կտար։ Հետեւաբար՝ ի՞նչ՝ ԱԺ-ն իր տեղում չէ՞։