04.11.2019 17:35

Լիզա Ճաղարյան. Չոլերն ընկած ծաղրում են «հերոսին»

Լիզա Ճաղարյան. Չոլերն ընկած ծաղրում են «հերոսին»

Գլխավոր մեղադրյալի աջակից կոչեցյալները մայրաքաղաքում մի կուշտ ծաղրեցին իրենց «հերոսին»՝ քսանից հիսուն հոգով «հուժկու» ցույցեր, նստացույցեր ու երթեր անելով (պաստառները ցուցարարներից կրկնակի-եռակի շատ էին. Քոչարյանի փողին մուննաթ), հիմա էլ սկսել են մարզերում հրապարակային պարսավանքի ենթարկել իրենց ստնտուին։

Հայաստանը, այսպես ասենք՝ մեծ երկիր չի։ Մի քիչ որ չափն անցած հետաքրքրասեր լինենք, բոլորս բոլորիս կճանաչենք, վերջում էլ կպարզվի՝ էդ բոլորս իրար բարեկամ կամ ազգական ենք, եւ լուրերը կայծակնային արագությամբ են տարածվում։

Ինչի՞ վրա են հույս դրել այս «հերոսապաշտները»՝ «ստորագրահավաք» կոչված թամաշան ձեռնարկելով։

Իրենք մեզանից լավ գիտեն, որ էն գլխից դատապարտված է իրենց այս նախաձեռնությունը։

Գիտեն, որ հանրության շրջանում որքա՛ն վարկաբեկված են իրենք եւ իրենց թեւ տվող հատուկենտ քաղաքական վայ գործիչները, նույնքան եւ ավելի կամ պակաս հատուկենտ վարկաբեկվածներ են «քերելու» ողջ Հայաստանը ոտնատակ տալուց հետո։

Գիտեն, որ որքան էլ ռոբասերժական կայքերը փորձեն «գեղամիջում» հավաքվածներին «հերոսի» աջակիցների «հովանու ներքո» ներկայացնել, նման կեղծիքները զանազանելու գործում վարպետացած հասարակությունը հասկանալու է, որ իր աչքի տեսածն էժանագին ձեռնածություն է։ Եվ վերջապես՝ հո միայն «հերոսի» աջակիցնե՞րը չեն շփվում մարզերի բնակիչների հետ ու տեղեկություններ ստանում, թե ինչ նվաստացուցիչ ու ողորմելի է ընթանում քոչարյանական «հաղթարշավը» մարզից մարզ։

Գիտեն նաեւ, որ եթե նույնիսկ հրաշք պատահի, ու Հայաստանի քաղաքացիներն իրար տրորելով ուզենան անպայման ստորագրել Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջի տակ, միեւնույն է՝ ստորագրություններով մեղադրյալի ձեռնաշղթան չեն հանում, դատարա՛նն է վճռում՝ մեղավոր է, թե մեղավոր չէ ամբաստանյալի աթոռին հայտնվածը։

Հնարավո՞ր է, որ Քոչարյանի ազատազրկումն իրոք «վենդետա յա՜, վենդետա յա՜», եւ գլխավոր մեղադրյալն անմեղ է ու վրեժխնդրության զոհ։ Ենթադրենք՝ այս հեքիաթն էլ է հնարավոր։ Բայց հո չե՞ն մոռացել «հերոսի» անձնազոհ եւ անշահախնդիր աջակիցները, որ պատվեր կատարող դատարանը եթե գլխավոր մեղադրյալի նկատմամբ անարդար դատավճիռ կայացնի ու փակի բանտախցում, հեռուներում Եվրադատարան գոյություն ունի։ Այս նույն «վենդետայի անմեղ զոհը» կարող է իր մի գումարտակ պաշտպանների հետ միասին դիմել հենց այն նույն Եվրադատարան, որին դիմում էին «գերակա շահի» զոհերն ու 2008-ի հարյուրավոր քաղբանտարկյալները։ Դիմի ու սպասի։ Սպասի, թե քանի տարի հետո այդ նույն Եվրադատարանը կվճռի, թե քանի եվրոյանոց պատիժ սահմանի Քոչարյանի դեմ այդ «37 թվից չտարբերվող» դատավճիռը կայացնող պետության դեմ։ «Հերոս» է, բայց հո իր արյունն ավելի քաղցր չի՞ իր եւ իր նմանակի օրոք հանցանք չգործած եւ բանտախցերում արդար դատավճռի սպասողների արյունից։

  Չէ, սա է՛դ դեպքը չի։ Գլխավոր մեղադրյալը տալիս է ու պահանջում իր տվածի չափով։ Գլխավոր մեղադրյալը պահանջում է՝ ոնց ուզում եք, ինչ ուզում եք արեք, երկինք թռեք՝ իջեք ներքեւ, գլուխներդ պատին խփեք, գետնին խփեք ու հանեք ինձ էստեղից։

Դե՛, աջակիցներն էլ ուրիշ ճանապարհ չեն տեսնում։ Տվածը չվերցնել չեն կարող՝ սովոր են։ Մի անգամ գայթակղվողը գայթակղված է ընդմիշտ՝ մինչեւ մահ-գերեզման։

Ու ընկել են չոլերը։ Ստորագրություն են մուրում։ Գիտեն, որ «վարչապետացու» Անի Զախարյանից մի քանի ստորագրություն էս կողմ-էն կողմ են հավաքելու։

Գիտեն, որ սա Հայաստանն է, որտեղ «հերոսի» հրաշագործությունների դիմաց «ուտող-ուրացողների» մի հսկայական բանակ է կանգնած։

Գիտեն, որ այս «հաղթարշավով» առավել ցայտուն են դարձնում իրենց «անմեղի» պարտությունը եւ մերժվածությունը։

Բայց ճար չունեն։

Մի բան պետք է անեն, որ գլխավոր մեղադրյալը «չնյարդանա» ու չասի՝ հո էսքան չեմ կուտակել, որ ձրիակերներ պահեմ։

Դե՛, իրենք էլ ձգում ու ձգում են ժողթատրոնի մակարդակի պայքարի  թամաշայի թելը։

Որտեղ կկտրվի՝ կկտրվի։