05.11.2019 10:20

ԼՂ հարց. երբ բոլորը խուսափում են բաց խոսակցությունից

ԼՂ հարց. երբ բոլորը խուսափում են բաց խոսակցությունից

Ֆեյսբուքյան իր վերջին ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրի հարցով բանակցություններին եւ, մասնավորապես, վերահաստատել է նախկինում հնչեցրած իր տեսակետը՝ նշելով. «Երբ բանակցային գործընթացում կձևակերպվի մի այնպիսի լուծում, մի այնպիսի առաջարկ, որը,ես կարող եմ համարել, ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, ես այդ լուծման վերաբերյալ առաջարկը կներկայացնեմ մեր ժողովրդին, դրա շուրջ մենք համազգային քննարկում կունենանք, և որոշումները պետք է կայացվեն համազգային ֆորմատով՝ ինչ-որ առումով: Համազգային ֆորմատի տարբեր տարբերակներ կան։ Եթե անհրաժեշտ լինի՝ կարելի է նաև հանրաքվե անցկացնել, կարելի է չանցկացնել»։

Հանրաքվեի ինստիտուտն ինքնին շատ կարեւոր է, եւ այո, կան ծառացած բազմաթիվ հարցեր, որոնց պարագայում հանրաքվեն կարելի կլինի համարել լուծման միակ, վերջին լեգիտիմ տարբերակը:

Այլ է հանրաքվեի հարցը ԼՂ հիմնախնդրի պարագայում: Հաշվի առնելով ստորեւ շարադրված որոշ հանգամանքներ՝ այն կարող է խնդրահարույց դառնալ:

Որոնք են այդ «որոշ հանգամանքները»

ԼՂ հարցում մենք այսօր գործ ունենք ժառանգություն մնացած քարոզչական մեծ կեղծիքի հետ, որը երբեք թույլ չի տալու կարգավորել հիմնախնդիրը, կամ այն կարգավորել այնպես, որ գոհացնի բոլորին: Առաջին հերթին պետք է չեզոքացնել այդ կեղծիքը, որպեսզի մեկընդմիշտ վերջ դրվի ներքաղաքական հարցերում կամ արտաքին քաղաքական նախասիրություններից ելնելով՝ սեփական օրակարգը հրապարակ բերելու համար հիմնախնդիրը որպես մանրադրամ օգտագործելու պրակտիկային: Ավելին, ոչ միայն այդ պրակտիկային պետք է վերջ դրվի, այլեւ քաղաքական կյանքից պիտի դուրս մնան բոլոր նրանք, ովքեր հետայսու էլ կփորձեն ներքաղաքական կամ, առավելեւս՝ արտաքին քաղաքական նախասիրությունների դրդմամբ շահարկել ԼՂ հիմնախնդիրը:

Քանի դեռ քաղաքական դաշտում վերացված չէ վտանգավոր քարոզչական այս ժառանգությունը, ԼՂ հիմնախնդիրը ոչ միայն չի կարգավորվելու, այլեւ մի քանի քաղաքական ուժերի կամ գործիչների համար շարունակելու է մնալ հարմար խոպան հող, որտեղ կարելի է լինելու պատմությունը խեղաթյուրելով՝ ցանկացած եսակենտրոն քաղաքական դիսկուրս ու ծրագիր ցանել, եւ դա մեզ ոչ միայն հեռացնելու է հնարավոր կարգավորումից, այլեւ  թույլ չի տալու իրականցնել կարգավորման մեր պատկերացումների մասին ադեկվատ քննարկում, բայց որ ավելի վտանգավոր է՝ այդ վտանգավոր միտումը իրականում ինչպես որ նախկինում է վնասել, շարունակելու է վնասել ԼՂ հիմնախնդրի հարցում մեր դիրքերին: Եւ այդ վնասները գնալով ավելի վտանգավոր են դառնալու:

Իսկ ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունների մասին տեղեկատվությունը դրվեց կեղծիքի ռելսերի վրա:

Խնդիր համար 1. Կեղծիք

1998-ի իշխանափոխություն իրականացնողները հրապարակավ հայտարարում էին, թե այն տեղի է ունենում ԼՂ հիմնախնդրի կարգավորման տարբերակների շուրջ անհամաձայնության հողի վրա: Մինչ այդ, իշխանությունները, ինչպես գիտենք, բավականին բաց խոսում էին թե՛ հիմնախնդրի կարգավորման իրենց տեսլականի եւ պատկերացումների մասին, թե՛ բանակցային սեղանին եղած կարգավորման տարբերակների մասին:

Մի կողմ ենք թողնում որեւէ տարբերակի լավ կամ վատ լինելը, որեւէ մեկի սրտով լինել-չլինելը:  Մենք քնարկում ենք այն հարցը, թե ինչպես էր բանակցային գործընթացը ներկայացվում հանրությանը, եւ փաստն այն է, որ մինչեւ 1998-ը այդ քաղաքականությունը բաց էր:

Հետո եկան այլ անձինք, որոնք ասացին՝  դուք հողերը տալիս եք, իսկ մենք, ահա, ավելի լավ տարբերակներով լուծում կբերենք: Բայց ասելուց եւ իշխանության գալուց հետո տեղի ունեցավ ամենասարսափելին՝  բանակցային գործընթացի բովանդակությունը կամաց-կամաց դադարեց լինել  բաց քննարկումների առարկա: Ստեղծվեց զուգահեռ իրականություն. մեկում ընթանում էին բուն բանակցությունները, մյուսում հանրությանը ներկայացնում էին դրանց վերաբերյալ սուբյեկտիվ մեկնաբանություններ միայն: Ու էական չէ, որ այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղին արդեն որպես հակամարտության կողմ գրավոր որեւէ բանակցային առաջարկ չէր ներկայացվում, էական չէ, որ Ստեփանակերտը դուրս էր մնացել բանակցություններից, էական չէ, որ գնալով՝ քննարկվող փաստաթղթերը բովանդակային առումով շատ ավելի խոցելի էին դառնում: Կարեւորը մեկնաբանություններն էին: Այդ ամենը դարձավ ոչ էական, որովհետեւ մեզ այլեւս բովանդակություն չէր հրամցվում, այլ՝ դրա մասին իշխանական քարոզիչների մեկնաբանությունները: Այդպես ծնվեցին՝ «հողերը տվողներ-հողերը պահողներ», «Արցախը ծախելու» մասին միֆերը: Դա անհրաժեշտ, խիստ անհրաժեշտ էր նախկիններին, որովհետեւ միայն այդպես կարող էին փորձ անել ներքաղաքական դաշտում թուլացնել իրենց ընդդիմախոսներին՝ ԼՂ հիմնախնդիրը պատրվակ օգտագործելով՝ երկարացնել սեփական իշխանությունը:

Ընդ որում, սա արվում էր անդադար, ագրեսիվ, եւ միայն մեկ նպատակով՝ որպեսզի հանրությունը բովանդակային քննարկման մեջ չմտնի, հարց տալու ու մտածելու ժամանակ չունենա, որովհետեւ հակառակ դեպքում պիտի ցավոտ հարցեր տար, որ՝ եթե դուք հող պահող եք, բա ինչո՞ւ ձեր կողմից համաձայնեցված փաստաթղթերով եւս նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքները համաձայնել եք վերադարձնել:

Փաստն այն է, որ կարգավորման բոլոր պլաններում եղել է տարածքների միջոցով փոխզիջումային լուծում գտնելու տարբերակը: Լավ է սա, թե վատ՝ մի կողմ ենք թողնում: Բայց փաստն այն է, որ տարածքների հարց ՄԻՇՏ քննարկվել է: Հետեւաբար, Հայաստանում եւ Արցախում իշխանության եղած որեւէ ղեկավար եթե հայտարարում է, թե ինքը, իրենց բառապաշարով ասած՝ «հող տվող չէ», ստում է: Փոխվել է այս ընթացքում միայն կարգավիճակի շուտ քննարկման սխեման: Եթե առաջին՝ փուլային տարբերակով կարգավիճակի հարցը թողնում էին հետագա եռակողմ բանակցություններին, եւ փաստացի դեռ ուժի մեջ էր մնում 1991 թվականի հանրաքվեն, ապա մյուս բոլոր տարբերակներով՝ 91-ի հանրաքվեն փաստացի դառնում էր առոչինչ, եւ կարգավիճակի հարցը պիտի երկկողմ բանակցությունների արդյունքում հետագայում՝ առանց ժամանակային հստակեցումների, լուծվեր նոր հանրաքվեով, սակայն, ավելի նվազ տարածքներում, քանի որ ներկայում Ադրբեջանի իրավազորության տակ գտնվող Շահումյանի շրջանը (որտեղ 91-ին հանրաքվե է անցկացվել) արդեն վաղուց բանակցությունների թեմա չէ:

Խնդիր համար 2. Նախընտրական շրջանում՝ ոչինչ ԼՂ հարցի մասին

Վերջին ավելի քան 20 տարիների քաղաքական դեգրադացիան հասցրել է նրան, որ ԼՂ հիմնախնդրի թեման ոչ միայն լուծվում էր զուգահեռ՝ մեզ համար անտեսանելի իրականության մոտ՝ քաղաքական սակավաթիվ էլիտայի իմացությամբ եւ որոշմամբ, այլեւ նրան, որ այն փաստացի դուրս էր եւ է մնացել նաեւ ներքաղաքական քննարկումներից, եւ հատկապես՝ նախընտրական ժամանակահատվածներում: Այո, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ նախընտրական հատվածներում կազմակերպվել են հարյուրավոր քննարկումներ, հարցազրույցներ, ասուլիսներ, տպագրվել են տասնյակ նախընտրական ծրագրեր, բայց դրանցում 99 տոկոսով որեւէ բովանդակային կոնցեպտուալ լուծման պատկերացումներ չեն ներկայացվել: Դրանք եղել են կենացների եւ լավ ցանկությունների մակարդակի տեքստեր՝ համեմված պոպուլիզմով եւ պաթոսով: Պատճառն էլ եղել է բավականին տրիվիալ. քաղաքական ուժերի գերակշիռ մասը վստահ է եղել, որ իրենք, միեւնույն է, երբեք իշխանության չեն գա, իշխանության պատասխանատվություն չեն ունենալու, եւ հետեւաբար՝ կարելի է այդ մասին խոսել ցանկացած բան, միեւնույն է՝ չի գա այն օրը, երբ իրենք ստիպված պիտի լինեն այդ խոստումները կյանքի կոչել: Իսկ քաղաքական դաշտի մյուս՝ փոքրաթիվ մասը զբաղված է եղել պարզ աճպարարությամբ, ասել է մի բան՝ շատ լավ իմանալով, որ իրականում բանակցային գործընթացում լիովին այլ բան  է տեղի ունենում: Բայց այդ սուտը պետք էր ասել՝ քաղաքական հակառակորդներին պիտակավորելու եւ նրանց քաղաքական կյանքից հեռու պահելու համար:

Մինչդեռ ամեն բան այլ պիտի լիներ՝ մարդիկ պիտի իմանային, թե որ գործիչը, որ քաղաքական ուժերը ինչ մոտեցում ունեն Հայաստանի առջեւ ծառացած ամենակարեւոր եւ ամենածանր այս խնդրի մասին եւ ինչպես են պատկերացնում դրա լուծումը: Որպեսզի հասարակությունը հստակ իմանա, թե ում է մանդատ տալիս այս խնդրի լուծման համար:

Բայց քանի որ դա չի եղել, ապա ստացել ենք այն, ինչ կար. դիցուք ՝ Սերժ Սարգսյանը 2008- ին հայտարարում էր, թե իր ընդդիմախոսները գալիս են Արցախը ծախելու, 2011 թվականին պատրաստ էր ստորագրել Կազանյան պլանը, 2016-ին հայտարարում էր, որ Կազանյան թղթով հայկական ուժերը պիտի դուրս գային «օկուպացված 7 շրջաններից», բայց Սարգսյանի կուսակից պատգամավորները շարունակում էին այլ քաղաքական ուժերին մեղադրել հողերը տալու մեջ, իսկ իրենց էլ հռչակում էին հող պահողներ: Բա եթե սա աբսուրդ չէ, բա ի՞նչ է:

Խնդիր համար 3. Հանրությունը ոչինչ չգիտի

Մենք, իհարկե, տեսականորեն կարող ենք մի օր ազգովի որոշել, որ բանակցային այս տարբերակները այլեւս անընդունելի են մեզ համար, հերոսաբար ցտեսություն ասել բոլոր միջնորդներին էլ, գերտերություններին էլ, ու հայտարարել, որ գնումե նք վա-բանկ՝ կամ այսպես, կամ այնպես: Բայց դա լիովին այլ հարց է, մեր քննարկման թեմայի հետ որեւէ կապ չունի, քանի որ մենք այս նյութով չենք փորձում ստանալ «ինչպես պետք է կարգավորվի ԼՂ հիմնախնդիրը» հարցի պատասխանը: Հարցն այն է, որ անկախ տարբերակների բովանդակությունից, մենք միշտ պիտի հասկանանք, թե կարգավորման այս կամ այն տարեբրակն ինչ առավելություն եւ վտանգներ ունի, այս կամ այն մոտեցումն ինչ հետեւանքներ կարող է ունենալ, եւ գիտակցված որոշումներ կայացնել:

Այսինքն, որեւէ, նույնիսկ ամենախելահեղ որոշում կայացնելու համար մենք պիտի իմանանք ճշմարտությունը, եւ հետեւաբար՝ ուղղակի պարտավոր ենք խելքի բերել, այսպես ասած՝ բանակցային ինֆորմացիոն բազան:

Մենք չենք կարող որեւէ պետականամետ որոշում ընդունել, եթե ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում մեր հանրության ինֆորմացիոն բազան կառուցված է կեղծիքի վրա: Հանրությունը չի կարող նույնիսկ ամենածայրահեղ անհրաժեշտ հանրաքվեի պարագայում ճիշտ որոշում կայացնել, եթե նա կարծում է, թե կարգավորման մի պլանով Արցախը ծախվում էր, մյուսով՝ ճանաչվում է Արցախը ներկա բոլոր տարածքներով:

Հետեւաբար, քանի դեռ վերը նշված խնդրահարույց իրողությունները չեն վերացվել, ապա կեղծիքի վրա հիմնված ինֆորմացիոն բազա ունեցող հանրության շրջանում ԼՂ հարցով ցանկացած հանրաքվե դառնալու է պետության տակ դրված ռումբ՝ իր բոլոր կործանարար հետեւանքներով: 

Ինչ վերաբերում է այս խոչընդոտները հաղթահարելուն, ապա այստեղ առաջնային եւ առանցքային դերը տրված է իշխանությանը: Նա պիտի ցուցաբերի շահագրգռություն եւ հետեւողականություն՝ Ղարաբաղյան պրոբլեմատիկան կեղծիքազերծելու եւ առողջ քաղաքական բանավաճեց ծավալելու ուղղությամբ:

Քրիստինե Խանումյան