06.11.2019 13:27

Ջոնսոնը ընդդիմության առաջնորդին համեմատել է Ստալինի հետ

Ջոնսոնը ընդդիմության առաջնորդին համեմատել է Ստալինի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին համեմատել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հետ: Այդ մասին Պահպանողական կուսակցության առաջնորդը գրել է The Daily Telegraph թերթում հրապարակված հոդվածում:

«Այսօրվա Լեյբորիստական կուսակցության ողբերգությունը Ջերեմի Քորբինի օրոք այն է, որ նրանք ներքուստ այնքան են ատում շահույթ ստանալու ձգտումը, որ կխորտակեն երկրի բարգավաճման հիմքերը: Նրանք ձևացնում են, թե իրենց ատելությունն ուղղված է միայն ինչ-որ որոշակի միլիարդատերերի դեմ, և նրանք մարդկանց մատնացույց են անում այնպիսի վրեժխնդրությամբ ու հաճույքով, ինչը չի եղել  այն ժամանակներից, երբ Ստալինը հետապնդում էր կուլակներին»,- գրել է Ջոնսոնը:

Ջոնսոնի հոդվածը հրապարակվել է համապետական նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրը: Տեղական ժամանակով կեսգիշերին արձակվել է խորհրդարանը, իսկ Ջոնսոնն էլ նոյեմբերի 6-ին ընդունելության է լինելու պետության ղեկավարի՝ Եղիսաբեթ II-ի մոտ և պաշտոնապես հայտարարելու է քարոզարշավի մեկնարկը: Դեկտեմբերի 12-ին կայանալիք ընտրությունների արդյունքում կձևավորվի խորհրդարանի Համայնքների պալատի կազմը, իսկ այն կուսակցությունը, որը մեծամասնություն կստանա, կառավարություն ձևավորելու իրավունք կունենա:

Փոխանցում է tass.ru-ն: