07.11.2019 10:00

30 տարի առաջ․ Հայոց Համազգային Շարժման հիմնադիր համագումարը (Մաս 2)

30 տարի առաջ․ Հայոց Համազգային Շարժման հիմնադիր համագումարը (Մաս 2)
Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի

30 տարի առաջ՝ 1989թ. նոյեմբերի 4-ից 7-ը, իր փաստական կազմավորումից ավելի քան մեկ տարի անց, տեղի ունեցավ Հայոց Համազգային Շարժման հիմնադիր համագումարը։ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման հիմքի վրա ստեղծվեց մի քաղաքական ուժ, որին վիճակվելու էր անկյունաքարային դերակատարություն ունենալ կոմունիստական 70-ամյա բռնապետության տապալման, Հայաստանի անկախության ձեռքբերման, պետական համակարգի կայացման, Լեռնային Ղարաբաղի փրկության եւ անվտանգության ապահովման, պարտադրված պատերազմում զինական հաղթանակների, ժողովրդավարության հաստատման գործում։ Այս առիթով հատվածաբար մեր ընթերցողին ենք ներկայացնում պատմաբան Աշոտ Սարգսյանի «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» (Երեւան, «Անտարես», 2018, 640 էջ) գրքի՝ ՀՀՇ հիմնադիր համագումարին վերաբերող գլուխը։

(Մաս առաջին

Մաս երկրորդ

գ) Համագումարի պատվիրակները

Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը մեծ հնչեղություն ունեցող կարեւորագույն միջոցառում էր քաղաքական կյանքում։ Համագումարին ՀՀՇ-ն միայն շրջանային տարածքային կառույցներով չէր ներկայանում։ Համագումարին պատվիրակներ էին ուղարկել նաեւ Շարժման՝ տարբեր ձեռնարկությունների, հիմնարկների ՀՀՇ կազմակերպությունները (որոնց մի մասը շրջանային կառույցների կարգավիճակ ուներ), այդ թվում՝ Գիտությունների ակադեմիայի նախագահությունը, ԳԱ համակարգի գիտահետազոտական ինստիտուտները, Բյուրականի աստղադիտարանը, Մատենադարանը, Գրողների միությունը, Կինեմատոգրաֆիստների եւ մյուս ստեղծագործական միությունները, Երեւանի պետական համալսարանը եւ մյուս բուհերը՝ հաճախ նաեւ առանձին ֆակուլտետների մակարդակով, գրանցված ու չգրանցված տասնյակ հասարակական կազմակերպություններ։

Հայոց համազգային շարժման՝ 1988թ. օգոստոսին հրապարակված ծրագրային փաստաթղթի «Կազմակերպական ձեւերը» բաժնում նախատեսված էին կազմակերպության կառուցվածքը եւ անդամության ձեւերը։  Կազմակերպությանը կարելի էր անդամակցել միայն որպես կոլեկտիվ անդամ։ Յուրաքանչյուր հիմնարկ կամ ձեռնարկություն աշխատակիցների ժողովում պետք է քննարկեր առաջարկված ծրագիրը, եւ այն ընդունողներն իրենց հայտարարեին ՀՀՇ կոլեկտիվ անդամ ու տեղյակ պահեին «Ղարաբաղ» կոմիտեի (որն այս դեպքում հանդես էր գալիս որպես նախաձեռնող խումբ) ներկայացուցչին։ Կոլեկտիվ անդամներն, իրենց հերթին, կարող էին միավորվել միությունների մեջ՝ տարածքային կամ ճյուղային սկզբունքով։ ՀՀՇ կոլեկտիվ անդամ դառնալու հայտ կարող էին ներկայացնել նաեւ արդեն գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող հասարակական եւ ոչ պաշտոնական կազմակերպությունները։ Որեւէ մեկի հայտը մերժելու հիմք կամ մեխանիզմ չէր էլ նախատեսված։ Անհատները կարող էին անդամագրվել միայն կոլեկտիվ անդամ հանդիսացող կազմակերպությունների միջոցով։ Նույնը կարելի էր անել նաեւ Հայաստանից դուրս՝ հայաբնակ վայրերում։ Որեւէ սահմանափակում կամ չափանիշ, որը անհրաժեշտ էր բավարարել (բացի ՀՀՇ Ծրագիրն ընդունելու մասին հայտարարությունից), ըստ էության՝ չկար։ Ընդ որում՝ որեւէ անհատ կամ կազմակերպություն ազատ էր ինքը որոշելու իր գործունեությունը, իր մասնակցության ձեւն ու չափը։ Այսինքն՝ տեսականորեն ամբողջ ժողովուրդը, եւ ոչ  միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս ապրող հայությունը, կարող էր իրեն հայտարարել մի կազմակերպության անդամ, եւ ՀՀՇ‑ն կարող էր նույնանալ հայ ազգի հետ։ Սա, անշուշտ, ծայրահեղություն էր, որպես այդպիսին վտանգավոր՝ ձախողելու համար որեւէ կազմակերպության ստեղծման ամեն մի գաղափար եւ ձեռնարկում[i]։

Բնական է, որ Շարժման եւ նրա հիմնական քաղաքական նպատակների դեմ աշխատող ուժերը պետք է ամեն կերպ աշխատեին օգտագործել այս հիանալի հնարավորությունը։ Ընդ որում՝ նրանք կարող էին հանդես գալ եւ՛ «ավելի հայրենասիրական», եւ՛ «ավելի ազգային», ե՛ւ ավելի արմատական կարգախոսներով ու կոչերով, կարող էին լինել միաժամանակ ե՛ւ ՀՀՇ‑ի, ե՛ւ կոմկուսի, ե՛ւ ցանկացած այլ կազմակերպության անդամ, նույնիսկ ՊԱԿ‑ի աշխատակից եւ այլն։ Շարժման ղեկավարման նախաձեռնությունը խլելու՝ սեպտեմբերյան անհաջող փորձից հետո («մտավորականների համաժողով») այս հիմքի վրա առկա էր նույն փորձը հենց ՀՀՇ համագումարում նորից կրկնելու հնարավորություն։ Կարող էր հավաքվել պատվիրակների այնպիսի կազմ, որը մեծամասնությամբ մերժեր հիմնական փաստաթղթերի ընդունումը։ Արդեն իսկ շրջանային կոնֆերանսներում պատվիրակների ընտրության ժամանակ այդ վտանգն ակնհայտ էր։ Դեռ մի կողմ թողած Շարժման ծպտված, չբացահայտված հակառակորդներին, նույնիսկ գործող կոմունիստ պաշտոնյաները դառնում էին համագումարի պատվիրակ։ Շատերին համակած նույն՝ «ազգային միասնության» չլքող պատրանքը պայմանավորում էր, որ ըստ «անձնական ավանդի»՝ համագումարի պատվիրակներ ընտրվեն կոմունիստական շրջկոմների եւ գործկոմների ղեկավար աշխատողներ, որոնք նույն Շարժման ճնշման տակ երբեւէ «մի քանի պարկ ալյուր էին ուղարկել Ղարաբաղ» եւ դա այժմ ներկայացնում էին որպես հզոր փաստարկ։ Մինչդեռ Շարժման իրական ավանդ ունեցող մասնակիցների զգալի մի մասը զրկվեց համագումարի մանդատից[ii]։ Պատվիրակների ձեւավորված կազմը հուշում էր, որ համագումարում կարող են նաեւ տհաճ անակնկալներ լինել։ Օրինակ՝ կարող էր ձախողվել Ծրագրի եւ Կանոնադրության ընդունումը, կամ՝ ՀՀՇ ղեկավար մարմնում մեծամասնություն կարող էին կազմել նրանք, ովքեր իրականում դեմ էին Շարժման հռչակած հիմնական սկզբունքներին եւ նպատակներին։

Առաջին անգամն էր, որ Շարժումն իր կարեւոր միջոցառումն անց էր կացնում «չորս պատերի մեջ», որտեղ, բնականաբար, տեղը սահմանափակ պետք է լիներ։ Լուրջ խնդիր առաջացավ նաեւ հրավիրվածների հարցում։ Դահլիճում հրավիրվածների համար նախատեսված ֆիզիկապես հնարավոր 300 տեղի պայմաններում ներկայացված էր հրավիրատոմս ստանալու մոտ 10000 հայտ։  Եւ առաջին անգամ բոլոր արժանիները, առավել եւս՝ ցանկացողները, չէին կարողանալու մասնակցել երկար սպասված կարեւոր այդ միջոցառմանը։

դ) Համագումարի ընթացքը եւ ընդունած որոշումները

Հայոց համազգային շարժման առաջին համագումարը, որին մասնակցում էր 1400 պատվիրակ, աշխատանքները սկսեց նոյեմբերի 4‑ին Ստ. Շահումյանի անունը կրող  պալատում (հետագայում՝ Ամերիկյան համալսարանի շենք)։ Նույն օրը հրատարակվեց եւ բաժանվեց Շարժման «Հայք» թերթի առաջին համարը[iii]՝ պարունակելով նաեւ կազմակերպության Ծրագրի եւ Կանոնադրության վերամշակված նախագիծը[iv], որը պետք է քննարկվեր ու հաստատվեր համագումարում։

Համագումարին մասնակցելու պաշտոնական հրավեր էին ստացել Խորհրդային  հանրապետությունների, Մոսկվայի եւ Լենինգրադի ժողովրդական ճակատները, ժողովրդավար հայտնի գործիչներ, ներքին եւ արտաքին Սփյուռքի մշակութային եւ բարեգործական կազմակերպություններ, հայ համայնքներ, կուսակցությունները  եւ այլն։ Հետաքրքրությունը, ինչպես եւ սպասվում էր, չափազանց մեծ էր Խորհրդային Միության մեջ փաստորեն առաջին, ամենահուժկու, ամենազանգվածային, ամենակազմակերպված, ամենահեղինակավոր ժողովրդավարական շարժման առաջին համագումարի նկատմամբ, եւ շատերն էին եկել դրան մասնակցելու։

ՀՀՇ համագումարին հրավիրված էր նաեւ հանրապետության ղեկավարությունը։ Համագումարը ողջունեց Հայաստանի կոմկուսի ղեկավար Սուրեն Հարությունյանը։ Վերջինիս մտահոգությունը ոչ թե իր ունեցած հեղինակությունը եւ համարումը պահելն էր. դրանք 88‑ին եւ, մասնավորապես, 89‑ի առաջին կեսին Շարժման դեմ բացահայտ պայքարում վաղուց հատել էին բացասականի սահմանագիծը։ Նա պարզապես ստիպվա՛ծ էր ընդունել հրավերը՝ չբազմապատկելու համար իր նկատմամբ հասարակական դժգոհությունը։ Ավելին՝ համագումարի պահանջով դահլիճ ներկայացավ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ Վ. Մարգարյանցը՝ մանրակրկիտ հաշվետվություն տալու երկրի ներքին իրավիճակի եւ կառավարության աշխատանքների մասին, իսկ ապա համբերատար պատասխանեց պատվիրակների կոշտ հարցադրումներին։ Կառավարության ղեկավարն այդ բանն անում էր միայն իշխող Կոմունիստական կուսակցության համագումարներում։ Այս ամենը Հայոց համազգային շարժման կարեւորագույն այս միջոցառման քաղաքական կշռի մասին վկայող փաստեր էին։

Համագումարը ողջունեցին Լատվիայի, Հունգարիայի, Ֆրանսիայի, Լենինգրադի ներկայացուցիչները՝ արժեւորելով Հայկական ժողովրդավարական շարժումն ու նրա քաղաքական կառույցի գործունեությունը։

Եղան նաեւ մեղադրական ելույթներ, որոնց որակի ու մակարդակի մասին պատկերացում է տալիս այնպիսի մի մեղադրանք, ինչպես, օրինակ այն, որ «Ղարաբաղ» կոմիտեն Շարժումը «հրապարակներից տեղափոխեց պալատներ»։

Համագումարը երեք հարց ուներ լուծելու. Ծրագրի եւ Կանոնադրության ընդունում, ղեկավար մարմնի ընտրություն, բանաձեւերի ընդունում։

Հիմնական ելույթը Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լեւոն Տեր‑Պետրոսյանինն էր, որում վերլուծվում էր հայկական ժողովրդավարական շարժման անցած ուղին, ԽՍՀՄ ժողովրդավարական շարժումների եւ գործընթացների ետնախորքում գնահատում նրա տեղը եւ ամփոփում ձեռք բերված արդյունքները[v]։

Շարժման առաջին համագումարի օրակարգը խնդիրների շատ լայն շրջանակ էր ընդգրկում։ Ուստիեւ լիագումար նիստից հետո այն իր աշխատանքները շարունակեց մեկ տասնյակից ավելի հանձնախմբերում՝ Արցախի, աղետի գոտու, մարդու իրավունքների պաշտպանության, ներքին եւ արտաքին սփյուռքի հետ կապերի ամրապնդման, լեզվի եւ ազգային դպրոցի զարգացման, տնտեսական եւ հողային ռեֆորմի իրականացման, փախստականների տեղավորման, գոյապահպանության, սահմանադրական եւ ընտրական իրավունքի, ազգային‑ազատագրական եւ ժողովրդական շարժումների, հավատի եւ բարեգործության[vi]։ Հանձնաժողովների աշխատանքների արդյունքում ստեղծվեցին համապատասխան բանաձեւեր, որոնք եւ ընդունվեցին համագումարում։

Հիմնական հարցն, իհարկե, Ծրագրի եւ Կանոնադրության քննարկման եւ ընդունման խնդիրն էր, որի շուրջ էլ ծավալվեց բանավեճը, ապա համագումարը հանձնարարեց առաջարկները գրավոր ներկայացնել խմբագրական հանձնաժողովի քննարկմանը։ Առաջարկների հոսքը խմբագրական հանձնաժողով մինչեւ ուշ գիշեր չէր դադարում։ Դրանց տարօրինակորեն մեծ քանակությունը սկսեց հանձնաժողովի անդամների տարակուսանքը հարուցել։ Որքան էլ հասկանալի լիներ պատվիրակների շահագրգիռ ակտիվությունը, այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ դա մեծ մասամբ կազմակերպված էր՝ փաստաթղթի ընդունումը ձախողելու միտումով։

Ընտրվեց ղեկավար մարմին՝ Հայոց համազգային շարժման վարչություն։ Առաջին վարչությունն ուներ հետեւյալ կազմը. Երջանիկ Աբգարյան, Վիտյա Այվազյան, Լեւոն Անանիկյան, Բաբկեն Արարքցյան, Հրանտ Բագրատյան, Ալբերտ Բաղդասարյան, Աշոտ Բլեյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գեւորգյան, Վարդան Զուռնաչյան, Ավետիք Իշխանյան, Ռաֆայել Իշխանյան, Տեր‑Հուսիկ Լազարյան, Ալեքսան Հակոբյան, Սմբատ Հակոբյան, Հենրիկ Հովհաննիսյան, Արամ Հովհաննիսյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Արամ Մայիլյան, Վազգեն Մանուկյան, Աշոտ Մանուչարյան, Յուրի Մովսիսյան, Այդին Մորիկյան, Ռաֆայել Պապայան, Շահեն Պետրոսյան, Արշակ Սադոյան, Վազգեն Սարգսյան, Կտրիճ Սարդարյան, Հրաչիկ Սիմոնյան, Վանո Սիրադեղյան, Խաչիկ Ստամբոլցյան, Դավիթ Վարդանյան, Կամո Վարդանյան, Լեւոն Տեր‑Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան[vii]։ Հետեւելով «Ղարաբաղ» կոմիտեի՝ մինչ այդ իրեն արդարացրած ավանդույթին՝ ՀՀՇ վարչությունն առայժմ նախագահ չընտրեց, սակայն որոշ ժամանակ անց Հայոց համազգային շարժման վարչության նախագահ ընտրվեց Լեւոն Տեր‑Պետրոսյանը[viii]։

Շարունակելի



[i]    Իրավացի էր Ղարաբաղ կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանը, որ դա ժամանակին եղել է տուրք «ազգային միասնության պատրանքով տառապող զանգվածների պահանջին» (տե՛ս «Հայք», 25.03.1990։)։ Սակայն 1988-ի ամռանը, երբ դեռ հասարակական պատկերացումներում մինչեւ վերջ չէին սպառվել Լեռնային Ղարաբաղի խնդիրը ԽՍՀՄ պայմաններում ու նրա միջոցով լուծելու հնարավորությունները, այս հանգամանքն էական վտանգ չէր ներկայացնում, ավելին՝ ապահովում էր Շարժման զանգվածայնությունը եւ ուժը։ Մեկ տարի անց, երբ հիմնական հարցի լուծման այդ հնարավորությունը, ըստ էության, սպառվել էր, իսկ ներքաղաքական իրավիճակը՝ որակական փոփոխություններ կրել, «ազգային միասնության պատրանքը» իրոք դարձել էր հաջորդ քայլերի հիմնական խոչընդոտը։

[ii]    Տե՛ս «Հայք», 25.03.1990։ Ընդ որում՝ երբեմն Շարժման իրական մասնակիցներ ու գործիչներ համագումարի պատվիրակների մանդատները իշխանության ներկայացուցիչներին զիջելը համարում էին իրենց կողմից մեծահոգության եւ ինքնազոհողության դրսեւորում՝ հանուն նույն «ազգային միասնության» ապահովման։

[iii]   «Հայքը» պաշտոնապես գրանցվեց ավելի ուշ։

[iv]   Տե՛ս «Հայք», հ. 1, 04.11.1989։

[v]    Այն տպագրեց «Երեկոյան Երեւանը» (14.11.1989), սակայն ոչ որպես համագումարում հնչած ելույթ, այլ որպես հոդված։ Այս հանգամանքն է պատճառը, որ վերջին նախադասությունը՝ «Հայոց համազգային շարժման, համայն հայության խնդիրն է ամրապնդել եւ ավելի եւս խորացնել նվաճված բնագծերը՝ հետեւողականորեն կենսագործելով այն ծրագիրը, որի քննարկմանն է նվիրված սույն համագումարը» միտքը հրապարակված տարբերակում մասնակի փոփոխության է ենթարկվել, ինչի հետեւանքով թվում է, թե այն գրվել է համագումարից հետո. «... հետեւողականորեն կենսագործելով այն ծրագիրը, որը հաստատեց ՀՀՇ-ի համագումարը» (տե՛ս  Տեր-Պետրոսյան Լ., Ընտրանի, էջ 53):

[vi]   Տե՛ս «Խորհրդային Հայաստան», 05.11.1989։

[vii]   Տե՛ս «Հայք», 04.03.90 (ՀՀՇ առաջին վարչության կազմը)։

[viii] Սկզբում, այդ մասին չհրապարակելու պայմանով, վարչության նախագահ ընտրվեց Վազգեն Մանուկյանը, որը սակայն մոտ մեկ ամիս հետո հրաժարվեց՝ պատճառաբանելով դա իր ծանրաբեռնվածությամբ։ Դրանից հետո վարչության նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։