06.11.2019 14:43

30 տարի առաջ․ Հայոց Համազգային Շարժման հիմնադիր համագումարը

30 տարի առաջ․ Հայոց Համազգային Շարժման հիմնադիր համագումարը
Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի

30 տարի առաջ՝ 1989թ. նոյեմբերի 4-ից 7-ը, իր փաստական կազմավորումից ավելի քան մեկ տարի անց, տեղի ունեցավ Հայոց Համազգային Շարժման հիմնադիր համագումարը։ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման հիմքի վրա ստեղծվեց մի քաղաքական ուժ, որին վիճակվելու էր անկյունաքարային դերակատարություն ունենալ կոմունիստական 70-ամյա բռնապետության տապալման, Հայաստանի անկախության ձեռքբերման, պետական համակարգի կայացման, Լեռնային Ղարաբաղի փրկության եւ անվտանգության ապահովման, պարտադրված պատերազմում զինական հաղթանակների, ժողովրդավարության հաստատման գործում։ Այս առիթով հատվածաբար մեր ընթերցողին ենք ներկայացնում պատմաբան Աշոտ Սարգսյանի «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» (Երեւան, «Անտարես», 2018, 640 էջ) գրքի՝ ՀՀՇ հիմնադիր համագումարին վերաբերող գլուխը։


ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

 

ա) Նախապատրաստական շրջան եւ միջոցառումներ

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի՝ Շարժմանը կազմակերպական ավելի հստակ ձեւ տալու առաջին մտահղացումն իր հիմքում, բնականաբար, ունեցել է հեռահար եւ բանական մի մտավախություն։ 1988‑ի ամռանն արդեն պարզ էր, որ Ղարաբաղի հարցը «մի հարվածով» չի լուծվելու, եւ սպասվում է տեւական, դիրքային պայքար։ Այն աննախադեպ ուժը, թափը եւ զանգվածայնությունը, որ ուներ Շարժումն առաջին օրից ի վեր, կարող էր նաեւ այդ ծավալով չպահպանվել եւ աստիճանաբար տեղի տալ։ Շատերը պարզապես կարող էին հոգնել կամ հիասթափվել խնդրի լուծման ուշացումից։ Կարելի է չկասկածել, որ խորհրդային Կենտրոնը եւս դրա վրա լուրջ հաշվարկներ ուներ իր անընդհատ ձգձգումների մարտավարության մեջ։ Եւ դա, ընդհանրապես ասած, շատ ավելի բնական կլիներ. դժվար էր պահպանել համազգային շարժման այդօրինակ թափը, ծավալն ու պայքարի խտությունը ամիսներ շարունակ, երկու‑երեք տարի։ Այդ դժվարությունը կարելի էր հաղթահարել, եւ հաղթահարվեց Շարժման պոտենցիալը կազմակերպական կառույցի մեջ դնելու միջոցով:

Կար եւս մի հանգամանք. առնվազն Շարժման հիմնական ղեկավարության համար պարզ էր, որ «Միացման» գլխավոր հարցի կողքին օրակարգում ներառվելու են նաեւ այլ, գուցե ոչ նույնքան դյուրընկալելի հարցեր, որոնց Շարժման բոլոր մասնակիցները չէ, որ կարող էին նույն կերպ վերաբերվել։ Նկատի չունենք բնապահպանական, լեզվական, սոցիալական անարդարության, կաշառակերության դեմ պայքարի եւ նմանօրինակ այլ խնդիրները, որոնք ի սկզբանե կային։ 1988թ. մայիսի վերջին Շարժման նոր ղեկավարությունը ձեւավորվեց այն գիտակցության հիմքով, որ հիմնական՝ Ղարաբաղի խնդրի հետապնդման շարունակականության ապահովման համար պետք է ընդլայնվի քաղաքական օրակարգը ընդհանուր ժողովրդավարական խնդիրներով՝ ներառյալ երկրի քաղաքական եւ տնտեսական ինքնուրույնության ընդլայնման, ընդհուպ անկախության ձգտման հիմնախնդիր, որն արտաքուստ կարող էր «մրցակից» դիտվել Ղարաբաղի խնդրին։ Ավելին՝ այս նոր հիմնախնդիրը  ինչ‑որ պայմաններում կարող էր նաեւ առաջին պլան մղվել թե՛ լուծելիության ժամկետի, թե՛ կարեւորության առումով։ Շարժումը գործող իշխանությունների գոյություն ընդունողի եւ նրանից պահանջողի դերից աստիճանաբար անցում պետք է կատարեր վերջինիս հարկադրողի եւ նրա քաղաքական ընդդիմության, ավելի ուշ՝ այլընտրանքի դերի։ Դժվար էր վստահ լինել, թե Ղարաբաղի հարցում արտահայտված նույն, կարելի է ասել՝ բացարձակ, ինքնաբուխ միասնականությունը կպահպանվեր նաեւ «ընդլայնված» օրակարգի դեպքում։ Կազմակերպական կառույցով, բնականաբար, ավելի հեշտ կլիներ նմանօրինակ անցում կատարելը կամ այդ անցումն ապահովելը։

Եւ վերջապես՝ Շարժման դեմ գործում էին եւ գործելու էին կազմակերպված կառույցներ ունեցող ուժեր,  որոնք փորձում էին հենց Շարժման մեջ ու նրա պոտենցիալից մաս պոկելով՝ համալրել իրենց կառույցները, ստեղծել այլ կազմակերպություններ։ Վերջիններս արդեն իսկ կային եւ բազմանալու էին, ավելի արդյունավետ էին գործելու որքան ձգվեր ժամանակը, կամ տեղատվության նշաններ ցույց տար Շարժումը։ Կազմակերպված ուժի դեմ հաջող պայքարել հնարավոր էր միայն կազմակերպված կառույցների միջոցով։

Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը, թերեւս, կարող էր կայանալ 1988‑ի ընթացքում (այդպես էլ նախատեսված էր), երբ «Ղարաբաղ» կոմիտեն օգոստոսի 19‑ին արդեն հրապարակել էր Հայոց համազգային շարժման ծրագրային փաստաթուղթը, եւ դրա հիման վրա բազմաթիվ հիմնարկներում, ձեռնարկություններում ու բնակավայրերում ստեղծվել էին տեղական կազմակերպություններ։ Սակայն, նախ՝ հրապարակված ծրագրային փաստաթղթի քննարկման համար անհրաժեշտ էր որոշակի ժամանակ հատկացնել։ Մյուս կողմից՝ միմյանց էին հաջորդում կարեւոր իրադարձություններ, ծագում էին բազմաթիվ օրախնդիր հրատապ հարցեր, որոնցով անմիջապես ստիպված էր զբաղվել «Ղարաբաղ» կոմիտեն։ Համագումարին գործնական նախապատրաստվելը եւ անցկացնելն այդ իրավիճակում ֆիզիկապես անհնար էր ու ժամանակի եւ հնարավորությունների առումով շռայլություն կլիներ։ Բոլոր դեպքերում՝ 1988‑ին դա տեղի չունեցավ։ Բացի այդ՝ Շարժման առաջին շաբաթներին, փաստորեն, բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, բնակավայրերում ստեղծված «Ղարաբաղ» կոմիտեների եւ ենթակոմիտեների ցանցը, փակում էր Հայաստանի ողջ տարածքը։ Ինքնաբուխ ստեղծված այս կառույցները, որոնք Ծրագրի հրապարակումից հետո վերածվեցին ՀՀՇ տեղական կազմակերպությունների, «Ղարաբաղ» կոմիտեն ճանաչում էին որպես բացարձակ հեղինակություն, որպես ղեկավար մարմին։ Այսինքն՝ Շարժման կազմակերպական կառույցը, փաստորեն, կար եւ հստակ գործում էր։ Ստեղծված փաստական երկիշխանության պայմաններում որպես կազմակերպություն՝ պաշտոնապես ճանաչված չլինելն անգամ քիչ էր խանգարում Շարժման գործունեությանը։ Այնքան հզոր էր նրա ուժն ու հեղինակությունը, որ կարողացավ թափուր ընտրատարածքներում ոչ մեծ ջանքերով իր թեկնածուներին պատգամավոր դարձնել եւ սեփական նախաձեռնությամբ իրականացնել նույնիսկ այնպիսի մի աննախադեպ միջոցառում, ինչպիսին օպերային թատրոնի շենքում Գերագույն խորհրդի նոյեմբերի 24‑ի նիստն էր, որն ընդունեց ՀՀՇ‑ի կողմից պատրաստված օրինագծերը եւ որոշումները։

1988‑ի դեկտեմբերյան երկրաշարժը, որին անմիջապես հաջորդեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալությունը, շատ բան փոխեց։ Սակայն ՀՀՇ համագումարի հրավիրման ու պաշտոնական ճանաչման հարցը մնաց Շարժման օրակարգում։ Այս ուղղությամբ Կոմիտեի փոխարինող կազմը որոշակի ջանքեր գործադրեց, սակայն հաջողության չհասավ։ Համագումարի նախապատրաստումը եւ հրավիրումը հնարավոր չէր նաեւ Կոմիտեի անդամների ազատ արձակումից հետո առաջին ամիսներին։ Բանտային ծանր պայմաններից հետո նրանք կարիք ունեին եւ՛ ֆիզիկական, եւ՛ հոգեբանական առումով լուրջ կազդուրման եւ վերականգնման, ինչպես նաեւ ծանոթանալու եւ տիրապետելու նոր իրավիճակին։ Եւ այնուամենայնիվ, 1989թ. ամռանից սկսած՝ ձեռնարկվեցին եւ իրականացվեցին համագումարի մի շարք նախապատրաստական աշխատանքներ։ Կարեւորագույն քայլը 1989թ. հունիսի 25‑ին Գերագույն խորհրդի կողմից ՀՀՇ‑ի պաշտոնական ճանաչման հասնելն էր[i]։ Իսկ մինչ այդ՝ հունիսի 17‑ին, կայացել էր ՀՀՇ հիմնադիր ժողովը շուրջ 1000 պատվիրակների մասնակցությամբ։ Այստեղ ընտրված կազմկոմիտեին հանձնարարվել էր նախապատրաստել կազմակերպության հիմնադիր համագումարը։ Վերջինս ձեռնարկեց Շարժման Ծրագրի վերամշակումը՝ նկատի ունենալով դրանում արձանագրված խնդիրներից մի մասի լուծված լինելը, իրավիճակում կատարված որակական փոփոխությունները։ Նոյեմբերի 1‑ին, հիմնադիր համագումարի նախօրյակին, ՀԽՍՀ ԳԽ նախագահությունը վերջապես կատարեց ԳԽ‑ի հունիսի 25‑ի որոշումը եւ գրանցեց ՀՀՇ կանոնադրությունը[ii]։

Եւ այնուամենայնիվ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամները հետագայում պետք է խոստովանեին, որ այլ հարցերով զբաղվածության պատճառով համագումարին չկարողացան պատշաճ կերպով նախապատրաստվել[iii]։ Հայաստանի սահմանամերձ շրջաններում լարված, փաստորեն՝ կիսապատերազմական վիճակ էր։ Փախստականների հսկայական զանգված էր տեղափոխվել Հայաստան, եւ շարունակվում էր հոսքը, որի հետ կապված՝ ամենօրյա եւ ամենաբազմաբնույթ պրոբլեմներ էին առաջանում։ Իսկ ամենամեծ հարցը մնում էր իրավիճակը Ղարաբաղում։ Ինչպես այնտեղ, այնպես էլ Հայաստանի սահմանամերձ շրջաններում, նաեւ Ադրբեջանում, դեռ սեպտեմբերին բնակչությանը բաժանվել էին մինչ այդ առգրավված որսորդական հրացանները, վերադարձվել էր նաեւ համապատասխան հիմնարկների ուսումնական զենքը։ Եւ հենց սեպտեմբերից սկսած, նախորդ ամիսների համեմատաբար հանդարտ շրջանից հետո, նորից ակտիվացել էին զանազան բախումներն ու սադրանքները։ «Ղարաբաղ» կոմիտեն Շարժման գործիչներից ստեղծած իր հանձնախմբերով ստիպված էր զբաղվել բոլոր հարցերով, որովհետեւ բոլորն այստեղ էին դիմում։ Մասնավորապես՝ Ղարաբաղին ամենաբազմատեսակ օգնություն եւ օժանդակություն էր անհրաժեշտ ապահովել՝ սկսած յուրաքանչյուր բնակավայրի մանր, կենցաղային խնդիրներից, մինչեւ քաղաքական, պաշտպանական, տնտեսական հարցերը։ Կոմիտեի որեւէ միջոցառում, ձեռնարկ, որ դուրս էր (կամ թվում էր, թե դուրս է) Ղարաբաղի հետ կապված հարցերից, նրա «ընդդիմության» կողմից իսկույն շահարկվում էր որպես Ղարաբաղը «մոռանալու», «այլ նպատակներ» ունենալու մեղադրանք։ Այս ուղղությամբ համակարգված եւ մեթոդիկ աշխատում էին այն ուժերը, որոնք, համագումարի մոտենալուն զուգահեռ, ջանքեր էին գործադրում, թշնամական մթնոլորտ ստեղծելու համար[iv]:

Նախապատրաստությունների շրջանում մամուլում հաջողվեց հրապարակել նաեւ «Հայոց համազգային շարժման» ծրագիրը (նախագիծը)[v]։

բ) ՀՀՇ համագումարի քաղաքական իմաստը։ Համագումարը վիժեցնելու ջանքերը, հայկական «ինտերֆրոնտ»

Դժվար է ասել՝ «Ղարաբաղ» կոմիտեն եւ Շարժման մյուս ղեկավարնե՞րն էին ավելի շատ ջանք ու եռանդ ներդրել համագումարը նախապատրաստելու եւ հաջողությամբ անցկացնելու գործում, թե՞ այն տապալելու նպատակ ու խնդիր ունեցող ուժերն ու կազմակերպությունները։ Առաջինները, համենայնդեպս, նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ՝ ստիպված էին ավելի շատ զբաղվել ամենօրյա շտապ կարգավորում պահանջող հարցերով։ Հակառակ կողմը, նման խնդիրներ չունենալով, ամբողջությամբ կարող էր նվիրվել սպասվող համագումարը տապալելու գործին։

Թե՛ առաջին, թե՛ երկրորդ կողմի համար հստակ էր, որ հաջող ընթացքի դեպքում համագումարն ունենալու էր հետեւյալ քաղաքական արդյունքները.

ա) ՀՀՇ‑ն դառնալու էր ոչ թե մյուս կազմակերպությունների համար ձեւական հովանոց (ինչպիսի նպատակ այն երբեք իր առջեւ չէր դրել, եւ ինչը «հանուն ազգային միասնության» նրան վերագրում ու նրանից պահանջում էին նրա գաղափարական հակառակորդները), այլ որոշակի ծրագրով, տարբերակիչ հատկանիշներով եւ հստակ կառույցներով օժտված ինքնատիպ եւ հզոր քաղաքական միավոր։

բ) «Ղարաբաղ» կոմիտեն եւ Շարժման ղեկավարների երկրորդ դասը դառնալու էին այդ ուժի ղեկավար մարմինը, եւ Շարժման ողջ ներուժը, այժմ՝ ավելի արդյունավետ, ուղղվելու էր հաստատված ծրագրային նպատակների իրականացմանը։

գ) ՀՀՇ‑ն ձգտելու էր վերցնել իշխանությունը (ինչի համար նրա ուժերը լրիվ բավարար էին) եւ իրականացնելու ժողովրդավարության խորացման միջոցով դեպի անկախություն տանող ծրագրով նախանշված հստակ քայլերը։

դ) Միշտ օրինականության շրջանակներում պայքարելու իր սկզբունքով նա լինելու էր դժվար խոցելի, իսկ անկախության տանող ճանապարհին նրա հաջողությունները, ի հեճուկս Կենտրոնի, շարունակելու էին վտանգավոր օրինակ ծառայել մյուս հանրապետությունների համար։

Եւ այս ամենը դեպքերի ընթացքին ուշադիր հետեւողների համար (իսկ ուշադիր հետեւողներ կային եւ՛ ի պաշտոնե, եւ՛ սեփական շահերից ելնելով) պարզ էր արդեն համագումարից մի քանի ամիս առաջ։ Ըստ այդմ՝ դժվար չէ ենթադրել, թե ինչ ուժեր եւ ինչ հիմքի վրա պետք է ամեն ինչ անեին համագումարը տապալելու համար, որ (դարձյալ դժվար չէ նկատել) միայն համագումարի տապալում չէր նշանակի։ Դա կնշանակեր տապալումը մի մեկնարկի, որն ավելի մեծ սպառնալիք էր դառնում՝

ա) Կենտրոնին, կայսերապետական ուժերին, խորհրդային համակարգին.

բ) Հայաստանում իշխող Կոմունիստական կուսակցությանը եւ ողջ կոմունիստական նոմենկլատուրային.

գ) այն ուժերին, որոնք համոզված էին ազգը ներկայացնելու եւ նրա խնդիրները տնօրինելու իրենց մենաշնորհի մեջ (Սփյուռքում գործող կուսակցություններ), եւ որոնց ծրագրերը կառուցված էին Հայաստանի՝ ԽՍՀՄ‑ի մեջ մնալու պարտադիր պայմանի վրա.

դ) հասարակության այն շերտին, որը կոմունիստական իշխանության պայմաններում այս կամ այն կերպ հայտնվել էր արտոնյալ կամ էլիտար խավի մեջ եւ օգտվում էր որոշակի արտոնություններից.

ե) խորհրդային հասարակարգում ձեւավորված եւ իշխանության ու պաշտոնեության հետ անմիջական կամ միջնորդավորված կապի մեջ գտնվող քաղքենիական խավին, որի անդորրը խաթարվելու էր։

Համագումարի տապալմամբ շահագրգռված ուժը, ինչպես տեսնում ենք, փոքր չէր, մանավանդ՝ եթե նկատի ունենանք, որ նրա ձեռքին էին իշխանության բոլոր լծակները, զանգվածային լրատվության միջոցները եւ այլն։ Ու նաեւ՝ Շարժումը, որքան էլ հզոր ու զանգվածային՝ կազմակերպական իմաստով բաց էր ամբողջությամբ, այնտեղ ազատ կարելի էր մտնել ու գործել թե՛ բացահայտ, թե՛ քողարկված «ավելի ազգային»՝ ժողովրդահաճ անունների, կարգախոսների ու ծրագրերի տակ։ Այսինքն՝ նրանց բոլորի պայքարը չէ, որ Շարժման դեմ լինելու էր բացահայտ ու ճակատային:

Խորհրդային Միության մյուս բոլոր այն հանրապետություններում, որտեղ անկախության հարց էր հարուցվում, դրա հետ մեկտեղ եւ դրա դեմ ստեղծվում էին հայտնի «ինտերֆրոնտները»։ Վերջիններս ստեղծվում էին տվյալ հանրապետություններում առկա ռուսալեզու բնակչության հիմքի վրա, հասկանալի է՝ Կենտրոնի կամ ՊԱԿ‑ի նախաձեռնությամբ։ Հայաստանում էթնիկական այդ հիմքը չկար (ռուս բնակչության տոկոսը չափազանց փոքր էր), բայց կար նույն գործառույթով «ինտերֆրոնտ» ստեղծելու նույնքան սուր անհրաժեշտություն։ Հայկական «ինտերֆրոնտը», բնականաբար, պետք է ձեւավորվեր այլ՝ ոչ էթնիկական հիմքի վրա։ Դարձյալ բնականաբար՝ նրա պայքարը անկախության դեմ չէր կարող նույնքան եւ նույն կերպ բացահայտ եւ ուղղագիծ լինել, ինչպես, ասենք՝ Մերձբալթյան հանրապետություններում։ Այն պետք է էական յուրահատկություն ունենար թե՛ գործունեության ձեւի, թե՛ փաստարկների առումով։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Վանո Սիրադեղյանը վկայում է. «Համագումարի ընթացքն ու ավարտը դեռ հայտնի չէին, համագումարը տապալելու կամպանիան արդեն սկսվել էր կազմակերպությունների ձեռքով»[vi]։ Խոսքն այն կազմակերպությունների մասին է, որոնք կա՛մ ստեղծվել էին հակաանկախական ուժերի կողմից, կա՛մ ծառայում էին նրանց, եւ, օգտվելով ՀՀՇ անդամ դառնալու անարգել ու բացարձակ հնարավորությունից՝ իրենց հայտարարել էին նրա կոլեկտիվ անդամ եւ պատվիրակներ ուղարկել համագումար։

Հայկական «ինտերֆրոնտի» խնդիրը պետք է լիներ ոչ թե տրամագծորեն հակադրվել Շարժմանը (ինչը նրանց համար կնշանակեր արագ ձախողում), այլ կա՛մ պառակտել այն, կա՛մ փորձել գլխավորել եւ տանել իրեն ցանկալի ուղղությամբ։ Այսինքն՝ գեթ համագումարում այս ուժի բերած փաստարկներն ու կարգախոսները պետք է բխեին նույն «ազգային խնդիրների» ավանդական ընկալումներից եւ մատուցվեին որպես ազգի լավագույն ապագայի համար մտահոգություն։ Քննարկվող հիմնադիր փաստաթուղթն, օրինակ, նրանց կողմից պետք է քննադատվեր ոչ թե անմիջապես հակաանկախականության դիրքերից, այլ, ըստ քաղաքական մտքի ավանդույթով եկած պատկերացումների, պետք է մեղադրեին, որ այն չի նպաստում «ազգային միասնությանը», չի հենվում «ազգային գաղափարախոսության» վրա, անտեսում է «պանթուրքիզմի վտանգը», զանց է առնում ազգային վրեժխնդրության դերը, բավարար չափով «ազգային» չէ եւ այլն։ Վերջին հաշվով, այդ պայքարը հենվում էր նույն հայդատական, պահանջատիրական գաղափարախոսական ֆրազների՝ «համազգային խնդիրների» եւ անկախության քաղաքական խնդրի միջեւ հակադրություն տեսնելու դեմագոգիայի վրա։ Առաջինը համարվում էր գերագույն արժեք, երկրորդը կարող էր լինել միայն նրա սպասարկուն։

ՀՀՇ հիմնադիր համագումարն իրականում դարձավ այն փորձաքարը, որի շնորհիվ ավելի հստակ ուրվագծվեցին քողարկված հայկական «ինտերֆրոնտն» ու նրա բաղկացուցիչները։ Դա արտահայտվեց ոչ միայն համագումարից առաջ եւ նրա ընթացքում, այլ նաեւ դրանից հետո նրանց վերաբերմունքում, գնահատականներում ու գործողություններում։

Շարունակելի

 



[i]    Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԽ-ի, 1989, 12, հոդվ. 71:

[ii]    Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԽ-ի, 1989, 21-22, հոդվ. 138:

[iii]   Համագումարից հետո նման կարծիք հայտնեց Վանո Սիրադեղյանը («Հայք», 25.03.1990)։

[iv]   Տե՛ս «Հայք», 25.03.1990։

[v]    «Երեկոյան Երեւան», 17.10.1989։

[vi]   «Հայք», 25.03.1990։