06.11.2019 20:58

Լիզա Ճաղարյան. Stap e, taracek. արմյանսկի յազիկը ձեռներիցս գնում ա

Լիզա Ճաղարյան. Stap e, taracek. արմյանսկի յազիկը ձեռներիցս գնում ա

«Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանն, օրինակ, դեմ չի լինի, եթե ռուսերենը մեր երկրում հռչակվի երկրորդ պետական լեզու»։

Սա հատված է «Առավոտ» կայքում 2016 թվականի նոյեմբերի 22-ին հրապարակված հարցազրույցից։

Չմանրամասնեմ, թե «Առավոտի» զրուցակիցն ինչպես է հիմնավորում Հայաստան կոչվող «նահանգիկ»-ում (բանասիրության դոկտորի բնորոշումն է) երկրորդ պետական լեզվի անհրաժեշտությունը։ Որովհետեւ «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտաֆանովան օրեր առաջ հայտարարե՞լ էր նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին օրենսդրորեն հատուկ կարգավիճակ տալու եւ այն երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտության մասին» (մեջբերումը նույն կայքից է), թե՞ պատճառն այն էր, որ հարեւնման հիմնավորումներով էր առաջնորդվում նաեւ այդ ժամանակահատվածի ՀՀ ԿԳ նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանը` օրվա իշխանության հետ միասին։

Ես չեմ հիշում, եւ եթե որեւէ մեկը հիշում է, որ դրանից հետո հա՛յ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել ընդդեմ իրենց դեկանի, իսկ երիտասարդ դաշնակներն էլ պահանջել են իրենց կուսակից նախարարի հրաժարականը եւ բոցաշունչ ելույթներ ունեցել նրա դեմ՝ ազգային անվտանգությանը սպառնալու համար, ապա ինձ էլ հիշեցրեք, խնդրում եմ։

Թե ինչպիսի նվաստացում է նշանակում ինքնիշխան պետության վզին որպես պետական լեզու փաթաթելը մեկ այլ պետության լեզուն (նույնիսկ սովետի տարիներին՝ գաղութի կարգավիճակ ունեցող ՀԽՍՀ-ի պետական լեզուն միմիայն հայերենն էր), բացատրելը վիրավորական պետք է լինի Հայաստանի Հանրապետության բանական քաղաքացու համար։

Իսկ ահա այսօր պարզվում է՝ տասներկու տարի դպրոցում հայոց լեզու սովորած մարդու համար ազգի կործանում է, ազգային անվտանգության խնդիր է, որ բուհում եւս մեկ կամ երկու կիսամյակ հայոց լեզու չի սովորելու։

Թե ինչ է տալիս կամ տալու ուսանողին այդ մեկ կամ երկու կիսամյակը, ես չգիտեմ։ Բայց մի բան հաստատ գիտեմ. եթե դպրոցական նստարանը լքում ես հայոց լեզվից բոբիկ, ո՛չ մեկ կիսամյակն է քեզ գրագետ դարձնելու, ո՛չ երկու, ոչ էլ երեք ու չորս։

Եվ այս աղմուկը երկու պատճառ կարող է ունենալ։

Մեկը՝ հայոց լեզվի մասնագետները մտահոգ են, որ իրենց աշխատատեղերն են պակասելու․ այս դեպքում կարող են անկեղծորեն հայտնել իրենց մտահոգությունն՝ առանց «հայրենասիրական» էժանագին պաճուճանքներով զարդարելու իրենց ընդվզումը։

Մյուսն էլ դե պարզից պարզ է. հիմա հերոսանալը շատ հեշտ է՝ ո՛չ ցուցարարներին են ծեծելով բանտերը լցնելու, ոչ էլ անսպասելի հերոսացած դասախոսներին են աշխատանքից ազատելու։

Հերոս դառնալն էլ, գիտենք, ամենահեշտ բանն է մեր օրերում։

Ուզես՝ գլխավոր մեղադրյալ մարդասպանի գլուխը հերոսի լուսապսակով կզարդարես, ուզես՝ Սահմանադրական դատարանի աթոռին սոսնձված ՀՀԿ-ական «պատանդի», ուզես՝ ի պաշտպանություն հայոց լեզվի ռուսերեն հոխորտացող կամ լատինատառ հայերեն «ճանկռտող» կիսագրագետների։