07.11.2019 13:45

Արսեն Գրիգորյան.Ո՞վ պետք է ձեւակերպի Թովմասյանին հեռացնելու քաղաքական պատվերը

Արսեն Գրիգորյան.Ո՞վ պետք է ձեւակերպի Թովմասյանին հեռացնելու քաղաքական պատվերը

Ազգային ժողովը քաղաքական պատվեր ձեւակերպելու ամբիոն է։ Այնտեղ, ըստ մտահղացման, հավաքվում են քաղաքական գործիչներ, նույնիսկ եթե մեկը մասնագիտությամբ հավաքարար է, մյուսը՝ կլյուչնիկ։ Նույնիսկ եթե մեկը տարին մեկ մականուն է փոխում, մյուսը՝ Հայրենիք։ Սա պետք է ֆիքսել։

Ոչ ոք ի սկզբանե քաղաքական գործիչ չէ, այդպիսին է դառնում ըստ իր հասարակական տեսիլքների, ըստ մասնագիտության կամ աշխատանքի թելադրած բացթողումների կամ անկատարության։ Այլ խոսքով՝ նրանք խորհրդարան են գալիս, որպեսզի ձեւակերպեն, թե ինչպես են պատկերացնում հասարակական, սոցիալական, տնտեսական կամ մշակութային մարտահրավերների հաղթահարումը։ Նրանք խորհրդարան են գալիս բագաժով։ Այսինքն, արդեն իսկ ինչ-որ բան ապացուցած։ Նրանք ընտրությունների են մասնակցում ու հաղթում են, որովհետեւ նրանց տեսիլքները քննություն են բռնում։

Այս խորհրդարանը արդեն մոտ կես տարի չի կարողանում լուծել Հրայր Թովմասյանի հարցը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ քաղաքական պատվեր չունի, որովհետեւ քաղաքական գործիչներ չկան, որովհետեւ կարծում են, թե Հրայր Թովմասյանի հարցը պիտի լուծեն իրավաբանները։  Այս խորհրդարանին պակասում է այն, ինչը երիտխորհրդարանականներին պիտի ասի՝ տղերք, մի նայեք իրավաբանների կողմը, նրանց ձեռքին ոչ մի լուծում չկա, քանի դեռ նրանց չեք ներկայացրել Հրայր Թովմասյանից ազատվելու քաղաքական պատվերը։ Ու դա այն չէ, որ Հրայրը պիտի հեռանա։ Դա այն է, որ դուք գիտեք երկրի զարացման հրամայականները։ Եթե այնտեղ Հրայր Թովմասյանը չկա, ուրեմն իրավաբաններն ինքնիրավիչներ են։ Իսկ եթե Հրայր Թովմասյանը կա, ուրեմն դուք պիտի ասեք, թե ինչպես վարվեն իրավաբանները։ Հետեւաբար, դուք՝ քաղաքական գործիչներդ, պիտի ձեւակերպեք, թե ինչպես վարվեն իրավաբանները, եւ ոչ թե սպասեք ու տեսնեք, թե ինչ են առաջարկում նրանք։ Չի կարելի իրավաբաններին հնարավորություն տալ մարտահրավերներ ձեւակերպելու՝ ի հեճուկս քաղաքական պատվերի։ Նրանք արդեն քանի անգամ տապալել են խնդիրը։ Ասեք նրանց, թե ինչ անեն եւ ինչու անեն։

Հայաստանը Հրայր Թովմասյանի հետ տուն-տունիկ խաղալու առողջություն չունի։ Եթե ձեզ՝ քաղաքական գործիչներիդ կաշկանդում է օրենքը, փոխեք այն։ Ձեր ձեռքին է նաեւ հաղթանակ թելադրելու ժողովրդական սպասումների արտահայտման իշխանությունը։ Իսկ դուք ասում եք, որ օրենքը թույլ չի տալիս։ Թույլ չի տալիս՝ փոխեք օրենքը։ Եթե չեք ուզում փոխել, ուրեմն փոխեք ձեզ։ Այս ամենը երկար շարունակվել չի կարող։ Հրայր Թովմասյանը պետության ատամները հաշվել է Սահմանադրություն հաշվելով։ Եթե դուք նրա դեմ կրճտացնում եք հենց այդ ատամները, որոնք ձերը չեն, ուրեմն դուք ձեր տեղում չեք։ Որովհետեւ ձեր տեղը ժողովրդական պատվերն է, որի արտահայտիչներն եք դուք։

Հրայր Թովմասյանն ամեն ինչ է փոխել, որպեսզի ինքը գրեթե ցմահ մնա ՍԴ նախագահի պաշտոնում։ Ժողովուրդը հեղափոխություն է իրականացրել՝ չհաշտվելով նաեւ այս մտքի հետ։ Ժողովուրդը ձեր քաղաքական պատվերն է, խորհրդարանը՝ այն ամբիոնը, որտեղ դուք լիազորված եք իրացնելու այդ պատվերը։ Մնում է հասկանալ, թե ով իր տեղում չէ՝ դո՞ւք, ժողովո՞ւրդը, թե՞ Հրայր Թովմասյանը։