08.11.2019 10:39

30 տարի առաջ․ Հայոց Համազգային Շարժման հիմնադիր համագումարը (Մաս 3)

30 տարի առաջ․ Հայոց Համազգային Շարժման հիմնադիր համագումարը (Մաս 3)
Լուսանկարը` «Արմենպրես»-ի

30 տարի առաջ՝ 1989թ. նոյեմբերի 4-ից 7-ը, իր փաստական կազմավորումից ավելի քան մեկ տարի անց, տեղի ունեցավ Հայոց Համազգային Շարժման հիմնադիր համագումարը։ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման հիմքի վրա ստեղծվեց մի քաղաքական ուժ, որին վիճակվելու էր անկյունաքարային դերակատարություն ունենալ կոմունիստական 70-ամյա բռնապետության տապալման, Հայաստանի անկախության ձեռքբերման, պետական համակարգի կայացման, Լեռնային Ղարաբաղի փրկության եւ անվտանգության ապահովման, պարտադրված պատերազմում զինական հաղթանակների, ժողովրդավարության հաստատման գործում։ Այս առիթով հատվածաբար մեր ընթերցողին ենք ներկայացնում պատմաբան Աշոտ Սարգսյանի «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» (Երեւան, «Անտարես», 2018, 640 էջ) գրքի՝ ՀՀՇ հիմնադիր համագումարին վերաբերող գլուխը։

(Մաս առաջին, Մաս երկրորդ

Մաս երրորդ

 

ե) ՀՀՇ քաղաքական Ծրագիրը

 

«Ղարաբաղ» կոմիտեի եւ Շարժման ղեկավարության դեմ քողարկված եւ անսքող պայքարի պատճառների ամբողջացման համար անհրաժեշտ է մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ ՀՀՇ ծրագրի եւ կանոնադրության վերամշակված այն նախագծին, որը ներկայացվել էր համագումարի քննարկմանը եւ հաստատմանը, եւ որը դառնալու էր Շարժման քաղաքական ուղեգիծը։

 

1988‑ի օգոստոսին հրապարակված ՀՀՇ ծրագրի ու կանոնադրության տարբերակի վրա մանրակրկիտ աշխատել էին, կատարվել էր շեշտադրումների էական փոփոխություն, խնդիրների եւ առանցքագաղափարի վերջնական հստակեցում։ Եւ դա բնական է։ Անցած շուրջ մեկուկես տարին չափազանց հագեցված էր եղել իրադարձություններով։ Ստեղծվել էր որակապես նոր քաղաքական իրավիճակ, ինչում իր առաջնային դերն էր ունեցել նաեւ Հայկական ժողովրդավարական շարժումը։ Նոր, կարեւոր տեղաշարժեր էին տեղի ունեցել ամբողջ Խորհրդային Միությունում, որտեղ ծավալված քաղաքական գործընթացները եւ իրադարձությունները էականորեն փոխել էին հասարակական պատկերացումները, կենտրոնական իշխանությունները սկզբունքային շատ հարցերում նահանջել, ավելի թուլացել, ժողովրդավարական շարժումները հզորացել էին։ Արեւելյան Եւրոպայի երկրները դուրս էին եկել Մոսկվայի ենթակայությունից, Մերձբալթյան հանրապետություններն ավելի հստակ ու անվերապահ էին կանգնել իրենց անկախության ձեռքբերման ճանապարհին։ Որակական տեղաշարժեր էին եղել նաեւ Հայաստանում։ Այս ամենն արդյունավետորեն ազդել էր ինչպես Շարժման մասնակիցների, այնպես էլ ամբողջ հասարակության քաղաքական կողմնորոշումների հստակեցման, նոր հետեւությունների հանգելու ընթացքի վրա։ Որակապես նոր իրավիճակը, բնականաբար, պետք է խնդիրների առաջնահերթությունների եւ այլ փոփոխությունների անհրաժեշտություն առաջացներ մեկ տարի առաջ հրապարակված քաղաքական ծրագրում։

 

Նախ, ամբողջական փաստաթուղթը բաժանվել էր երկու մասի՝ Ծրագրի եւ Կանոնադրության։ Ծրագրային դրույթներն ամփոփված էին երեք՝ «Մուտք», «Հայոց համազգային շարժման գաղափարական սկզբունքները» եւ «Հայոց համազգային շարժման մոտակա նպատակները» բաժիններում։

 

Ծրագիրը պետք է բավարարեր մի շարք պայմանների։ Չէր կարելի առիթ տալ, որպեսզի որեւէ հարց պառակտման առիթ դառնար կամ բացասաբար անդրադառնար Շարժման ուժի եւ թափի վրա։ Մանավանդ, որ շահարկման առիթներ փնտրողները բազմաթիվ էին եւ ուշադիր հետեւում էին ամեն մի «վրիպումի»։ Դա նշանակում էր, որ փաստաթուղթն իր մեջ նվազագույն անհրաժեշտ չափով պետք է ներառեր նաեւ հասարակական գիտակցության մեջ նստած «ազգային» հարցերի եւ խնդիրների մասին ավանդական պատկերացումների հիմնական սպեկտրը։ Ծրագրում առաջադրված խնդիրները կարելի էր բաժանել մի քանի հիմնական խմբերի։

 

Լեռնային Ղարաբաղ եւ դրանից ածանցված հարցեր. «Մոտակա նպատակները» բաժնում առաջին տեղում դրված էր «Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ» խնդիրը։ Այս նպատակի իրականացման համար չէր նշվում որեւէ մեխանիզմ կամ ճանապարհ։ Ծրագրում դրանք չմանրամասնելը, թերեւս, պայմանավորված էր նախապատրաստած քայլերը ժամանակից շուտ չհայտարարելու, ըստ  հարափոփոխ իրավիճակի՝ օպերատիվ կողմնորոշվելու, ճկունության հնարավորության ապահովման տակտիկական նկատառումներով։ Այդ են վկայում քիչ անց այս ուղղությամբ արված համարձակ եւ արմատական քայլերը (Գերագույն խորհրդի դեկտեմբերի 1‑ի Միացյալ հանրապետության հռչակման որոշումը, Հայաստանի Գերագույն խորհրդի առաջիկա ընտրություններում Ղարաբաղի թեկնածուներին ընդգրկելը եւ այլն)։

 

Այստեղ պետք է մտցնել Ղարաբաղյան շարժման հետ կապված կամ այդ ընթացքում առաջացած հարցերը, որոնք Ծրագրում ներկայացված էին որպես առանձին խնդիրներ։ Դրանք էին՝ Սումգայիթում եւ Ադրբեջանի հայաբնակ այլ վայրերում կատարված բռնությունների մեղավորներին պատժելու, փախստականներին օժանդակելու եւ տեղավորելու, «Զվարթնոց» օդանավակայանում զինվորականների կատարած վայրագությունների, զանգվածային թունավորումների, աղետի գոտու վերականգնման եւ այլ հարցերին հետամուտ լինելը, ինչպես նաեւ բնապահպանական այն խնդիրները, որոնց բարձրացումը նախորդել էր Ղարաբաղյան շարժմանը եւ որդեգրվել վերջինիս կողմից։

 

«Ազգային» հարցեր.  Այսպես ենք կոչում պայմանականորեն։ Դրանց մի մասը նպատակաուղղված էր խորհրդային տարիներին իրականացված կոպիտ ազգային ճնշման հետեւանքները վերացնելուն։ Այդպիսիք էին՝ հայերեն կրթության համընդհանուր եւ պատշաճ մակարդակի, հայերենի՝ որպես պետական լեզվի լիակատար գործառույթի, Հայ առաքելական եկեղեցու ազատ գործունեության ապահովման, պատմական տեղանունների վերականգնման խնդիրը եւ այլն։ Ազգային հարցերի մյուս մասն ավանդական էր, ըստ ընդունված եւ տարածված պատկերացումների՝ ուղղված պատմական արդարության վերականգնման նպատակին։ Այս շարքում էին՝ ՄԱԿ‑ի կողմից 1915թ. ցեղասպանության ճանաչման, 1921թ. մարտի 16‑ի ռուս‑թուրքական պայմանագրի[i]՝ Հայաստանին վերաբերող կետը եւ Կովկասյան Բյուրոյի՝ նույն թվականի հուլիսի 5‑ի Ղարաբաղին վերաբերող որոշումը անօրինական ճանաչելու խնդիրները։

 

Անկախության խնդիրը. Ծրագրի առանցքային խնդիրը անկախ պետականության ստեղծման հարցն էր, որ դրված էր որպես մոտակա գործնական նպատակ։

 

1988‑ի օգոստոսի 19‑ին հրապարակված Ծրագիրն ընդհանրապես չուներ «անկախություն» կամ «անկախ պետականություն» արտահայտությունները։ Բայց խնդիրը միայն ֆորմալ՝ բառերի օգտագործման մեջ չէր։ Այն կար բովանդակային առումով։ Այնտեղ համապատասխան տեղում, որտեղ պետք է խոսք լիներ երկրի կարգավիճակի մասին, ձեւակերպումներն այսպիսին էին. «Անժխտելի է, որ հայերը, ինչպես եւ ամեն մի ազգ, լավագույն ձեւով կարող են դրսեւորել իրենց ընդունակությունները եւ նպաստել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը՝ ապրելով ազատ ժողովրդավարության պայմաններում, առանց արտաքին ճնշման, ինքնուրույն որոշելով իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային կյանքի ձեւերը»։ Եւ ըստ այս «գաղափարական սկզբունքի» էլ, հանրապետության կարգավիճակի հարցում որպես «մոտակա նպատակ»՝ դրված էր «ընդլայնել մեր հանրապետության սուվերենությունը» (հասկացվում էր՝ ԽՍՀՄ շրջանակներում) ձեւակերպումը։ Վերջինս, իր հերթին, ենթադրում էր երեք խնդիր.

- տնտհաշվարկի եւ ինքնաֆինանսավորման միջոցով ապահովել հանրապետության տնտեսական ինքնուրույնությունը.

- վերականգնել հայկական ազգային զորամիավորումները.

- հիմնվելով ՍՍՀՄ Սահմանադրության 80‑րդ հոդվածի վրա՝ դիվանագիտական կապեր հաստատել եւ հյուպատոսություններ փոխանակել այն երկրների հետ, որտեղ կան սփյուռքահայության խոշոր կենտրոններ։

 

Համագումարին ներկայացված նախագծում այս հիմքի վրա կատարված նոր քայլով Ծրագրի առանցքագաղափարը վերածվել էր անկախ պետականության ստեղծման հիմնական եւ առաջնահերթ խնդրի։ Ընդ որում՝ այդ գաղափարը ներկայանում էր երեք մակարդակում։ Նախ՝ տրվում էր անկախության անհրաժեշտության հիմնավորումը՝ որպես «գաղափարական սկզբունք», ապա՝ դրան հասնելու մեխանիզմը, եւ վերջապես՝ ստեղծվելիք պետության քաղաքական եւ տնտեսական հիմունքների ուրվագիծը։ Ըստ նոր հիմնական խնդրի, բնականաբար, կարեւոր փոփոխություններ էին կրել Ծրագրի բոլոր բաժինները։

 

Հիմնական խնդրի մատուցման նախապատրաստությունն արված էր Մուտքում, հետեւյալ ելակետային դրույթով. «Երբ ազգն իր խնդիրները լուծելիս ապավինում է արտաքին ուժի, ապա, ինչպես ցույց է տալիս մեր պատմական փորձը, դա ոչ միայն հաջողություն չի բերում, այլեւ ամեն մի անհաջողություն ու հարված թուլացնում է ազգի վճռականությունը, խարխլում հավատը արդարության նկատմամբ, հանգեցնում ճակատագրով դատապարտված լինելու գաղափարին եւ ի վերջո կազմալուծում ազգը.... Արդարությունը չեն մուրում, արդարությունը նվաճում են»։ Եւ սրան անմիջապես հաջորդում է. «Շարժման ընթացքում մեր ժողովուրդը սկսեց գիտակցել, որ ազգային շատ խնդիրների լուծումը հնարավոր է միայն անկախ պետականության պայմաններում։ Հայ ազգն այժմ աստիճանաբար ազատվում է տասնամյակների ընթացքում իրեն պարտադրված ստրկամտությունից»։

 

Այսպիսով՝ ժողովրդավարական խնդիրների վրա խարսխված անկախության հարցը, դրվելով որպես հիմնական նպատակ, ներկայանում էր նաեւ որպես միջոց, բանալի՝ բոլոր խնդիրների, այդ թվում նաեւ Ղարաբաղի խնդրի լուծման համար։

 

Այնուհետեւ անկախության գաղափարը մտցված է «գաղափարական սկզբունքների» մեջ՝ մեզ արդեն ծանոթ առաջին սկզբունքի էական խմբագրմամբ. «Հայ ժողովուրդը լավագույն ձեւով կարող է դրսեւորել իր ընդունակությունները եւ կարողությունները, լուծել ազգի առջեւ ծառացած խնդիրները եւ նպաստել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը՝ վերականգնելով իր ազգային անկախ պետականությունը։ Ունենալով իր անկախ պետականությունը, ապրելով առանց արտաքին ճնշման...»։

 

Հռչակումից եւ համապատասխան գաղափարական սկզբունքի ներկայացումից հետո, որպես երրորդ քայլ, «Մոտակա նպատակները» բաժնում արդեն ներկայացվում էր այն խնդիրների մանրամասն ցանկը, որոնք ընկած են դեպի անկախություն տանող ճանապարհին. «Հասնել ԽՍՀՄ‑ի եւ ՀԽՍՀ‑ի միջեւ միջպետական նոր պայմանագրի կնքմանը, դրա մեջ ներառելով հետեւյալ կետերը.

ա) Հայաստանում  պետական իշխանության եւ կառավարության մարմինների կառուցվածքի ընտրության եւ գործունեության ինքնուրույնություն.

բ) ԽՍՀՄ կազմում մնալու եւ նրանից դուրս գալու ՀԽՍՀ‑ի լիակատար իրավունքի ճանաչում՝ դրա գործնական կիրառման եղանակի նշումով.

գ) հայ ազգային զորամիավորումների վերականգնում.

դ) տնտեսական քաղաքականության լիակատար ինքնուրույնություն, ներառյալ արտաքին առեւտուրը.

ե) այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման իրավունք.

զ) միջազգային կազմակերպություններին անդամակցելու իրավունք.

է) ԽՍՀՄ ֆեդերալ իշխանությունները չպետք է միջամտեն հանրապետության ներքին գործերին։ Հանրապետության տարածքում կարող են գործել միայն միութենական այն օրենքներն ու որոշումները, որոնք վավերացնում է հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը։

 

Սրան պետք է ավելացնել նաեւ Ծրագրում ձեւակերպված մի քանի այլ խնդիրներ, ինչպես՝ «մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերի, Հելսինկիի եւ Վիեննայի եզրափակիչ վավերագրերի» վրա հենված, հայ ժողովրդի իրական շահերն արտահայտող նոր Սահմանադրության ընդունումը, էներգիայի եւ շինանյութերի գծով կենսականորեն անհրաժեշտ ինքնապահովման հասնելը եւ այլն։

 

Դժվար չէ նկատել, որ այս խնդիրների լուծումը համարժեք կլիներ փաստական անկախության, որից հետո, ունենալով ԽՍՀՄ‑ի կազմից դուրս գալու իրավունքի՝ պայմանագրով վավերացված «գործնական կիրառման եղանակը», կամ համապատասխան միութենական օրենքը[ii], ցանկացած ժամանակ անկախությունը կարելի էր արձանագրել նաեւ իրավականորեն։

 

Այսինքն՝ անկախության խնդիրը Հայոց համազգային շարժման Ծրագրում մերկ կարգախոս չէր, այն դնում էր խնդիրներ եւ ուղենշում ճանապարհ, որոնց միջոցով Հայաստանը պատրաստ էր լինում թե՛ ԽՍՀՄ‑ի առժամանակ գոյատեւման, թե՛ նրա անակնկալ փլուզման դեպքերում հնարավորինս նախապատրաստված, նվազագույն կորուստներով եւ նվազագույն ռիսկերի դիմելով՝ լուծել անկախ պետականության հաստատման հարցը։

 

Սրանով ՀՀՇ‑ի անկախության ծրագիրն այնքան տարածված քաղաքական պոպուլիզմն ու արկածախնդրությունը մերժելու, հնարավոր բոլոր իրավիճակներին նախապատրաստված լինելու քաղաքական իրատեսության եւ պատասխանատվության, ժողովրդին վտանգներից հեռու պահելու մտահոգության, մարդակենտրոն արժեքային համակարգ դավանելու խոսուն ապացույց էր:

 

Պետականության հիմնադրույթներ. Ծրագրում հստակ ուրվագծվում էր նաեւ ապագա անկախ պետության քաղաքական եւ տնտեսական հիմքը։ Դա արտահայտված էր «գաղափարական սկզբունքները» բաժնում։ Ժողովրդավարական հիմնական նորմերի թվարկումը՝ իշխանությունների ձեւավորումը ազատ ժողովրդավարական ընտրությունների միջոցով, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը, բազմակուսակցական համակարգը, ազատ արհմիությունների գործունեության հնարավորությունը եւ այլն, մատնանշում էին, որ ստեղծվելիք պետությունը պետք է լիներ միջազգային չափանիշներով ժողովրդավարության սկզբունքների հիմքի վրա։ Ինչ վերաբերում է նրա տնտեսական համակարգին, ապա՝ այնպիսի հասկացությունների օգտագործումն, ինչպես՝ «սեփականության ձեւերի բազմազանությունը», «ազատ ձեռներեցությունը», «հողը ժառանգական օգտագործման իրավունքով գյուղացուն տալը», վկայում էին, որ ապագա պետության տնտեսակարգը լինելու է շուկայական հարաբերությունների վրա հիմնված ազատական տնտեսություն, եւ մերժվելու է խորհրդային սոցիալիստականը։ Դրանք, ըստ էության, «մոտակա նպատակների» իրականացումից՝ անկախության ձեռքբերումից հետո եկող խնդիրներ էին, ուստի Ծրագրում առայժմ ավելի շատ ներկայացվում էին որպես ուրվագիծ։

 

Կանոնադրությունը. Էական փոփոխություններ էին կատարվել նաեւ 1988‑ի փաստաթղթի կազմակերպական սկզբունքներին վերաբերող բաժնում։ Ավելի ճիշտ՝ «ՀՀՇ գործելակերպը» եւ «ՀՀՇ կազմակերպական ձեւերը» բաժինների հիման վրա ստեղծվել էր նոր փաստաթուղթ, կազմակերպության Կանոնադրությունը։ Սկզբունքային փոփոխությունները պայմանավորված էին Ծրագրում կատարված փոփոխություններով, խնդիրների եւ նրանց առաջնահերթությունների հստակեցմամբ։ Վերջիններս նշանակում էին, որ ՀՀՇ‑ն իր ծրագրային խնդիրները լուծելու համար ոչ թե շարունակելու է միայն ճնշումներ գործադրել իշխանությունների վրա, այլ գնալու է իշխանափոխության՝ որպես իշխանություն իրականացնելու համար իր քաղաքական ծրագրերը։

 

Առաջնահերթ դարձած նոր խնդիրների լուծման համար անհրաժեշտ էր որոշակիորեն հստակեցնել Շարժման քաղաքական կառույցը։

 

Ծրագրից արդեն իսկ հանվել էր «համայն հայությանը ՀՀՇ‑ի մեջ ընդգրկելու» դրույթը։ Դեռեւս մեկ‑մեկուկես տարի առաջ օրակարգային հիմնական հարցի համար օգտակար այդ դրույթը նոր պայմաններում այլեւս անիմաստ էր։ Նոր պայմաններում խոսքը մեկ հարց հետապնդող ազգ‑կազմակերպություն ստեղծելու մասին չէր, այլ իշխանության հավակնող քաղաքական կազմակերպության, ինչպես եւ ձեւակերպված էր Կանոնադրության սկզբում, որը պետք է տվյալ երկրի ժողովրդին, ոչ թե ողջ ազգին, առաջարկեր ինքնուրույն պետական համակարգի, հարեւանների հետ համակեցության եւ զարգացման քաղաքական ծրագիր եւ ճանապարհ։

 

Ըստ այդմ՝ հաջորդ կարեւոր փոփոխությունը կազմակերպության անդամակցության հարցն էր։ Նախկին՝ կոլեկտիվ անդամության հնարավորությունը չէր բացառվում, սակայն դրանից առաջ եւ որպես հիմնական՝ դրված էր անհատական անդամագրության սկզբունքը։ Առանձնացված էր սկզբնական եւ շրջանային կազմակերպությունների մակարդակ։ Ճիշտ է՝ ելումուտը կազմակերպության մեջ դեռեւս, այլ կազմակերպությունների համեմատ, մնում էր անհամեմատ ազատ, իրավունքներն՝ առավելագույն, եւ յուրաքանչյուրն ինքն էր որոշում իր պարտականությունների ձեւը եւ չափը, սակայն գոնե ծայրահեղ դեպքերի համար (եթե խախտել է Կանոնադրությունը կամ վարկաբեկել ՀՀՇ անդամի անունը) նախատեսվում էր նաեւ կազմակերպությունից վտարման հնարավորություն։

 

Հանված էր այն դրույթը, ըստ որի՝ կազմակերպության անդամ կարող են լինել Հայաստանից դուրս ապրող, ՀԽՍՀ քաղաքացի չհանդիսացող հայերը։ Նոր ձեւակերպմամբ՝ կազմակերպության անդամ կարելի էր դառնալ «անկախ ազգային պատկանելությունից, կրոնական համոզմունքներից, այլ կազմակերպությունների հարելուց»։ Չնայած մեծ հնարավորություններին, այդ եւ հետագա տարիներին օրենսդրական արգելքների բացակայությանը, ՀՀՇ‑ն ի սկզբանե սկզբունքորեն մերժեց իր կառույցները նաեւ հանրապետության սահմաններից դուրս եւ ազգային հատկանիշի հիման վրա ստեղծելու ավանդական գայթակղությունը։ Հասարակական ավանդական պատկերացումներին, նաեւ հենց սեփական այսօրեական շահերին դեմ արված այս քայլը, որքան էլ աշխարհում ընդունված ու սովորական մի նորմ, հայ քաղաքական մտքի պատմության մեջ արձանագրված աննախադեպ եւ որակապես նոր աստիճան էր, որ, բնականաբար, պետք է բախվեր կարծրացած ավանդականի իներցիային։

 

Եւ այնուամենայնիվ, Կանոնադրությունը շարունակում էր մնալ չափազանց ազատական, ՀՀՇ‑ն դրանով դեռեւս չէր դառնում դասական առումով քաղաքական կուսակցություն, շարունակում էր մնալ որպես համաժողովրդական շարժում՝ իր առջեւ դրված նոր խնդիրներին համապատասխան՝ օժտված միայն նվազագույն անհրաժեշտ կազմակերպական տարրերով։

 

Շարունակելի

 



[i]    Քանի դեռ Հայաստանը ԽՍՀՄ կազմի մեջ էր, նման հարց, վերջին հաշվով, կարելի էր բարձրացնել ու այն օգտագործել որպես քաղաքական լծակ կենտրոնական իշխանության հետ հարաբերություններում։ Անկախության պայմաններում այս հարցի բարձրացումը, այս պայմանագիրը չճանաչելը արդեն քաղաքականապես նպատակահարմար չէր, չէր բխում անկախ պետականության առջեւ ծառացած խնդիրների լուծման տրամաբանությունից։ Ընդհակառակը՝ այն կդառնար անիմաստ ու վտանգավոր, կնշանակեր միայնակ պատերազմական վիճակի մեջ հայտնվել Թուրքիայի դեմ։

[ii]    ԽՍՀՄ կազմից հանրապետությունների դուրս գալու սահմանադրական իրավունքի իրականացման մեխանիզմի պահանջը շուտով առաջարկեցին նաեւ ուրիշները, եւ ԽՍՀՄ-ն ստիպված էր մշակել եւ ընդունել այդպիսի գործընթաց կարգավորող օրենք (տե՛ս Տեղեկագիր ԽՍՀՄ ԳԽ, 1990, 15, հոդվ. 252)։