08.11.2019 13:41

Սպիտակ տան անանուն պաշտոնյան գիրք է հրատարակել ԱՄՆ նախագահի մասին

Սպիտակ տան անանուն պաշտոնյան գիրք է հրատարակել ԱՄՆ նախագահի մասին

Թրամփի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստ էին զանգվածաբար հրաժարական տալ: Սպիտակ տան ղեկավարի պահվածքը հաճախ նման է նրան, թե ինչպես է իրեն պահում «12-ամյա տղան, երբ անակնկալ հայտնվում է օդանավակայանի դիսպետչերանաոցում և սկսում  խուճապահար սեղմել կառավարման կոճակները»:

ԱՄՆ նախագահին վերաբերող այս և այլ մանրամասներ Սպիտակ տան անանուն աշխատակցի նոր գրքից հրապարակել է Washington Post թերթը, որը գրքի նմուշօրինակը ձեռք է բերել գրքի՝ նոյեմբերի 19-ին նախատեսված պաշտոնական հրապարակումից առաջ:

Ինչպես պնդում է Twelve հրատարակչությունը, գրքի անանուն հեղինակը ամերիկյան վարչակազմի գործող բարձրաստիճան պաշտոնյա է: 2018 թ. սեպտեմբերի սկզբին հենց նա է The New York Times թերթում հրապարակել «Ես դիմադրության մի մասնիկն եմ Թրամփի աշխատակազմի ներսում» վերնագրված հոդվածը՝ հաղորդելով, որ Սպիտակ տան աշխատակիցներից շատերը շարունակում են կատարել իրենց պարտականությունները միայն այն պատճառով, որ անհրաժեշտ են համարում երկիրը պաշտպանել «ԱՄՆ նախագահի կործանարար ազդակներից»:

259 էջանոց գրքում հեղինակը պատմում է, թե ինչ մթնոլորտ է տիրում աշխատակազմում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները աշխատանքի են գալիս «կատարելապես խուճապահար վիճակում», քանի որ ԱՄՆ նախագահն արդեն վաղ առավոտյան անակնկալ մենախոսությամբ է հանդես եկել իր Twitter-ում:

Փոխանցում է BBC-ն: