09.11.2019 10:00

30 տարի առաջ․ Հայոց Համազգային Շարժման հիմնադիր համագումարը (Մաս 4)

30 տարի առաջ․ Հայոց Համազգային Շարժման հիմնադիր համագումարը (Մաս 4)

30 տարի առաջ՝ 1989թ. նոյեմբերի 4-ից 7-ը, իր փաստական կազմավորումից ավելի քան մեկ տարի անց, տեղի ունեցավ Հայոց Համազգային Շարժման հիմնադիր համագումարը։ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման հիմքի վրա ստեղծվեց մի քաղաքական ուժ, որին վիճակվելու էր անկյունաքարային դերակատարություն ունենալ կոմունիստական 70-ամյա բռնապետության տապալման, Հայաստանի անկախության ձեռքբերման, պետական համակարգի կայացման, Լեռնային Ղարաբաղի փրկության եւ անվտանգության ապահովման, պարտադրված պատերազմում զինական հաղթանակների, ժողովրդավարության հաստատման գործում։ Այս առիթով հատվածաբար մեր ընթերցողին ենք ներկայացնում պատմաբան Աշոտ Սարգսյանի «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» (Երեւան, «Անտարես», 2018, 640 էջ) գրքի՝ ՀՀՇ հիմնադիր համագումարին վերաբերող գլուխը։

(Մաս առաջինՄաս երկրորդ, Մաս երրորդ

 

Մաս չորրորդ

 

զ) ՀՀՇ համագումարի նկատմամբ վերաբերմունքը եւ արձագանքները Հայաստանում

 

«Արմենպրես» լրատվական գործակալության անունից տարածվեց պատշաճ մի հաղորդագրություն ՀՀՇ համագումարի մեկնարկի մասին՝ արձանագրելով նաեւ Սուրեն Հարությունյանի գլխավորությամբ ՀԽՍՀ բարձր պաշտոնյաների մի խմբի մասնակցությունը[1]։ Հակիրճ մի հաղորդագությամբ ծանուցվեց նաեւ համագումարի աշխատանքների ավարտի մասին[2] ՝ երկու դեպքում էլ ձեռնպահ մնալով բովանդակային հարցերից։ Դրական կամ բացասական որեւէ արձագանք դրանց չհետեւեց։

 

Չնայած գործադրված բոլոր ջանքերին՝ ՀՀՇ հիմնադիր համագումարը հնարավոր չեղավ վիժեցնել, եւ վերջինս կարողացավ իր հիմնական փաստաթղթերում վավերացնել հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումներին հակադրվող գաղափարական սկզբունքները, դրանց վրա հենվող ծրագրերը, մասնավորապես՝ անկախ պետականության ստեղծման համար պայքարի ուղենիշը։ Թեեւ համագումարը հսկայական քաղաքական կշիռ ուներ, հանրապետական լրատվամիջոցները հնարավորինս շրջանցեցին համագումարի թեման՝ բավարարվելով չեզոք ու համառոտ մի տեղեկատվությամբ[3]։ Պաշտոնական քարոզչությունը եւ մամուլը, ինչպես միշտ, հնարավորինս ձեռնպահ մնաց արձագանքներից, հրապարակային քննադատությունից ու բանավեճից։

 

ՀՀՇ‑ի հաղթարշավին հակադրվելու ու համագումարի տպավորությունը ցրելու համար հարմար չնկատվեց դիմել նաեւ այնպիսի մի խոշորամասշտաբ միջոցառման, ինչպես սեպտեմբերին կազմակերպված «Հայ մտավորականության համաժողովն» էր։ Սակայն անհամեմատ համեստ նման միջոցառում, այնուամենայնիվ, կազմակերպվեց նոյեմբերի 17‑ին՝ Երեւանի պետական համալսարանի դասախոսական կազմի եւ վարչատնտեսական մասի մի ժողովի տեսքով[4]։ Ժողովի օրակարգի 6 հարցերից մեկը հենց այդպես էլ կոչվում էր՝ «ՀՀՇ‑ի համագումարը»։ Ժողովի համար նախապատրաստված որոշման ընդարձակ նախագծի հիմնական դրույթներն այլ բան չէին, քան այն ծանոթ արգումենտացիան, ինչը, բացահայտ կամ քողարկված, պարբերաբար ներկայացվում էր որպես Շարժման դեմ մեղադրանքների հիմք ու գաղափարական այլընտրանք։ Որոշման այդ նախագծում ՀՀՇ ծրագրին հակադրվում են «Հայ մտավորականության առաջին համաժողովի» «Հռչակագրի» դրույթները։ Դրանք համարելով «միանգամայն ճիշտ»՝ դրա հիման վրա էլ անհրաժեշտ էր համարվում «համազգային ծրագրի» մշակում, ինչի համար էլ առաջ էր քաշվում «համահայկական համաշխարհային կոնգրես» հրավիրելու գաղափարը, առաջարկվում էր հանրապետության կառավարությանը կից ստեղծել «ամենալայն լիազորություններով օժտված ազգային փրկության կոմիտե», Լեռնային Ղարաբաղի հարցը հետապնդել ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի, այլեւ «Հայ դատի» ու պահանջատիրության հիմքի վրա, իսկ Հայաստանի հեռանկարի մասին խոսելիս, իհարկե, չէր օգտագործվում «անկախություն» բառը։ Փաստաթղթում անհամաձայնություն էր հայտնվում ՀՀՇ Ծրագրի՝ Ղարաբաղի խնդիրը «Հայկական հարցի» ընդհանուր կոնտեքստից կտրելով՝ միայն ազգի ինքնորոշման իրավունքին հանգեցնելու», «Թուրքիայից ակնկալություններ ունենալու», «հայ ազգի քայլերն իր ուժին եւ հզորությանը համապատասխանեցնելու» ծրագրային դրույթներին։ «Ղարաբաղ» կոմիտեի ու ՀՀՇ‑ի նկատմամբ կրկնվում էին ծանոթ մեղադրանքները. «Կոմիտեի եւ հայ մտավորականության համագործակցությունն առայժմ անբավարար է», «ՀՀՇ հիմնադիր համագումարի անցկացման եղանակը եւ ղեկավար մարմինների ընտրությունը հեռու էին դեմոկրատական լինելուց»[5], «համագումարը փաստորեն չստեղծեց համազգային շարժում, այլ ձեւակերպեց մի կազմակերպություն, որը չհիմնավորված կերպով կրում է ՀՀՇ անունը» եւ այլն[6]։

է) Սփյուռքի վերաբերմունքը. ՀՀՇ քաղաքական ուղեգծի դեմ հիմնական ճակատը

 

Ի տարբերություն Հայաստանի կոմունիստական մամուլի չեզոք եւ համառոտ հաղորդագրության՝ սփյուռքահայ մամուլը եւ քաղաքական համարվող շրջանակները լայնորեն անդրադարձան ՀՀՇ հիմնադիր համագումարին։ Արձագանքների եւ տրված գնահատականների մասին ընդհանուր պատկերացում են տալիս դրանց ուշադիր հետեւող ՊԱԿ‑ի զեկուցագրերը։ Ըստ այդ փաստաթղթերի՝ համագումարը մեծ արձագանք է ունեցել եւ տեւական ժամանակ աշխույժ քննարկման նյութ է հանդիսացել։ Եւ գնահատականները եղել են ոչ միանշանակ։ Արձագանքող սուբյեկտները, ինչպես միշտ, երեքն են. ա) «ծայրահեղական թեւի ներկայացուցիչներ», բ) «առաջադիմական թեւ», գ) Դաշնակցություն։

 

«Ծայրահեղական» թեւ. Թե ինչ ուժեր կամ կազմակերպություններ են մտնում «ծայրահեղական» որակվող թեւի մեջ, զեկուցագրերում չի որոշակիացվում։ Մինչ այդ, այլ զեկուցագրերում այս շրջանակները կոչվում են «չեզոք»՝ նկատի ունենալով կուսակցական անմիջական վերահսկողությունից դուրս գտնվող կազմակերպություններ եւ անհատներ։ Իսկ «ծայրահեղականության» դրսեւորումն այն է եղել, որ վերջիններս դրական են արձագանքել համագումարի մասին։ Օրինակ, ԱՄՆ‑ում այդ թեւի կարծիքն այսպիսին էր. «ՀՀՇ համագումարը հայ ազգային‑ազատագրական շարժման զարգացման պատմության մեջ դարձավ կարեւոր փուլ, Հայոց պետականության իրական վերածնման սկիզբ»[7]։ Դա նշանակում է, որ Սփյուռքում, կուսակցությունների ազդեցության ոլորտից դուրս, քիչ չէին նույն գաղափարներն ամբողջությամբ կիսող մարդիկ ու կազմակերպություններ, որոնք բարձր քաղաքական գնահատական էին տվել ՀՀՇ համագումարին:

 

«Առաջադիմական թեւ». Սրա մեջ մտնող ռամկավարները եւ հնչակները Սփյուռքի այլ կազմակերպությունների թվում ընդունել էին Հայոց համազգային շարժման համագումարին մասնակցելու հրավերը եւ ելույթներով ողջունեցին այն։

 

Իսկ իրական վերաբերմունքի եւ մտավախությունների մասին հետախուզության փաստաթղթերն այլ բան են վկայում։ Ըստ դրանց՝ «առաջադիմական» թեւի  դիրքորոշումը բացասական է եղել։ Հետաքրքիր է, որ վերջիններիս միավորող ընդհանուր անհանգստությունը, առաջին հերթին, բխել է ոչ թե համագումարում քննարկված հարցերի եւ ընդունված որոշումների քաղաքական էությունից, այլ այն բանից, որ ՀՀՇ համագումարի պատվիրակները բացահայտ համակրանք դրսեւորեցին Դաշնակցության նկատմամբ[8]։ Սիրիայում, օրինակ, «առաջադիմականները» դժգոհություն են հայտնում, որ «Ղարաբաղ» կոմիտեն եւ մի քանի այլ ոչ պաշտոնական կազմակերպություններ, իբր, գիտակցաբար բարձրացնում են դաշնակների դերն ու հեղինակությունը։ Նրանց հատկապես անհանգստացնում էր այն բանը, թե Հայկական ԽՍՀ‑ի տարածքում այս կուսակցությունը կարող է լեգալ կառույցներ ստեղծել։ Այդ բանը թույլ չտալու համար, ահա, «առաջադիմական» կազմակերպությունները միավորվում են՝ միասնական ճակատով թույլ չտալու, որ Դաշնակցությունը կուսակցական աշխատանք սկսի Հայաստանի տարածքում։ Նրանք մտահոգված են, որ «Դաշնակցությունը, քողարկվելով ԽՍՀՄ‑ի եւ ՀԽՍՀ‑ի նկատմամբ լոյալ վերաբերմունքի կարգախոսներով, շարունակում է որոճալ իրենց ղեկավարությամբ «Ազատ եւ անկախ Հայաստան» ստեղծելու ծրագրեր»[9]։ «Առաջադիմականների» հաջորդ մտավախությունը հայտնի է, այն կապված էր անկախության ծրագրերի հետ. նրանք նաեւ «դատապարտում են Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու ամեն մի կոչ (այստեղ արդեն նկատի ունի ՀՀՇ‑ի Ծրագիրը – Ա.Ս), համարում, որ հայ ժողովրդի ծաղկումը հնարավոր է միայն ԽՍՀ Միության մեջ»[10]։

 

Մի այլ փաստաթղթից նույնպես տեղեկանում ենք, որ, օրինակ, ԱՄՆ‑ի հայկական համայնքի «առաջադիմական թեւի» ներկայացուցիչներին եւս խիստ անհանգստացրել է ՀՀՇ համագումարի պատվիրակների բացահայտ համակրանքը ՀՅԴ‑ի հանդեպ։ Իսկ այն հանգամանքը, որ Դաշնակցության ներկայացուցիչները այստեղ ելույթ չունեցան, նրանք մեկնաբանել են ոչ այլ կերպ, քան՝ որպես նրանց կողմից ՀՀՇ‑ի հետ «անդրկուլիսյան զրույցների վրա շեշտը դնելու տակտիկական քայլ, որի ընթացքում կարեւոր կապեր են հաստատել «հանրապետության ապագա ղեկավարների հետ»[11]։ Այստեղ եւս «առաջադիմականների» երկրորդ անհանգստությունը վերաբերում է Շարժման՝ անկախության ձգտման գաղափարներին ու ծրագրերին։ Նույն փաստաթուղթը հաղորդում է, որ «գործնականում բոլոր շրջանակները տագնապով են վերաբերվում ՀՀՇ համագումարում հնչած՝ Պ. Հայրիկյանին Հայաստան վերադարձնելու պահանջին»։ Նրանց կարծիքով՝ դրանով ՀՀՇ‑ում կուժեղանա Հայաստանը ԽՍՀՄ կազմից դուրս բերելու կողմնակիցների թեւը[12]։ Իրականում, իհարկե, դա ոչ թե «թեւի», այլ ամբողջ կազմակերպության հստակ դիրքորոշումն էր, սակայն ոչ թե կարգախոսների կամ կտրուկ քայլերի տեսքով, այլ մանրակրկիտ եւ իրատեսական քաղաքական ծրագրի հետեւողական իրականացման։

 

Դաշնակցությունը. Մինչ այդ, նախընթաց շրջանում արդեն իսկ արձանագրվել էին հիմնական քաղաքական հարցերում Շարժման եւ ՀՅԴ (նաեւ մյուս կուսակցությունների) ղեկավարության սկզբունքային դիրքորոշումների առանցքային տարբերությունները։ Նկատի ունենալով, որ դրանք յուրատեսակ բանալի են, ինչպես մինչ այս, այնպես էլ առաջիկա շրջանի իրադարձությունները ճիշտ հասկանալու ու գնահատելու համար, եւս մեկ անգամ ամփոփ ներկայացնենք այդ պատկերը։

 

Ըստ ՀՀՇ‑ի՝ ա) Ղարաբաղի հարցը ոչ թե հողային, այլ ինքնորոշման իրավունքի հարց էր, ինչը ժամանակին ոտնահարվել է։ Նրա բնակչության անվտանգության եւ արժանապատիվ կյանքի ապահովումը տվյալ պայմաններում հնարավոր է նրանց իսկ բարձրացրած խնդրի՝ Հայաստանին միավորվելու միջոցով։ բ) Անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի համար գերագույն արժեք է եւ նպատակ է, եւ ստեղծված բարենպաստ իրավիճակում Հայաստանը կարող է եւ պետք է գնա անկախ պետականության հաստատման ճանապարհով։ գ) Հայաստանը պետք է ապավինի միայն սեփական ուժերին, եւ պահանջատիրությունը չի կարող դրվել Շարժման օրակարգում որպես մոտակա նպատակ. այն առայժմ լուծման որեւէ հեռանկար չունենալով՝ միայն արգելափակոցի դեր կարող է խաղալ անկախության եւ ցանկացած այլ լուծելի հարցերի ճանապարհին։

 

Նույն հարցերի մասին ՀՅԴ պատկերացումները տրամագծորեն հակառակն էին. ա) Ղարաբաղի խնդիրը Հայ դատի, ընդհանուր հողային պահանջատիրության մի մաս է եւ չի կարող այլ կերպ մեկնաբանվել, բ) բացառում էր Հայաստանի անկախությունը, քանի դեռ ավելի հզոր պետության (ԽՍՀՄ‑ի) կազմում գտնվելով՝ չեն լուծվել պահանջատիրության բոլոր հարցերը, գ) պահանջատիրության եւ «Հայ դատի» բոլոր խնդիրները պետք է անմիջականորեն լինեն օրակարգում, եւ բոլոր ծրագրերն ու գործողությունները արտածվեն դրանից։

 

Այստեղից էլ բխում էր ՀՀՇ եւ ՀՅԴ‑ի քաղաքական մոտեցումների տրամագծային տարբերությունը։ Ըստ ՀՀՇ‑ի՝ ժողովուրդն իշխանության սուբյեկտ է, որպես այդպիսին՝ այն կարող է լինել որոշակի տարածքում, հնարավորություն ունենա ընտրություն կատարել իրեն առաջարկված քաղաքական ծրագրերի մեջ եւ իշխանության իր մենաշնորհն իրականացնի ընտրական մեխանիզմի միջոցով: Այս պատկերացման հիմքում դրված էին հայկական անկախ, ժողովրդավարական պետության ու նրա քաղաքացու գաղափարները։ Ըստ ՀՅԴ‑ի՝ ժողովուրդն իշխանության օբյեկտ է (ինչպես ընկալվում էր ավանդաբար), որպես այդպիսին էլ որոշիչ չէ նրա բնակության վայրը։ Ժողովրդի դերը հայեցողական է, նա ծրագրերի հումք է, իր իսկ «էլիտայի» սեփականությունը[13], իսկ նրան որպես էլիտա իշխելու իրավունքը կանխորոշված է եւ պատմությամբ տրված է ՀՅԴ‑ին։

 

Հակադիր այս պատկերացումները պայմանավորում էին նաեւ գործելակերպի ձեւերը։ Առաջին դեպքում անհրաժեշտաբար պետք է դրվեր հարեւան երկրների հետ նորմալ միջպետական հարաբերություններ ունենալու եւ վիճելի հարցերը երկկողմ հարաբերություններով լուծելու խնդիրը։ Երկրորդ դեպքում՝ պահանջատիրական ծրագրերը անընդհատ թմբկահարելու եւ մշտական թշնամություն բորբոքելու համար անհրաժեշտ կլիներ գտնվել այլ, ավելի հզոր պետության կազմում ու որպես նրա քաղաքացի՝ պաշտպանված լինել։

 

Անհաշտելի այս մոտեցումներն էլ պիտի պայմանավորեին Դաշնակցության արձագանքները, որոնք տրվեցին նրա կենտրոնական մամուլում։ Մի քանի բնորոշ մեջբերում՝ «Ինչո՛ւ հուսախաբություն պատճառեց ՀՀՇ հիմնադիր համագումարը» վերնագրով հոդվածից.

 

«Հաջորդաբար 17 հունիս 1989‑ին գումարած «Հայոց համազգային շարժումի հիմնադիր ժողովին» Հռչակագրով եւ Գերագույն խորհրդի՝ 23 հունիս 1989‑ի նիստին Լեւոն Տեր‑Պետրոսյանի ունեցած ելույթով... այլապես համահայկական գնահատումի արժանացած «Ղարաբաղ» կոմիտեն կռնակ կը դարձներ ավելի քան հարյուրամյա պայքարով հայ ժողովուրդի ազատագրական շարժման բյուրեղացած գաղափարաքաղաքական դասերուն...»։ «...հագնելով Հայոց համազգային շարժման պատմուճանը՝ «թե՛ օգոստոս 1988‑ին հրատարակած իր ծրագրով, թե հունիս 1989‑ին վերոհիշյալ ելույթներով... ոչ մեկ եւ միացյալ Հայաստանի եւ ոչ այլ մեկ ու միացյալ հայության ի խնդիր պայքարելու, ինչպես նաեւ այդ ուղղությամբ միացյալ ճակատ կազմելու հանձնառության տակ կմտներ»։ «Ղարաբաղ» կոմիտեն կշարունակեր, իր ծրագրային թե սկզբունքային հայտարարությանց մեջ, առավելագույն չափով հեռու մնալ Հայ դատը իբրեւ մեկ անբաժանելի ամբողջություն սահմանելու դիրքերեն, ինչպես նաեւ՝ հայրենիքի եւ սփյուռքի հայությունն իբրեւ միեւնույն տեսլականներուն համար պայքարող ամբողջություն պատկերացնելու հրամայականեն»[14]։

 

Նույնպիսի տեղեկություններ են հաղորդում նաեւ համապատասխան ծառայությունների կազմած զեկուցագրերը. «Իրենք դաշնակները... հիասթափված են համագումարի արդյունքներից. ամերիկյան դաշնակների մեծ մասը գտնում է, որ ներկայումս «չի կարելի կենտրոնանալ միայն Լեռնային Ղարաբաղի առիթով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության վրա»։ Նրանց կարծիքով՝ ջանքերը հիմնականում պետք է կենտրոնացնել հանրապետության՝ երկրաշարժից ավերված տնտեսության վերականգնմանը, Սփյուռքի ռեսուրսներն օգտագործել դրա վրա եւ ուղիներ փնտրել արեւմտյան կապիտալի ներգրավման համար։ Իսկ այդ նպատակով անհրաժեշտ է «ժամանակավորապես սառեցնել ղարաբաղյան խնդիրը՝ թողնելով միայն մեկ պահանջ՝ մարզի ենթարկումը անմիջապես միութենական իշխանություններին»։ Եւ միայն 3‑5 տարվա ընթացքում ճգնաժամից դուրս գալուց հետո «կարելի է վերադառնալ «հայկական հողերի խնդրին», բայց արդեն ավելի լայն ընդգրկումով»[15]։

 

ՀՀՇ հիմնադիր համագումարը նույնպիսի բացասական արձագանքի էր արժանացել նաեւ Իրանի դաշնակցականների կողմից։ Նրանք դժգոհ էին մնացել, որ համագումարին Սփյուռքի ներկայացուցիչները հրավիրվել են միայն խորհրդակցական ձայնի իրավունքով։ Նրանց համոզմամբ՝ «ՀՀՇ‑ն պետք է հետապնդի «Միասնական Հայաստան» ստեղծելու, բնիկ հայկական հողերի վերամիավորման, խորհրդային իշխանության տարիներին անջատված տարածքները Հայկական ԽՍՀ‑ին վերադարձնելու նպատակ։ Այդ նպատակին հասնելու համար ՀՀՇ‑ն պետք է հենվի խորհրդային կենտրոնական իշխանությունների աջակցության վրա եւ պահանջի նրանց գործակցությունը այդ խնդրի լուծման համար։ Այդպիսի հստակ ծրագիր չունենալով՝ ՀՀՇ‑ն ընդունակ չէ դառնալ ողջ աշխարհի հայության շահերի արտահայտիչը»[16]։ Այսինքն, որքան էլ անհեթեթ, բայց Դաշնակցությունը համարում էր, որ ՀՀՇ‑ն պետք է որդեգրի եւ իրականացնի իր՝ ՀՅԴ‑ի ծրագիրը...

 

Ներկայացող պատկերը խիստ բնութագրական է «միասնական» եւ «հայրենասեր» Սփյուռքի համար։ «Առաջադիմականների» առնվազն երկու մտահոգություններն անհիմն էին. նախ՝ Դաշնակցությունը բացահայտ դեմ էր անկախական որեւէ կոչի ու ծրագրի եւ իր այս դիրքորոշման մեջ, ի տարբերություն նույն «առաջադիմականների», հետեւողական գտնվեց մինչեւ վերջ։ Երկրորդ՝ ճիշտ է, ՀՀՇ‑ն բարյացակամ էր տրամադրված եւ որեւէ խնդիր չուներ ՀՅԴ‑ի հետ, բայց դրա փոխարեն վերջինս լուրջ խնդիր ուներ ՀՀՇ‑ի հետ. նա անգամ չէր ընդունել համագումարին մասնակցելու հրավերը եւ իր մամուլով սուր քննադատության էր ենթարկում նրա որոշումները եւ ծրագրերը։

 

Ավելին՝ Բյուրոն նախապես գաղտնի մի շրջաբերական էր ուղարկել իր բոլոր կառույցներին, որով արգելում էր որեւէ կարգավիճակով իր անդամներից որեւէ մեկի մասնակցությունը ՀՀՇ հիմնադիր համագումարին եւ որեւէ համագործակցություն նրա հետ[17]։ Անգամ Հայաստանի կոմկուսը, որին քաղաքական ընդդիմություն էր դառնում ՀՀՇ‑ն եւ ակնհայտորեն հավակնում իշխանության, ընդունել էր այդ հրավերը, եւ նրա Առաջին քարտուղար Ս. Հարությունյանը ողջույնի խոսք ասաց համագումարում՝ ներկայացնելով նաեւ իր նկատառումները։ Ճիշտ է՝ այդ ժամանակ Երեւանում գտնվող մի քանի բարձրաստիճան դաշնակցականներ, որոնք այլախոհական տրամադրություններ ունեին կուսակցության բյուրոյի գծի դեմ, որպես մասնավոր անձինք ներկա էին համագումարի նիստերին։ Բուռն ծափահարություններ հնչեցին երբ տրվեց Հայ հեղափոխական դաշնակցություն անունը  (գուցե պատահական չէր, որ հենց Ս. Հարությունյանի ելույթում)։ Այդ ծափահարությունները նաեւ նրանց ելույթը լսելու հրավեր էր, սակայն ներկա դաշնակցականներից որեւէ մեկն, անգամ մասնավոր անձի կարգավիճակով, չհամարձայնեց որեւէ խոսք ասել, քանի որ այդ արտոնությունը չուներ[18]։

 

Համագումարին մասնակցելու հրավերի մերժումը ՀՅԴ‑ի կողմից բնական էր։ ՀՀՇ համագումարին պաշտոնապես մասնակցելու դեպքում կար երկու տարբերակ։ Դաշնակցությունը կարող էր սովորական ողջույնի խոսք ասել՝ առանց իր ունեցած տարաձայնություններին անդրադառնալու։ Այս դեպքում անհասկանալի կմնային մինչ այդ ՀՀՇ‑ի եւ «Ղարաբաղ» կոմիտեի դեմ ուղղված կոշտ ու անվերապահ քննադատությունը, ընդհուպ՝ մահացու մեղադրանքները։ Բացի այդ՝ դրանով նա նաեւ իրեն կզրկեր համագումարից հետո ՀՀՇ‑ին է՛լ ավելի սուր քննադատության ենթարկելու, պիտակավորելու հնարավորությունից, ինչը նրա կարեւորագույն խնդիրն էր։ Կար երկրորդ տարբերակը. համագումարին մասնակցելու առիթն օգտագործելով՝ հայտներ նաեւ իր տարաձայնությունները (ինչը բազմիցս արել եւ անում էր իր մամուլով)։ Այս դեպքում, սակայն, Շարժման ղեկավարներին առիթ կտար պատասխան ելույթների։ Եւ եթե համագումարում այդ բանավեճի հետեւանքով դրվեր յուրատեսակ «կա՛մ‑կա՛մ»‑ի հարց (իսկ այդ դեպքում դժվար կլիներ դրանից խուսափել), եւ հաղթող կողմը մնար Շարժման ղեկավարությունը (դա էլ ՀՅԴ լիդերներն անպայման հաշվարկել էին), Դաշնակցությունն էապես կկորցներ իր հեղինակությունն ու խորհրդավորությունը, որ դեռեւս նաեւ Շարժման մասնակիցների մի մասի պատկերացումների մեջ նստած էր։ Այս պահին եւ այս առիթով նա չուզեց գնալ ռիսկի եւ բաց առճակատման։

 

ՀՅԴ‑ն Հայաստանի անկախության եւ այդ անկախության ծրագիրը որդեգրած ՀՀՇ‑ի դեմ պայքարի իր ստանձնած դերը Հայաստանում առայժմ պետք է կատարեր իր չբացահայտված անդամների եւ այլազան անուններով մանր կազմակերպությունների ձեռքով, իսկ բացահայտ՝ պաշտոնական իր մամուլի միջոցով պետք է գործեր Սփյուռքում։ Ճիշտ է՝ այդ մամուլը սահմանափակ քանակությամբ էր հասնում Հայաստան եւ լայն տարածում չուներ, սակայն անհրաժեշտ նյութերը կոմունիստական մամուլը հաճույքով արտատպում էր, իսկ նոմենկլատուրային մտավորականության ներկայացուցիչները դրանք երկրորդում էին իրենց ելույթներում։

 

ՀՀՇ հիմնադիր համագումարին, ինչպես եւ սպասելի էր, Դաշնակցության պաշտոնական արձագանքը խիստ օպերատիվ էր եւ, իհարկե, խիստ բացասական։ Այդ արձագանքը հնչեց ընդամենը հինգ օր անց, հենց այդ առիթով հրավիրված «ՀՅԴ մամլո ներկայացուցիչների խորհրդաժողովի» ընդարձակ մի «Հայտարարագրի»[19] եւ մի շարք հոդվածների տեսքով[20]։

 

Մեղադրանքների եւ վերագրումների մեջ նորություն չկար, դրանք հատկապես վերջին կես տարում հաճախակի կրկնվում էին դաշնակցական մամուլում։ Կային, սակայն, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ վարկաբեկելու համար Շարժման ղեկավարությանը, օրինակ, որ՝ «Ղարաբաղ» կոմիտեն որոշապես համագումարեն հեռու պահած էր ներկայացուցիչները Արցախի թե Հայաստանի ժողովրդային շարժումներուն», կամ՝ «Ղարաբաղ» կոմիտեն պարզապես իր նախընտրած ցանկը պարտադրեց ժողովականներուն, Շարժումի ղեկավարութենեն դուրս ձգելով համագումարին մասնակից եւ վստահութեան մեծ դրամագլուխ վայելող քաղաքական գործիչներ եւ մտավորականներ»։ Իրականում համագումարին Արցախից մասնակցում էր լուրջ պատվիրակություն, եւ նրանցից Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը առաջադրվեցին ՀՀՇ վարչության կազմում, եւ վերջինը նաեւ ընտրվեց։ Իսկ ՀՀՇ վարչության ընտրությունը տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկությամբ, առաջադրումների ժամանակ որեւէ սահմանափակում չկար, թեկնածուների թիվը մի քանի անգամ գերազանցում էր տեղերի քանակը։ Պարզապես՝ «վստահության դրամագլխի» գնահատման չափանիշների տարբերություն կար, եւ համագումարի պատվիրակներն ընտրություն կատարելիս, բնականաբար, ելնում էին ոչ թե ՀՅԴ լիդերների, այլ գնահատման իրենց չափանիշներից ու պատկերացումներից։

 

Հաջորդ մեղադրանքը շատ ավելի խոսուն էր ներկայացնում Դաշնակցության մտահոգությունը. «Հայոց համազգային շարժման մեջ իր տեղը պետք է գտներ Հայաստանի համայնավար (կոմունիստական) իշխանությանց ազգային քաղաքական առումով առողջ տարրը»[21]։ Եթե այդ «առողջ տարրը» ղեկավարում էր կոմկուսի առաջին քարտուղար Ս. Հարությունյանը, որ գեթ վերջին կես տարում դաշնակցական մամուլում ներկայացող «ամենաազգային եւ ամենաառողջ» գործիչն էր, ուրեմն խոսքը վերաբերում է ողջ Կոմունիստական կուսակցությանը եւ նրա նոմենկլատուրային, քանի որ այն, ինչպես այդ ժամանակ, այնպես էլ մինչեւ վերջ մնաց միասնական եւ «թեւերի» չբաժանվեց։ Եւ հենց դա էլ նկատի ունի։ Պարզվում է, որ ի տարբերություն «Ղարաբաղ կոմիտեի խարխափումներու», «Հայրենի պաշտոնական շրջանակները մայիս 1989‑էն ետք կանգնած էին շատ ավելի համազգային դիրքերու վրա»։ Որպես դրա ապացույց՝ հիշատակվում է մայիսի 28‑ին «Ավանգարդ» թերթում  հրապարակված «Հայոց համազգային ծրագիր» խորագրով փաստաթուղթը[22]։ Ըստ Դաշնակցության՝ շատ ավելի ճիշտ եւ համազգային դիրքերի վրա էր կանգնած եղել նաեւ նույն ժամանակ (հունիսին) ստեղծված «Ոչ պաշտոնական կազմակերպություների խորհուրդը», ուստիեւ անմիջապես արժանացել էր ՀՅԴ Բյուրոյի հատուկ ողջույնին։ Նույնպիսի դրական գնահատականի է արժանանում նաեւ «Հայ մտավորականության համաժողովը»։ Ահա այս երեքը, ըստ ՀՅԴ‑ի, ի տարբերություն «Ղարաբաղ» կոմիտեի եւ ՀՀՇ‑ի, կանգնած են եղել ճիշտ գաղափարախոսական դիրքերի վրա, ինչի տակ, բնականաբար, այլ բան չի հասկացվում, քան գաղափարախոսական այն հիմնադրույթները, որոնք դավանում էին սփյուռքյան կուսակցությունները, որոնց վրա էր ի սկզբանե խարսխված Շարժման դեմ գաղափարական պայքարը[23]։

 

Համագումարի առիթով հարուցված մեղադրանքների մեջ էր հետագայում հաճախ կրկնվող «Ղարաբաղը ծախելու» այսպիսի մի նախատիպ. «ՀՀՇ‑ի ղեկավարությունը վերապահության գիրկը նետեց Արցախի հայությունը»[24]։ Դաշնակցությունը լուրջ առարկություն ուներ նաեւ «համազգային» բառի օգտագործման հարցում։ Ըստ նրա՝ միայն Ղարաբաղի հարցն առանձին համազգային շարժման (եւ ջանքերի) խնդիր չի կարող լինել, այդպիսին լինելու համար այն պետք է մեկնաբանվի «Հայ դատի» եւ ընդհանուր պահանջատիրության ենթատեքստում, եւ դրա հետ միասին պահանջվեն նաեւ պատմական հայկական մյուս հողերը։ Ավելին՝ համազգային շարժման հարց չի կարող լինել նաեւ անկախության հարցը, եթե դա ձեռք է բերվում միայն գոյություն ունեցող Հայաստանի ու նրա ժողովրդի համար եւ չի հաջորդում ընդհանուր պահանջատիրության իրականացմանը։ Ըստ այդմ էլ՝ եթե առաջին դեպքում (Ղարաբաղի խնդրում) Սփյուռքը կարող էր ընդամենը որոշ զորակցություն ցույց տալ, ապա երկրորդը (անկախության խնդիրը) «պանթուրքիզմի վտանգի» պայմաններում համարվում էր անթույլատրելի։ Ուրեմն՝ եթե ՀՀՇ‑ի առաջադրած այս խնդիրները համազգային հնչեղություն չունեն, չեն կարող նաեւ համազգային շարժում առաջացնել։ Իսկ եթե չեն կարող նման շարժում առաջացնել, ուրեմն՝ «Ղարաբաղ» կոմիտեն իրավունք չունի օգտագործել այդ բառը։ Իսկ «իրավ հայոց համազգային շարժման» խնդիրը դեռ մնում է չլուծված։ Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ հարցն այդքան լավ պատկերացնող Դաշնակցությունը ո՛չ այդ ժամանակ, ո՛չ էլ հետո, ինքը ձեռնամուխ չեղավ այդ՝ «իրավ հայոց համազգային շարժման» խնդրի իրականացմանը։

 

Այսինքն՝ որպեսզի հնարավոր գտներ իր մասնակցությունը ՀՀՇ համագումարին, ՀՅԴ‑ն երկու պայման ուներ։ Առաջին՝ գաղափարական առումով ՀՀՇ Ծրագրում ամբողջությամբ կրկնված տեսներ իր ծրագիրն ու պատկերացումները։ Երկրորդ՝ նա լուրջ առարկություններ ուներ կազմակերպական իմաստով։  Իր գաղափարախոսներից մեկի բերանով այդ առարկությունը հնչում է հետեւյալ կերպ. «Համագումարի համար ոչ մեկ տարբերություն չկար հնչակեանի, ռամկավարի, դաշնակցականի եւ այլ կազմակերպությունների միջեւ։ Նրանք բոլորը Սփյուռքի հավասար կազմակերպություններ էին... «Ղարաբաղ» կոմիտեն... չուզեց, կամ չհասկացավ Դաշնակցության դերը այդ շարժման մեջ»[25]։ Այսինքն՝ Դաշնակցությունը վիրավորված էր առանձնաշնորհի չարժանանալու համար, եւ չէր կարող իրեն թույլ տալ նույն դահլիճում հավասար կարգավիճակով նստել ռամկավարների եւ հնչակյանների հետ։

 

ՀՅԴ‑ն կարծում էր, որ «Ղարաբաղ» կոմիտեն ոչ թե պետք է Հայաստանում գոյություն ունեցող Շարժմանը կազմակերպական տեսք տար եւ դարձներ «պաշտոնական կառավարության մրցակիցը», ընդհակառակը՝ նա պետք է ամեն կերպ խուսափեր իշխանության հավակնելուց։ Համագումարին պետք է հրավիրվեին արդեն գոյություն ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ըստ ազգային հարցերում եւ հասարակության մեջ իրենց կշռի եւ համարումի։ Դժվար է ասել, թե ինչ չափանիշներով պետք է որոշվեր այդ կշիռը եւ, ըստ այդմ էլ՝ պատվիրակների քանակը յուրաքանչյուրից։ ՀՅԴ‑ն այդ շարքում իրեն, իհարկե, առաջինն էր համարում, իրենից հետո (ըստ նրա կենտրոնական  մամուլի քաղաքական գնահատականների), ըստ արժանավորության՝ նա տեսնում էր կոմկուսը՝ Ս. Հարությունյանի գլխավորությամբ, ապա՝ «Հայ մտավորականության համաժողովը», ապա՝ «Ոչ պաշտոնական կազմակերպությունների խորհուրդը», հետո գուցե նաեւ «Ղարաբաղ» կոմիտեն եւ ՀՀՇ‑ն։ Ահա այս բոլորը միասին պետք է «ճշտեին» Շարժման գաղափարական հիմքը, որոշեին խնդիրները եւ ղեկավարեին այն։ Մինչդեռ, նրա գնահատմամբ՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ որոշ անձինք ինչ‑ինչ հաշիվներից ելնելով... ճարպիկ կերպով  եւ երկդիմի բանաձեւումներով պճնազարդեցին մի ինչ‑որ խոտոր քաղաքական ուղեգիծ եւ նպատակ, որը փաստորեն առիթ տվեց մեծ դժգոհությունների»[26]։ Ըստ այսմ էլ՝ «Ղարաբաղ» կոմիտեի գործը ստանում է «ինքնակենտրոն», «ինքնանպատակ», «հատվածապաշտ», «այլամերժ» քաղաքական գնահատականները։

 

Դաշնակցական մամուլի վերլուծություններում ամենից հաճախ կրկնվող միտքն այն էր, թե Հայաստանում եւ Սփյուռքում ժողովրդի լայն շրջանակները խոր «հուսախաբություն» ապրեցին։ Թե Սփյուռքում գործնական ինչ հետեւանքներ ունեցավ այդ «հուսախաբությունը», մեզ հայտնի չէ, իսկ Հայաստանում դրա արդյունքը մի քանի ամիս հետո եղավ համաժողովրդական լայն պաշտպանությամբ ՀՀՇ‑ի անկասելի ու համոզիչ հաղթանակը Գերագույն խորհրդի ընտրություններում ու նրա կողմից կոմունիստական 70‑ամյա ռեժիմի տապալումը։

 

Եւ այսպես.

Հայկական ժողովրդավարական շարժման քաղաքական կառույցի՝ ՀՀՇ‑ի հիմնադիր համագումարի ու նրա որդեգրած քաղաքական ուղեգծի նկատմամբ Սփյուռքի վերաբերմունքը տարաբնույթ էր.

 

Ինչպես ի սկզբանե, Շարժման ջերմ պաշտպան էին շարունակում մնալ Սփյուռքի՝ կուսակցական ազդեցություններից դուրս շրջանակները։

 

«Առաջադիմականները», ընդհանուր առմամբ շարունակելով մնալ հայդատականության հիմքերի վրա, ավելի շատ անհանգստացած էին մրցակից Դաշնակցության՝ ՀՀՇ‑ի կամ Հայաստանի իշխանության ավելի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու հնարավորությունից։

 

Դաշնակցությունը, շարունակելով իր կոշտ, ըստ էության՝ թշնամական վերաբերմունքը, խստորեն քննադատում էր Հայոց համազգային շարժման որդեգրած անկախության ուղեգիծը, փաստորեն պահանջելով, որ «ժամանակավորապես» դադարեցվի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի միացնելու համար պայքարը, իսկ ՀՀՇ‑ն առաջնորդվի իր՝ ՀՅԴ‑ի ծրագրով։

 

Ընդհանրապես, կուսակցական շրջանակները չէին ընդունում ՀՀՇ‑ի առանձին քաղաքական ուժ դառնալու փաստը։ Դա խոչընդոտելու համար, շահարկելով «ազգային միասնության» երեւութական գաղափարը, նրանք համարում էին, որ ՀՀՇ‑ն պետք է լինի ընդամենը յուրատեսակ մի «հովանոց», որի տակ պետք է հավաքվեն մնացած բոլոր կազմակերպություններն ու կառույցները, ընդհուպ իշխող Կոմունիստական կուսակցությունը, ու միասին «որոշեն ազգային հարցերը»։

 



[1]    Տե՛ս «Խորհրդային Հայաստան», 05.11.1989։

[2]    «Խորհրդային Հայաստան», 08.11.1989։

[3]    Համագումարին լրացուցիչ նյութերով անդրադարձան «Երեկոյան Երեւանը» (06.11.1989, 07.11.1989), «Ավանգարդը» (12.11.1989) տարբեր նյութով եւ լուսանկարներով մի ամբողջ էջ նվիրեց համագումարին՝ Լենինի՝ «Կա՛ այդպիսի կազմակերպություն» հայտնի խոսքը վերնագիր դարձնելով։ Այս թերթերը երբեմն դուրս էին գալիս գրաքննության շրջանակներից։

[4]    Հատկանշական է, որ ժողովին մասնակից չեն դարձրել ուսանողներին, հակառակ դեպքում անհնար կլիներ նման փաստաթղթի քննարկումը։

[5]    Այս պնդման հիմքն այն էր, որ համագումարին մասնակցած եւ ելույթներով հանդես եկած նոմենկլատուրային մտավորականության ներկայացուցիչներ Լենդրուշ Խուրշուդյանը, քաղաքագետ Հակոբ Հակոբյանը եւ ուրիշներ չէին ընտրվել ՀՀՇ վարչության կազմում։

[6]    ՀՀԱՆԱ, 15/17.11.89։

[7]    ՀԱԱ, ֆ.1. ց.87, գ.34, թ.78։

[8]    Տե՛ս նույն տեղում։ Երբ ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար Ս. Հարությունյանի ելույթում հնչեց ՀՅԴ-ի անունը, համագումարը հոտնկայս բուռն ծափահարեց։ Չնայած այն բանին, որ Սփյուռքում Դաշնակցությունն ի սկզբանե պայքարում էր Շարժման դեմ, սակայն շատերը դրան անտեղյակ էին, քանի որ Կոմիտեն երբեւէ հարկ չէր համարել դրան հրապարակավ անդրադառնալ։

[9]    Այս մտահոգությունն անտեղի էր, գուցե եւ արդյունք այս կուսակցությունների անտեղյակության կամ մտասեւեռումի, քանզի հենց ՀՅԴ-ն էր պայքարում եւ մինչեւ վերջ պայքարելու էր անկախության դեմ:

[10]   ՀԱԱ, ֆ.1, ց.87, գ.34, թ.70:

[11]   Բոլորովին այլ կոնտեքստում ասված այս խոսքը վկայում է, թե անգամ Սփյուռքում ոմանք արդեն հասկանում էին, որ Շարժումն այն ուժն է, որն ի զորու է վերջ դնել կոմունիստական 70-ամյա ռեժիմին եւ գալ իշխանության։

[12]   ՀԱԱ, ֆ.1, ց.87, գ.34,թ.78:

[13]   Կրկնենք դաշնակցական գործիչներից մեկի բնորոշ սպառնալիքը նրանց, ովքեր խոսում էին անկախության մասին. «ՀՅԴ անոնց ունի մեկ զգուշացում, այն որ այս ժողովուրդը անտեր չէ» («Դրոշակ», 21.06.1989, էջ 25)։ Շատերն են նկատել, որ ի սկզբանե այս կուսակցությունն իրեն է համարել ամբողջ ժողովրդի «բնական տերը», այդ պատկերացումն անընդհատ ներարկել իր կազմակերպության անդամներին ու դրանից ոչ մի կերպ չի ուզում ազատվել։

[14]   «Դրոշակ», 22.11.1989, էջ 10։

[15]   ՀԱԱ, ֆ.1, ց.87, գ.34, թ.78-89։

[16]   ՀԱԱ, ֆ.1, ց.87, գ.35, թ.127։

[17]   Այս փաստի արձանագրումը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1992թ. հուլիսի 29-ի ելույթում («Հայաստանի Հանրապետություն», 30.06.1992)

[18]   Այնպես որ՝ այդ անձանց ֆիզիկական ներկայությունն, արդեն իսկ, կարելի է ասել, մեծ համարձակություն էր։

[19]   «Դրոշակ», 22.11.1989, էջ 2-3։

[20]   Նույն տեղում, էջ 6, նաեւ՝ Դրոշակ», 21.06.1989։ էջ 7-12, նույնը, 06.12.89,էջ 7-13) եւ այլն։

[21]   «Դրոշակ», 22.11.1989, էջ 3։

[22]   «Դրոշակ», 22.11.1989, էջ 10։ Սա, ըստ էության, ուղղակի վկայություն է այն բանի, որ հիշյալ փաստաթուղթը մտահղացված էր իշխանության խոհանոցում (չի բացառվում՝ ՀՅԴ-ի հետ համատեղ)՝ որպես ՀՀՇ Ծրագրին յուրատեսակ այլընտրանք, նույն՝ «հայոց համազգային» բառերի օգտագործմամբ՝ շփոթության միջոց, ինչը, սակայն, չաշխատեց։ Հիշենք, որ «հայոց համազգային» էր կոչվում նաեւ 1988-ի աշնանը «Հայկաշեն»-ի համար Զորի Բալայանի գրած ընդարձակ ծրագիրը։

[23]   Սա կարեւոր փաստարկ է հաստատելու համար մեր նախապես արած այն ենթադրությունը, թե ՀՀՇ-ի դեմ պայքարն ինչպես գաղափարական, այնպես էլ կազմակերպական առումով իրոք համակարգվում էր, եւ այդ համակարգումն իրականացնում էր ՀԿԿ-ՀՅԴ տանդեմը։

[24]   «Դրոշակ», 22.11.1989, էջ 12։

[25]   «Դրոշակ», 06.12.1989, էջ 12։

[26]   «Դրոշակ», 22.11.1989, էջ 6։ Իրականում դժգոհ մնացին բոլոր այն ուժերը, ովքեր ամեն ինչ արեցին Շարժման առաջին համագումարը ձախողելու կամ նրա ղեկավար մարմնում տեղ գրավելու համար, ու դա նրանց չհաջողվեց։ Տրամագծորեն այլ էր ընդհանուր հասարակական վերաբերմունքը, հիմք՝ որի վրա առաջիկա օրերին, շաբաթներին ու ամիսներին ՀՀՇ-ն կարողացավ լուծել անլուծելի թվացող ճակատագրական խնդիրներ։