08.11.2019 15:44

Կեղծիք ԱԱԾ մեկուսարանից

Կեղծիք ԱԱԾ մեկուսարանից

Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ մեկուսարանից մի տեքստ է ներկայացրել՝ արտաքին քաղաքականության, տարածաշրջանային խնդիրների եւ այդ համատեքստում՝ Հայաստանի իրավիճակի մասին:

Տեքստում մի առավել ուշագրավ հատված կա, որը վերաբերում է ԼՂ հիմնախնդրին:

«Ինչպիսի՞ն է գլոբալ և տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի` պետությունների տարածքային ամբողջականության հարթություն»,- «խորհում» է Քոչարյանը:

Ինչ խոսք, զարմանալի է նման արտահայտություն լսել հենց Ռոբերտ Քոչարյանից, որովհետեւ այսպիսի «մտահոգություն» կարող էր հայտնել յուրաքանչյուր ոք, բայց ոչ նա, ում օրոք Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես դուրս մնաց բանակցային գործընթացից:

Ինչ նկատի ունենք՝ դուրս մնալ-չմնալ ասելով: Այն է, որ եթե նախկինում կարգավորման առաջարկները ներկայացնում էին պաշտոնական Ստեփանակերտին, Երեւանին եւ Բաքվին, եւ եթե նրանցից մեկը մերժում էր այդ տարբերակը, այն այլեւս քննարկման առարկա չէր լինում, ապա ինչ-որ պահից պաշտոնական թղթերը պաշտոնապես ներկայացվում էին միայն Երեւանին եւ Բաքվին, եւ պաշտոնական Ստեփանակերտի «ոչ»-ն այլեւս ոչ մի նշանակություն չէր ունենում, այսինքն, եթե Երեւանն ու Բաքուն հավանություն էին տալիս կարգավորման այս կամ այն տարբերակին, իսկ պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչները անգամ բացասական էին արտահայտվում կարգավորման այդ պլանների վերաբերյալ, փաստաթուղթը համարվում էր ընդունելի՝ որպես բանակցային հիմք:

ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցային ամբողջ պատմության ընթացքում միջնորդները ներկայացրել են հետեւյալ տարբերակները. 

1. Փաթեթային- 1997 – ներկայացվել է Ստեփանակերտին, Երեւանին եւ Բաքվին:

Հայաստանում նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, Ղարաբաղում՝ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետն էր:

2.  Փուլային- 1997  -ներկայացվել է Ստեփանակերտին, Երեւանին եւ Բաքվին:

Հայաստանում նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, Ղարաբաղում՝ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետն էր:

3. «Ընդհանուր պետություն» - 1998 –ներկայացվել է Ստեփանակերտին, Երեւանին եւ Բաքվին:

Հայաստանում նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, Ղարաբաղում՝ Արկադի Ղուկասյանը: 

4. Քի-Ուեսթյան տարբերակ – ամերիկյան միջնորդությամբ - 2001 –ներկայացվել է միայն Երեւանին եւ Բաքվին:

Հայաստանում նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր:  

5՝ Մադրիդյան -2007 –ներկայացվել է միայն Երեւանին եւ Բաքվին:

Հայաստանում նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր:

6. Կազանյան պլան - 2011- ներկայացվել է միայն Երեւանին եւ Բաքվին, Մադրիդյան տարբերակի փոքր-ինչ փոփոխված տարբերակը, Սերժ Սարգսյանը հայատարարել էր, որ Հայաստանը պատրաստ է եղել այն ստորագրել, եթե վերջին պահին պաշտոնական Բաքուն նոր պահանջներ չներկայացներ:

7. Լավրովյան պլան - 2016- ներկայացվել է միայն Երեւանին եւ Բաքվին: Այս տարբերակի վերաբերյալ պաշտոնական հաստատում թեեւ չի եղել, բայց այն ակտիվորեն քննարկվել է մամուլում, եւ այս պահի դրությամբ հայտնի վերջին փաստաթուղթն է:  

Ներկայացվել է միայն Երեւանին եւ Բաքվին, Հայաստանում նախագահը Սերժ Սարգսյանն էր:

Այսինքն, ինչպես տեսնում ենք, վերջին անգամ, երբ պաշտոնական Ստեփանակերտին գրավոր փաստաթուղթ է ներկայացվել, դա եղել է 1998-ի «Ընդհանուր պետություն» տարբերակը: Քոչարյանի օրոք: Դրանից հետո, էլի Քոչարյանի օրոք, բանակցային ֆորմատը փոխվել է, եւ այո, փոխելով նաեւ դրա ընկալումը՝ «ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումից» փաստացի երկու ճանաչված պետությունների միջեւ տարածքային վեճի:

Ընդ որում, Ղարաբաղի անունից բանակցելու՝ Հայաստանի մենաշնորհը նույն Քոչարյանի իշխանության օրոք ներկայացվել է որպես դրական, ակնհայտ հակաքարոզչության են արժանացել բոլոր նրանք, ովքեր պնդել են, որ Ղարաբաղը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, եւ Հայաստանի համար պետք է ընդունելի լինի այն, ինչ ընդունելի կլիներ Ղարաբաղի համար: Ավելին, պաշտոնական Երեւանը՝ Վարդան Օսկանյանի շուրթերով, անգամ սաստել էր ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին՝ այս հարցով անհամաձայնություն հայտնելու համար:

Մի քանի հիշեցումներ.

2006 թվականի փետրվարին Մոսկվա կատարած այցի ժամանակ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, որի ընթացքում բարձրաձայնում է բանակցություններին ԼՂ մասնակցության հարցը:

«Քանի դեռ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ առանց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը չի համաձայնի բանակցել Ղարաբաղի հետ: Բնական է, որ Ադրբեջանը շահագրգռված է բանակցել միայն Հայաստանի հետ, որովհետեւ լավ քարոզչական էֆեկտ ունեն այդ ֆորմատից՝ փորձելով ապացուցել, որ Հայաստանը ագրեսոր է, գրավել է Ադրբեջանի տարածքները: Ես մի բանաձեւ ունեմ. երբ Ադրբեջանը խոսում է միայն Հայաստանի հետ՝ զբաղվում է պրոպագանդայով: Իսկ երբ սկսի խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, ինձ համար ազդանշան կլինի, որ Ադրբեջանը փորձում է հարցը կարգավորել», -ասում է Ղուկասյանը:

Ղուկասյանի այս հայտարարությանը շտապում է արձագանքել ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը. «Կար ժամանակ, երբ Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն էր. Հայաստանի համար ընդունելի կլիներ այն, ինչ կպայմավորվեին Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը: Սակայն այդ օրերին մենք ստանում էինք այնպիսի առաջարկներ, որոնք բացարձակապես անընդունելի էին հայկական կողմի համար: Ակնհայտ է նաեւ, որ այլ պետություններ այլ կերպ են մոտենում ճանաչված պետությանը, քան չճանաչվածին:

Այն օրվանից, երբ Հայաստանն առավել ակտիվ է ներգրավված բանակցություններում, սեղանի վրա հայտնվում են այնպիսի առաջարկներ, որոնց սկզբունքները կարելի է քննարկել»:

Սա տարիներ շարունակ եղել է նախկին իշխանությունների քարոզչական թեզը, այն է, թե այսպիսով իրենք մենակ չեն թողնում Արցախին, իսկ հակառակը պնդողները թողնում են մենակ:

Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել Հայաստանի վարչապետ  եւ հայտարարում էր, որ ինքը չի կարող ներկայացնել նաեւ պաշտոնական Ստեփանակերտը, եւ որ Ղարաբաղը պետք է որպես առանձին կողմ ինքը ներկայացնի իրեն, նույն Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր.

«Ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը: Թեզը հետևյալն էր՝ պատրաստ ենք լուծման յուրաքանչյուր տարբերակի, որին համաձայն է Արցախի ղեկավարությունը: Այդ մոտեցումը, հիշեցնեմ, ավարտվեց ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովի՝ Հայաստանի համար չափազանց անբարենպաստ բանաձևով: Այդ թեզը արտաքուստ հեշտ տարբերակ է՝ պատասխանատվությունից խուսափելու համար, բայց այդ մոտեցումն Արցախին մեն-մենակ է թողնում բանակցային գործընթացում»:

**
«Նրա (Փաշինյանի) որոշ հայտարարություններում տեսանելի է խնդրից ինչ-որ աստիճանով հեռանալու փորձը, այն ղարաբաղյան կողմի վրա գցելը»:

Այսինքն, ինչպես տեսնում ենք, Ռոբերտ Քոչարյանը բարեհաջող մոռացել է այն մասին, որ հենց ինքն է դուրս թողել Արցախը բանակցություններից, եւ որ հենց իր այդ քայլի պատճառով է, որ հիմնախնդրի ընկալումը փոխվել է:

Մի կողմ թողնենք, որ այսօրվա իշխանության ղարաբաղյան քաղաքականության հարցում կան խնդրահարույց պահեր, դա այլ հոդվածի թեմա է:

Բայց հաստատ՝ ոչ պարոն Քոչարյանի պարագայում: Որովհետեւ, ինչպես տեսնում ենք ՝  նրան իրականում հիմնախնդրի կարգավորման հարցը չէ, որ հետաքրքրում է: Որովհետեւ մի օր կարգավորման մասին մի բան է խոսում՝ իշխանություններին հակազդելու համար, որոշ ժամանակ անց էլ՝ լրիվ հակառակ բանն է ասում՝ էլի նույն դրդապատճառներով:

Եւ ի վերջո, այդ ո՞վ էր հայտարարում, թե «չէ՞ որ որեւէ մեկը չի չեղարկել 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի եւ ԼՂ-ի խորհրդարանների կողմից ընդունված վերամիավորման մասին որոշումը»:

Քրիստինե Խանումյան