09.11.2019 11:44

Ռ. Քոչարյան. Ինքնասպանություն երկու կրակոցով

Ռ. Քոչարյան. Ինքնասպանություն երկու կրակոցով

Իր վերջին հոդվածում, որպես մտահոգություն Հայաստանի եւ Արցախի ճակատագրի նկատմամբ, Քոչարյանը երկու արձանագրում է անում։

1. «Բաքվի գագաթնաժողովում Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին Ալիևի հայտարարությունը ամենևին պատահական չէր: Դա թուրքական ազգերի բնակեցման աշխարհագրական անընդհատության մոռացված գաղափարի արդիականացման ուղղությամբ արված քայլ էր»:

Այո, թուրքական աշխարհը բաժանող Զանգեզուրի «սեպի» խնդիրը շատ վաղուց գոյություն ունի։ Դեռ 1918 թվականին Թուրքիան (Ջալիլ փաշա) դա փորձել է անել՝ Մեղրիի «գավառակի» փոխարեն Հայաստանին խոստանալով շատ ավելի մեծ այլ տարածքներ։ Չի հաջողել։ Երկրորդ անգամ նման մի ծրագիր է հղացել Թուրգութ Օզալը (1992թ.)՝ ունենալով ԱՄՆ-ի համաձայնությունը (մանրամասները եւ փաստաթղթերը տե՛ս): Չի հաջողել, բայց ծրագիրը մնացել է։ Եւ 1918-ից Ջալիլ փաշայից եկած, 1992-ից Օզալի կողմից թարմացված այդ ծրագիրը («Մեղրիի տարբերակ») 1999-2000-ին փորձել է իրականացնել... հենց ինքը՝ Ռ. Քոչարյանը (Հ. Ալիեւի հետ Քի-Վեստի հայտնի հանդիպման օրակարգի միակ հարցը դա էր՝ Մեղրին՝ Լեռնային Ղարաբաղի դիմաց)։ Բազմաթիվ են եւ բազմիցս հրապարակվել են այդ հարցին տեղյակ՝ ժամանակի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների (Արամ Սարգսյան, Վաղարշակ Հարությունյան) վկայությունները։ Այս խնդրով Կարեն Դեմիրճյանի ապրումների եւ անհանգստության մասին ավելի ուշ պատմել է նրա այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։ Այդ մասին գրել են խնդրին քաջատեղյակ օտար դիվանագետներ (օրինակ՝ ամերիկյան դիվանագետ Ֆիլիպ Ռեմլերը եւ այլն)։ Եւ վերջապես, գոյություն ունի եւ հրապարակվել է նաեւ համապատասխան փաստաթուղթը (տե՛ս «Հայկական ժամանակ», 09.02.2008, արտատպված), որը չստորագրվեց միայն այն պատճառով, որ վերջին պահին Հ. Ալիեւը... փոշմանել էր ։

2. «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի` պետությունների տարածքային ամբողջականության հարթություն»:

Ե՞րբ Լեռնային Ղարաբաղը որպես ինքնորոշվող սուբյեկտ միջազգային իրավական կարգավիճակ ստացավ։ Այն ժամանակ, երբ նա նույն միջազգային հանրությունը ներկայացնող Մինսկի խմբի կողմից ճանաչվեց որպես հակամարտության կողմ։ Իսկ դա տեղի ունեցավ 1994թ. բուդապեշտյան գագաթնաժողովում։ Ինչո՞ւ էր դա կարեւոր. որպեսզի կարգավորման բանակցություններում միջազգային իրավունքի ինքնորոշման սկզբունքը հավասարակշռի նույն միջազգային իրավունքի մեկ այլ՝ տարածքային ամբողջականության սկզբունքին։ Այսինքն՝ դա Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական դիվանագիտության բացառիկ եւ ամենամեծ նվաճումն էր։ Ինչո՞ւ դրանից հետո մինչեւ 1998 թվականը Ղարաբաղի «կողմ» լինելու մասին ոչ մեկը չէր խոսում։ Որովհետեւ Ղարաբաղն արդեն ուներ այդ կարգավիճակը, եւ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման փաստաթղթերը ուղարկում էր երեք հավասարազոր կողմերին՝ Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ։ Ինչո՞ւ է հիմա Ղարաբաղի «կողմ» լինելու հարցը դարձել առաջնայինը։ Որովհետեւ ժամանակին Ռ. Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ լինելու մանդատը, այսինքն՝ ինքնորոշվող սուբյեկտ լինելու  միջազգայնորեն տրված «անձնագիրը» նրանից վերցրել, ծախել կամ ոչնչացրել է։ Այսինքն՝ հենց ինքը 20 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հարցը «ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից տեղափոխել է պետությունների տարածքային ամբողջականության հարթություն»։

Այսինքն՝ երկու դեպքում էլ Ռ. Քոչարյանը այսօրվա իշխանությանը մեղադրում է երկու ծանրագույն հանցանքների մեջ, որոնց հեղինակը աներկբայորեն ինքն է։

-----------------------------

Հ. Գ. Հասկանալի է ամբողջ երկու տասնամյակ «ծովը ծնկներից» մարդու հոգեվիճակը տրամագծորեն հակառակ՝ բանտային պայմաններում։ Այդ հոգեվիճակում, թերեւս, չարժե զբաղվել քաղաքականությամբ, ավելի ճիշտ՝ տեսք անել՝ թե քաղաքականությամբ է զբաղվում եւ անհանգստացած է Հայաստանի ու Արցախի ճակատագրերով։ Այլապես նման զավեշտալի իրավիճակներն անխուսափելի են։

Աշոտ Սարգսյան