10.11.2019 12:00

Տոկիո-2020. Տոմսերի համար հայտերը չափազանց շատ են

Տոկիո-2020. Տոմսերի համար հայտերը չափազանց շատ են

Տոկիո-2020-ի կազմկոմիտեն հայտարարել է, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի երկրորդ վիճակահանությանը մասնակցելու դիմումները կընդունվեն նոյեմբերի 13-26-ը: Այս մասին հայտնում է  ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

Տոմսերը կվաճառվեն մատչելի գներով` միջինը 2,500 ճապոնական յեն: Երեխաներ, մեծահասակներ կամ անդամալույծ անդամներ ունեցող ընտանիքների համար տոմսերը կարժենան 2,020 ճապոնական յեն: Նույն գինը կգործի նաև դպրոցական ծրագրի շրջանակում` թիրախավորելով միլիոնավոր աշակերտների ամբողջ Ճապոնիայում: 

Երկրորդ վիճակահանության ժամանակ դիմորդները կունենան ընտրության երկու հնարավորություն, որոնցից յուրաքանչյուրում կարող են գնել մինչև 18 տոմս:

Այնուամենայնիվ, երկու վիճակահանությունների արդյունքում մեկ անձը կարող է գնել միայն 2 տոմս՝ Խաղերի բացման և փակման արարողությունների համար, 4 տոմս` մեդալների պարգևատրման արարողությունների համար և 6 տոմս` մյուս իրադարձությունների համար:

Վիճակահանության արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 18-ին: