11.11.2019 13:57

Հոնկոնգում ոստիկանությունը սկսել է կրակել ցուցարարների ուղղությամբ

Հոնկոնգում ոստիկանությունը սկսել է կրակել ցուցարարների ուղղությամբ

Հոնկոնգի ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ և սկսել է կրակել մարտական փամփուշտներով: Մի ցուցարար վիրավորվել է:

Սա գործող վարչակազմի դեմ արդեն կես տարի ձգվող բողոքի ցույցերի մեկնարկից հետո բռնությունների նոր շրջափուլ է:

Ավելի ուշ Reuters-ը նշել է, որ իրավապահները ցուցարարների ուղղությամբ  ավտոմատ զենքից արձակել են առնվազն հինգ կրակահերթ: Ջանալով վերահսկողության տակ վերցնել այն շրջանը, որտեղ տեղի են ունենում բողոքի ցույցերը, ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է կիրառել:

Վիրավոր երիտասարդը, որը, ինչպես հաղորդվում է՝ 21 տարեկան է, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության: Տեղեկություն կա, որ բժիշկները նրա վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Սա ցուցարարների դեմ հրազեն կիրառելու առաջին դեպքը չէ. երեք շաբաթ առաջ Հոնկոնգի իրավապահները վիրավորել էին  երկու ցուցարարի, որոնցից մեկը 18 տարեկան էր, մյուսը՝ 14:

Փոխանցում է euronews-ը: