11.11.2019 17:18

Լավրովյան «դիվանագիտական» ապտակ Քոչարյանին եւ Սարգսյանին

Լավրովյան «դիվանագիտական» ապտակ Քոչարյանին եւ Սարգսյանին

Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր երկու սենսացիոն հայտարարություն է արել՝ փաստացի հիմնազրկելով եւ ոչնչացնելով նախկին իշխանությունների երկու քարոզչական թեզ: Մեկը՝ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ, մյուսը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Ինչպես գիտենք, նախկինները, հատկապես Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ամեն կերպ ժխտում են այն հանգամանքը, որ պաշտոնական Ստեփանակերտին բանակցություններից հենց ինքն է դուրս թողել: Նախկինները՝ ի հեճուկս բոլոր փաստերի, հայտարարում էին, թե դա տեղի է ունեցել մինչեւ իրենց:

Եւ ահա այդ հարցի վերաբերյալ Սերգեյ Լավրովն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում բառացիորեն հայտարարել է.

«Բանակցությունների մասնակցիների կազմը պիտի իրենք՝ կողմերը որոշեն: Ավելի վաղ էտապում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների եւ պայմանավորվածությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի ղեկավարությունը, Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երեւանը: Ամեն դեպքում մենք, որպես համանախագահներ, կարող ենք միայն հավելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնությամբ: Ակնհայտ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության համաձայնության անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի այն»:

Ակնհայտ է, որ Լավրովը նկատի ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի օրոք՝ 1998 թվականին, վերջին անգամ պաշտոնական Ստեփանակերտին՝ որպես հակամարտության կողմի, ներկայացվեց կարգավորման «Ընդհանուր պետություն» տարբերակը: Քոչարյանն էր, որ թեեւ մի կողմից հայտարարում էր, թե ինքը դուրս չի թողել Ղարաբաղը բանակցություններից, բայց, չգիտես ինչու, ամենամեծ ջատագովությամբ պաշտպանում էր երկկողմ ֆորմատը, հայտարարելով, օրինակ, թե «ներկայիս ձեւաչափը միայն բացասական հետեւանքներ չի բերում եւ ունի նաեւ դրական մեծ ռեսուրս», «շահում ենք այն, որ Հայաստանը շատ ավելի մեծ արդյունավետությամբ կարող է պաշտպանել հայկական կողմի շահերը». «Բանակցությունների ժամանակ կողմերի կարգավիճակը չափազանց կարեւոր է. եւ անտեսել չճանաչված պետության շահերը, շատ ավելի հեշտ է, քան ճանաչված պետության շահերը: Մյուսը` ես որպես բանակցությունների ակտիվ կողմ, շատ ավելի մեծ հնարավորություն եմ ստանում իմ բոլոր այցերի, հանդիպումների ժամանակ ներկայացնել Ղարաբաղի հարցը, որպես սուբյեկտ, որն ուղղակի անմիջական պատասխանատվություն է կրում այս բանակցությունների համար»:

Մեկ այլ սենսացիոն հայտարարություն էլ Լավրովն արել է հայ-թուրքական՝ այդպես էլ իրականություն չդարձած հաշտեցման գործընթացի մասին, մասնավորապես՝ հայ-թուրքական արձանագրությունների: Ինչպես գիտենք, այն ժամանակ էլ այդ արձանագրությունների կապակցությամբ երկու հիմնական մտահոգություն էին հայտնում ընդդիմախոսները, այն է՝ արձանագրություններում տեղ է գտել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը, եւ երկրորդ՝ իրականում թեեւ Հայաստանի իշխանությունները հռչակել էին, որ գործընթացը որեւէ առնչություն չունի ԼՂ հիմնախնդրի հետ, սակայն դրանք փոխկապակցված են:

Ահա, վերջին հարցի կապակցությամբ էլ Սերգեյ Լավրովը հայտարարել է.

«Մենք ամեն կերպ աջակցում ենք, որ հաղթահարվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունները: Կարծեմ՝ 2010 թվականին էր, մենք ակտիվորեն նպաստել ենք, այսպես կոչված, Ցյուրիխյան արձանագրությունների կնքմանը, թեեւ զգուշացրել էինք՝ այդ գաղափարով առանձնապես շատ չտարվել, հատկապես այն հաշվարկների առումով, որ դրանք կարող են կյանքի կոչվել անկախ ԼՂ հիմնախնդրի կարգավորումից: Մենք լուրջ կասկածներ ունեինք, բայց մեր հայ կոլեգաները այն ժամանակ ասում էին՝ ոչ, ոչ, այդ ամենը հենց այդպես էլ տեղի կունենա, մեզ խոստացել են: Բայց, ցավոք սրտի, այդ արձանագրությունների ճակատագիրը հայտնի է բոլորին»:

Սա, մեղմ ասած, դիվանագիտական ապտակ էր Հայաստանի նախկին իշխանություններին, նրանց քարոզչական կեղծիքներին, եւ նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել, թե այս ուղիղ հայտարարություններից հետո նախկիններն ինչպես են հակադարձելու: Եթե իհարկե՝ հակադարձեն:

Հ.Գ. Ի դեպ, այն, որ հենց Քոչարյանն է դուրս թողել Արցախը բանակցային ֆորմատից, միջնորդներն առաջին անգամ չեն բարձրաձայնում:

Տարիներ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարեց. «ԼՂՀ-ի պաշտոնական ներկայությունը կախված է կողմերի ցանկությունից: Այդպես եղել է նախկինում. ԼՂՀ-ն բանակցային կողմ էր, բայց Հայաստանը որոշում կայացրեց եւ հանեց գործընթացից ԼՂՀ-ի ներկայացուցչին: Իսկ հիմա, եթե լինի նոր որոշում, դա պետք է համաձայնեցվի կողմերի հետ՝ եւ Բաքվի, եւ Երեւանի: Սպասում ենք դրան»:

Իսկ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն ընդհանրապես որոշեց անուն հրապարակել. «ԵԱՀԿ ՄԽ-ն միշտ ամբողջական տեղեկատվություն է տրամադրում բանակցային գործընթացի մասին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը: Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտություն չկա: 1998 թվականին, երբ Հայաստանի նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, մենք ճիշտ համարեցինք, որ հենց Հայաստանը պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղին բանակցություններին: Այսօր ձեւաչափի փոփոխությունն աննպատակահարմար է, եւ դա ԵԱՀԿ ՄԽ գործը չէ: Անգամ եթե փոփոխվի ձեւաչափը, ապա բավական շատ ժամանակ կպահանջի»:

Քրիստինե Խանումյան