12.11.2019 15:23

«Սպիտակ սաղավարտների» հիմնադրին մեռած են գտել Ստամբուլում

«Սպիտակ սաղավարտների» հիմնադրին մեռած են գտել Ստամբուլում

Ստամբուլում մահացած են գտել բրիտանացի նախկին զինվորական, սիրիական «Սպիտակ սաղավարտներ» ոչ կառավարական կազմակերպության հիմնադիր Ջեյմս Լը Մեզյուրիեին: Նրա մարմինը հայտնաբերվել է իր տան մերձակայքում: Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ:

«Սպիտակ սաղավարտների» մի կամավորականի պատմելով՝ Լը Մեզյուրիեի դին հայտնաբերել են Mayday Rescue Foundation կազմակերպության գրասենյակի մոտ, որի մի մասնաճյուղն է «Սպիտակ սաղավարտները»:

Դիակի ոտքերը և գանգը կոտրված են եղել, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

«Սպիտակ սաղավարտների» կամավոր փրկարարական թիմերը Սիրիայում՝սիրիացի աշխարհազորայինների վերահսկողության տակ գտնվող տարածքներում  հայտնվել են 2012 թ.:

2012-2013 թթ. այդ թիմերին դրամական, տեխնիկայի, դեղորայքի, մարզումների հարցում օգնություն էին ցուցաբերում եվրոպական կառավարությունները, Թուրքիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ Լը Մեզյուրիեի հիմնադրած Mayday Rescue-ը: 2014 թ. փրկարարների թիմերը, բրիտանացի նախկին զինվորականի ղեկավարությամբ, միավորվեցին «Սիրիական քաղաքացիական պաշտպանություն» համազգային կազմակերպության մեջ: «Սպիտակ սաղավարտները» կազմակերպության ոչ պաշտոնական անվանումն էր:

Տարբեր տվյալներով՝ «Սպիտակ սաղավարտների» կամավորները Սիրիայի հակամարտության ընթացքում տասնյակ հազարավոր մարդկանց կյանքն են փրկել: 2016 թ. Լը Մեզյուրիեն պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով:

Փոխանցում է BBC-ն: