12.11.2019 17:55

Լիզա Ճաղարյան. Ձեզ է՞լ հիշեցնենք, որ երկու ահը մի մահ է

Լիզա Ճաղարյան. Ձեզ է՞լ հիշեցնենք, որ երկու ահը մի մահ է

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր, ի պատասխան ոմն ԲՀԿ-ականի անհեթեթ մեղադրանքների, հավաստիացրեց, որ իմքայլականներից դենը՝ «ավանդապաշտ» քաղաքական ուժ չկա Հայաստանում։

Իբր՝ լավ բան ասաց։

Իբր՝ «միջնադարյան կացինների» հարձակումներից պաշտպանեց իր դավանած քաղաքական ուժին։

Թե ինչ դրական բան կա «ավանդապաշտության» մեջ, որ նույնն է, թե՝ կուրորեն հետեւել ավանդույթներին, գուցե պարոն Սիմոնյանը հետին թվով փորձի հիմնավորումներ պեղել, իսկ ես շատ հեռու չգնամ (օրինակները բազմաթիվ են) եւ հիշեցնեմ նմանօրինակ «պաշտպանվելու» փորձերից ամենաթարմը՝ մի քանի օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը դաշնակցական ցուցարարներին հակադարձեց, որ իրենցից ավելի «ազգային» իշխանություն երբեւէ չի եղել։

Այս անհասկանալի, տարօրինակ ժխորի պայմաններում ի՞նչ հետեւություն կարող են անել առողջ բանականությունը դեռեւս չկորցրած քաղաքացիները։

Հետեւությունը տխուր է. իմքայլականների նկատմամբ նախկին հանցագործ իշխանութունների եւ Ազգային ժողովում բուն դրած սրանց մնացուկների կատաղի հարձակումների, մեկը մյուսից անհեթեթ ու անհիմն մեղադրանքների օրեցօր ավելի ու ավելի սանձարձակ դառնալու ակամա դիրիժորը հենց իրենք են՝ իմքայլականները։

Սակայն, «ակամա»-ն չի արդարացնում ստեղծված իրավիճակի մեղավորներին (բացառությունները չնչին են)։

Իսկ մեղավոր են, որովհետեւ անկեղծ չեն։

Որովհետեւ կուչուձիգ են գալիս՝ իրենց քայլերի տրամաբանությունը հաստատակամորեն ապացուցելու փոխարեն։

Որովհետեւ արդարանում են ու արդարանում, ոչ թե իրենց տեսակետները պնդում։

Ազատական գաղափարներին դավանողների հե՞տ են բանավիճում, ուրեմն քափուքրտինք մտած ապացուցում են, որ իրենցից ավելի ազատական՝ մինչ օրս ոչ եղել է, ոչ էլ կլինի։

Այսպես կոչված՝ «ազգասերների» հետ են դեմ առ դեմ հանդիպում, պարզվում է՝ անկախության օրից մինչ այսօր իրենցից ավելի «ազգային» հողը չի ծնել։

Պահպանողականների հե՞տ են «սեղան նստում», պարզվում է՝ պահպանողականության անձնվեր դրոշակակիրներ են։ 

Նույնիսկ իր եղկելի գռեհկությամբ ժամ առ ժամ նորանոր «տարածքներ» գրավող ոմն ԲՀԿ-ականի փողոցային մակարդակի մեղադրանքներին ի պատասխան են արդարանում՝ պաշտպանական վահան ընտրելով ամենամերժելի փաստարկը՝ մենք բոլորիցդ էլ ավանդապաշտ ենք։

Բարեբախտաբար առողջ բանականությունը չկորցրածները չեն հավատում, որ ժողովրդավարության հաստատման եւ պետության առաջընթացի ապահովման խոստումներով հեղափոխություն անողները միաժամանակ ե՛ւ ազատական են, ե՛ւ ազգայնական են, ե՛ւ եվրոպաներում կրթված ջահելներ են, ե՛ւ ավանդապաշտ են (փառք տանք Աստծուն, որ կոմունիստները քաղաքական գործոն չեն Հայաստանում, թե չէ շատ անհարմար բան կստացվեր)։

Բարեբախտաբար, օրվա իշխանությանը սատարողներն իշխանության ղեկին հասածներից ավելի համառ են եւ շարունակում են հուսալ, որ գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչները կարողանում են իրարից զատել ավանդույթների հանդեպ հարգանքի անհրաժեշտությունը եւ այդ նույն ավանդույթների հանդեպ պաշտամունքի աղետալի վտանգավորությունը։

Բարեբախտաբար, նաեւ չեն վհատվում եւ դեռ հույս են փայփայում, որ իշխող քաղաքական ուժը կհասկանա վերջապես, որ ինչ վճռականությամբ հեղափոխություն են արել, նույն եւ ավելի վճռականությամբ պետք է պայքարեն բարեփոխումների դեմ սուր ճոճող «դրոգապան եգորների» դեմ՝ առանց երկնչելու «մուշտիներից» ու պիտակավորումներից։