12.11.2019 18:46

Արսեն Գրիգորյան. Ստի երգչախումբը

Արսեն Գրիգորյան. Ստի երգչախումբը

Նախկինների քարոզչամեքենան ավելի ու ավելի սանձարձակ է դառնում, բայց․․․ համակարգված։ Նրանք նոր մեթոդ են աշխատեցնում. ստում են՝ ինչպես երգչախումբ։ Նշանակում է՝ ունեն խմբավար։ Այդ խմբավարը կարող է հանդես գալ ֆեյսբուքյան ստատուսով, կարող է հանդես գալ հարցազրույցի տեքստով։ Կարող է ընդհանրապես աչքի չընկնել, նայած այդ օրերին ինչ սուտ է պետք հանրայնացնել, եւ արդյո՞ք դա կարիք ունի համակարգողի հրապարակային խոսքի։ Փաստն այն է, որ ստում են համակարգված։

Ինչու՞ են նախկիններն անցել այս մեթոդին, եւ ի՞նչ լավ բան կա սրա մեջ։ Իսկ լավ բան կա, հավատացեք։ Սկսենք վերջից։ Նրանք մեծ հաշվով հին մեթոդով են աշխատում, նրանց մանիպուլյացիան տապալվել է դեռ այն ժամանակ, երբ իրենք իշխանության մեջ էին։ Հավանաբար նրանց այն ժամանակ զեկուցել են, որ մանիպուլյացիաներն արդյունք են տալիս, եւ նրանք որոշել են, որ հիմա էլ՝ թեկուզ դանդաղ, բայց արդյունք կտան։ Դա լավ է, որովհետեւ նրանք նոր ձեռագիր չունեն։ Նրանք ստեղծագործաբար չեն կարողանում ստել։ Նախկիններն այս մեթոդին են անցել, որովհետեւ նպատակների առաջին սանդղակում հասարակական բարոյականությունը փչացնելն է։ Նրանք պիտի որ իմանան, որ նոր ժամանակներում այդքան հեշտ չէ հայտարարել, թե քաղաքային իշխանությունները հինգհարկանի շենքի կտուրը քանդում են, որ վրան եւս հինգ հարկ կառուցեն։ Նրանք գիտեն, որ ուղղակի ստելով կամ մանիպուլյացիա անելով չի։ Բայց նրանք գրոհում են ինչ-որ անբարոյականությանը հակազդելու մարդու առաջին ռեակցիայի վրա, որպեսզի նա մի քիչ լցվի ատելությամբ։

Ու այդպես ամեն օր՝ մի փոքրիկ կամ մեծ սուտ, էական չէ։ Իրենց վերահսկողության տակ գտնվող կայքը ստում է, ինչը բնական է, եւ նա հաստատ իր ստի հերքումը հրապարակող կայք չէ, որովհետեւ մեծ հաշվով պատասխանատվության տակ մտնելու որեւէ տագնապ չկա։

Սրա դեմն, այնուամենայնիվ, պետք է առնել։ Այն իմաստով, որ ստել պետք չէ։ Այն իմաստով, որ մարդուն չի կարելի համարել այնքան հիմար, որ նրա հետ խոսես ստերով։ Այսինքն, ստերով եւ մանիպուլյացիաներով քաղաքացուն ժամանակին «5 հազար դրամանոց ընտրող» դարձնելու ժամանակներն անցել են, հիմա ինչ հարց ես ուզում լուծել, եթե ստին չի հաջորդելու 5 հազար դրամը։ Հետեւաբար, նախկինների նպատակն ավելի նենգ է։ Նրանք ուղղակի ստում են, նրանք անամոթության ամբողջ գունապնակով են դուրս եկել ասպարեզ եւ համոզիչ լինելու համար այդ անամոթությունը մատուցում են որպես թոփ տեղեկություն։ Որովհետեւ հո մեկ-երկու կայք չեն, ամբողջ մեդիառեսուրսն է։

Կարո՞ղ են հերքումներն իրավիճակ փոխել։ Ոչ, չեն կարող։ Այս հարցը պետք է օրենսդրորեն ինչ-որ կերպ կարգավորվի։ Բարդ է, որովհետեւ այդ սուտը հաճախ մատուցվում է մեկնաբանության կամ տեսակետի տեսքով։ Իսկ դա հղի է քաղաքական հետապնդման պիտակով։ Հետեւաբար, պետք է խոսի ԶԼՄ-ների մասին նոր օրենքը։ Լրատվամիջոցը պետք է ամաչի ստել։ Եվ վերջ։ Եվ այն էլ՝ երգչախմբով։ Սա արդեն ազգային անվտանգության հարց էլ է։ Որովհետեւ անպատկառությունը հասարակությանը պատերազմ հայտարարելու մի երեւույթ է։ Հետեւաբար պիտի արմատախիլ արվի։ Եվ թող փորձեն օրենքի կարգավորումներից հետո լինել անպատկառ։