12.11.2019 23:13

Սենսացիոն հայտարարություն Ստեփանակերտից․ Քոչարյանը սպասարկել է Բաքվի օրակարգը. 1in.am

Սենսացիոն հայտարարություն Ստեփանակերտից․ Քոչարյանը սպասարկել է Բաքվի օրակարգը. 1in.am

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը շարունակում է դատավարական գործընթացն արհեստականորեն ձգձգելու մարտավարությունը։ Այսօրվա դատական նիստում ներկայացվել են դատավորի, դատախազի ինքնաբացարկի միջնորդություններ։ Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր մերժել է Քոչարյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը: Երկրորդ նախագահի պաշտպան Խուդոյանը պնդել էր, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք իր պաշտպանյալի նկատմամբ։

Բացարկի միջնորդությունը, իհարկե, մերժվեց, սակայն պաշտպանական կողմին հաջողվեց ևս յոթ օրով հետաձգել գործի բովանդակային քննությունը․ դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 19-ին։

Սակայն Ռոբերտ Քոչարյանի անձն ակտիվորեն քննարկվում է նաև դատարանի պատերից դուրս, մանավանդ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարություններից հետո։ Լավրովը Երևանում երեկ ասել էր, թե Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն «ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը» որոշել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Արցախը: Սա, թերևս, սենսացիոն հայտարարություն է՝ առնվազն Հայաստանի ներքաղաքական զարգացումների տեսանկյունից, որովհետև Լավրովի նման բարձրակարգ դիվանագետը, անշուշտ, պատկերացնում էր, թե իր այս հայտարարությունն ինչպիսի արձագանք կունենա Հայաստանում՝ հեղափոխական իշխանության ու հին համակարգի հակադրության համատեքստում։

Լավրովը, իհարկե, չի մանրամասնել, թե Հայաստանի որ ղեկավարին է ակնարկում, սակայն ակնհայտ է, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է․ զուտ ժամանակագրորեն պաշտոնական Արցախը մինչև 1998-ի նոյեմբերը եղել է բանակցային գործընթացի սուբյեկտ։

Արցախից, սակայն, պնդում են՝ այս թեման Ադրբեջանն է շահարկում և հենց Ադրբեջանն է ցանկանում, որ Արցախը չվերադառնա բանակցային սեղանին: Պատասխանելով օրաթերթերից մեկի հարցին՝ ում նկատի ուներ Լավրովը` Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է. «Գիտեք, ես չգիտեմ` ում է ակնարկում: Բայց պետք է հստակ ասել, որ դա Ադրբեջանի քմահաճույքն է եղել` անկախ ամեն ինչից: Եթե իրենք շահագրգռված են, որ վերադառնա բանակցային սեղան, ինչո՞ւ հիմա չեն ասում: Եվ բացի դրանից՝ ինչպե՞ս կարող է մեկ անհատը այդ հարցը կարգավորել»:

Զարմանալի է այն համառությունը, որը պաշտոնական Ստեփանակերտը ցուցաբերում է՝ Քոչարյանին ուղղակի կամ անուղղակի պաշտպանելու նպատակով։ Երբ անգամ միջնորդ երկրի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը խոսում է անառարկելի փաստերի մասին, անիմաստ է տուրք տալ կլանային մտածողությանը, խմբագրել այն կոպիտ սխալը, որը ժամանակին թույլ է տվել Քոչարյանը։ Ստեփանակերտի նման մոտեցումն ակնհայտորեն վնասելու է Նիկոլ Փաշինյանի ջանքերին՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ։

Ի վերջո, Արցախի էլիտայում պետք է հաշտվեն այն իրողության հետ, որ ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հետո իշխանությունն ուզուրպացրեց Հայաստանում, իր գործունեությամբ ամենից շատն է հարվածել Արցախին, նրա սուբյեկտությանը, ինքնորոշման իրավունքին։ Քոչարյանի նախագահության շրջանում Արցախը բանակցային սուբյեկտից վերածվեց օբյեկտի, ինչի տրամաբանական շարունակությունը դարձավ Մեղրիի փոխանակման տխրահռչակ ծրագիրը։

Ի դեպ, լրիվ համաձայն եմ Բաբայանի այն դիտարկմանը, թե Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել «Ադրբեջանի քմահաճույքով»։ Եթե հիմք ընդունենք այս անառարկելի պնդումը, ապա ստացվում է՝ Քոչարյանը 1998-ին սպասարկել է Ադրբեջանի քմահաճույքները կամ Բաքվի օրակարգը։ Այս իմաստով՝ Արցախի նախագահի խոսնակի հայտարարությունը նույնիսկ սենսացիոն է։

Սարգիս Արծրունի

1in.am