13.11.2019 11:40

Նոյեմբերի 13-ը Բարության համաշխարհային օրն է

Նոյեմբերի 13-ը Բարության համաշխարհային օրն է

ԱՄՆ նախկին  նախագահ Բարաք Օբաման բարության շուրջն էր կառուցել Դեմոկրատական կուսակցության վետերան Էլայջա Քամմինգսի մահախոսական ճառը : «Ուժեղ տղամարդ լինելը նշանակում է լինել նաև բարի: Ոչ մի թուլություն չկա բարության և կարեկցանքի մեջ: Ոչ մի թուլություն չկա ուրիշների մասին հոգ տանելու մեջ: Դուք փալաս չեք, երբ սկզբունքային եք և հարգանքով եք վերաբերվում ուրիշներին,- ասել է Օբաման:

Աշխարհի շատ երկրներում նոյեմբերի 13-ը նշվում է որպես Բարության միջազգային օր:

Լոս-Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի Բարության ինստիտուտի աշխատակիցների կարծիքով՝ բարությունը ոչ միայն բարոյական բավարարություն, ջերմության զգացողություն է տալիս, այլև կարող է երկարացնել կյանքը:

«Մենք քննում ենք հարցի գիտական կողմը: Մենք շրջան չենք կազմում ու միմյանց ձեռք բռնում: Մենք խոսում ենք հոգեբանության, կենսաբանության և սոցիալական փոխհարաբերությունների մասին»,- ասում է ինստիտուտի տնօրեն Դենիել Ֆեսլերը:

Բարության ինստիտուտի գիտնականների կարծիքով՝ ուրիշների բարի արարքներին հետևելով՝ մարդիկ ուզում են իրենք էլ նման կերպ վարվեն: Բարությունը, նշում է Ֆեսլերը, մտքերի, հույզերի ու համոզմունքների ամբողջությունն է, ինչն ասոցացվում է այնպիսի գործողությունների հետ, որոնք օգուտ են բերում ուրիշներին: Ընդ որում՝ ուրիշներին օգուտ տալը հենց վերջնական արդյունքն է, այլ ոչ թե էլի ինչ-որ բանի հասնելու միջոցը:

Փոխանցում է BBC-ն: