13.11.2019 12:43

Շվեդիայի քաղաքներում մեկ տարվա ընթացքում 100 պայթյուն է տեղի ունեցել

Շվեդիայի քաղաքներում մեկ տարվա ընթացքում 100 պայթյուն է տեղի ունեցել

Հոկտեմբերին Ստոկհոլմում մի գիշերվա ընթացքում երեք պայթուն էր տեղի ունեցել քաղաքի տարբեր հատվածներում:

Շվեդիայի բնակելի շենքերում և հանրային շինություններում պայթյուններն աննախադեպ հաճախականությամբ են որոտում: Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում ոստիկանական սակրավորները 97 կանչ են ստացել:

Պայթյունների հետ կապված հանցագործություններ Շվեդիայում գրեթե չեն գրանցվել մինչև 2017 թ.: 2018-ին 162 պայթյուն է որոտացել, իսկ վերջին երկու ամիսներին սակրավորները 30 կանչ են ստացել:

Պայթյունները հիմնականում կազմակերպում են բանդաները՝ մրցակիցներին, նրանց հարազատներին ու բարեկամներին վախեցնելու նպատակով, ասում է ոստիկանության ներկայացուցիչը: «Վիճակը լուրջ է, բայց քաղաքացիների մեծ մասը անհանգստանալու կարիք չունի: Դա իրենց հետ ոչ մի կապ չունի»,- հավաստիացնում է նա:

«Շվեդիայի համար սա բոլորովին նոր բան է, և մենք փորձագետների ենք փնտրում ամբողջ աշխարհում»,- ասել է Գործողությունների ազգային վարչության ղեկավար Մաթս Լովինգը:

Քրեագետ Ամիր Ռոստամին նշում է, որ իրավիճակը Շվեդիայում կարելի է համեմատել միայն Մեքսիկայի հետ, որտեղ ավազակախմբերի բախումները մեծ խնդիր են ոստիկանության համար: «Պատերազմներին չմասնակցած, ահաբեկչական գրոհների երկար պատմություն չունեցող երկրների համար սա բացառիկ իրավիճակ է»,- ասել է քրեագետը:

Փոխանցում է BBC-ն: