13.11.2019 14:46

Տհաճություն չպատճառելու նուրբ արվեստը. Միջնորդությունների ստրատեգները

Տհաճություն չպատճառելու նուրբ արվեստը. Միջնորդությունների ստրատեգները

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունն արդեն վերածվում է կանխատեսելի եւ ծանծաղ մի գործընթացի: Անցել է արդեն մեկ ու կես տարի, բայց դատարանում տեղի ունեցող սյուժեն չի փոխվում: Ավելին, եթե մեկին որպես վերջին դատ ցույց տաս դրան նախորդող կամ մեկ ամիս առաջ տեղի ունեցած դատավարության տեսագրությունը, կարող է չհասկանալ էլ, որ դա վերջին դատը չէ, որովհետեւ հատկապես Քոչարյանի փաստաբանական թիմի ջանքերով դատավարությունն առայժմ կարելի է անվանել միջնորդությունների պրոցես:

Դատավարությունն առայսօր մեկ քայլ անգամ տեղից չի շարժվել, ամբողջ ժամանակը դատարանում ծախսվում է միջնորդություն, ապա նոր միջնորդություն, ապա մեկ այլ միջնորդություն ներկայացնելու վրա՝ երկու բովանդակությամբ. խափանման միջոցը պետք է փոխել եւ բացարկի միջնորդություն:

Բայց վերջին դատավարությունն այս առումով ավելի զավեշտի հասավ: Եթե մինչ այժմ փաստաբանները միայն դատավորներին ներկայացված միջնորդություններով էին զբաղված, ապա այս անգամ արդեն, պարզվում է, ցանկն ընդլայնվել է. հիմա էլ մեղադրող դատախազներից են դժգոհ եւ դատախազներից մեկին են բացարկ հայտնել:

Որովհետեւ, նրանց խոսքով, հերիք չէ` «սուբյեկտիվ ու կողմնակալ է», դեռ մի բան էլ, ինչպես հայտարարեց Քոչարյանի փաստաբան Խուդոյանը՝ մեղադրող դատախազի «գործողությունները միտված են Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս շատ տհաճություն պատճառելուն»:

Դե այո, տհաճություն է պատճառում, որովհետեւ չի հավատում իրադարձությունների քոչարյանական նկարագրությանն ու իր մեղադրանքն է պնդում: Նույն կերպ փաստաբանները կարող են հայտարարել, թե միայն մեղադրողը դատախազը չէ, այլ տուժածներն էլ, նրանց փաստաբաններն էլ, նիստին ներկա կարգադրիչներն էլ, դրսում հավաքված մարդիկ էլ, դատախազությունն ամբողջությամբ, ՀՔԾ-ն էլ, տո նույնիսկ ամբողջ Հայաստանն էլ ու ՀՀ քաղաքացիներն էլ (մի քանի տասնյակ բացառություններով) Քոչարյանին տհաճություն են պատճառում: Այո, պարոնայք երդվյալ ատենակալներ, բոլորս տհաճություն ենք պատճառում պարոն Քոչարյանին, որովհետեւ նրա ասածները կասկածի տակ ենք առնում, որովհետեւ նրա ներկայացրած վարկածները լսելուց հետո ասում ենք՝ «չենք հավատում»:

Այնպես որ՝ չի կարելի բացառել, որ հաջորդ նիստերին նրա փաստաբանները կշարունակեն բացարկի միջնորդությունների շարքը, եւ ով իրենց դուրը չգա կամ իրենց պաշտպանյալին տհաճություն պատճառի՝ նրան բացարկ հայտնեն:

Որովհետեւ բոլորը նրանց սրտով չեն, կամ՝ գրեթե բոլորը, բացառություններ կան: Այդ մասին էլ Ռոբերտ Քոչարյանի մյուս փաստաբանն ասաց՝ Ռուբեն Սահակյանը, եւ այդ մեկ մարդը դատավոր Ազարյանն է: Այ, նրա գործողությունները իրենց պաշտպանյալին տհաճություն չէին պատճառում, որովհետեւ նրանց սրտով էր: Եւ դեռ ավելին, Սահակյանն ասում էր՝ այ, եթե խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քններ դատավոր Ազարյանը, նա կփոխեր խափանման միջոցը: Դե ոչինչ, որ ասածում իրավաբանություն չկա, որովհետեւ եթե դատավորի հնարավոր վարքն արդեն կանխատեսելի է քեզ համար, ու դու նախապես հայտարարում ես այդ մասին, նշանակում է՝ հենց այդ դատավորն է կանխակալ ու սուբյեկտիվ, եւ հետեւաբար՝ չի կարող գործի օբյեկտիվ քննություն ապահովել: Բայց դա կարեւոր չէ, նրանց իրավական գործընթաց չէ պետք իրականում, ինչպես տեսնում ենք, նրանց պետք են իրենց ենթարկվողներ, անձինք, որոնք իրենց տհաճություն չեն պատճառի:

Թե չէ՝ հա՜յ դատարան, հա՜յ օբյեկտիվ դատավարություն, հա՜յ իրավական պրոցես:

Պարգեւ Ապրեսյան