13.11.2019 16:22

Նիդեռլանդացի իննամյա վունդերքինդը համալսարանի դիպլոմ կստանա

Նիդեռլանդացի իննամյա վունդերքինդը համալսարանի դիպլոմ կստանա

Նիդեռլանդներում իննամյա Լորան Սիմոնսը շուտով կավարտի Էյդհովենի տեխնիկական համալսարանը և դիպլոմ կստանա:

Սիմոնսից առաջ՝ բարձրագույն կրթության դիպլոմ ստացած ամենաերիտասարդ մասնագետը ամերիկացի Մայքլ Քարնին էր, որը Ալաբամայի համալսարանն ավարտել էր 10 տարեկանում:

Լորան Սիմոնսը սովորում է էլեկտրատեխնիկայի ֆակուլտետում: Համալսարան նա ընդունվել է մեկ տարի առաջ: Միջին և բարձր դասարանների վեցամյա ծրագիրը վունդերքինդը յուրացրել է մեկուկես տարում և անցյալ տարվա ամռանը, երբ ութ տարեկան էր, ստացել է միջնակարգ կրթության վկայական: Ամառային արձակուրդից հետո նա սկսել է ուսանել համալսարանում, որտեղ նույնպես ծրագիրը յուրացրել է իր համակուրսեցիներից շատ ավելի արագ:

Սիմոնսի IQ-ն 145 է, նա լուսանկարչական հիշողություն ունի, սիրած առարկան մաթեմատիկան է, քանի որ, նրա խոսքով՝ այն իր մեջ ներառում է վիճակագրությունը, երկրաչափությունը և հանրահաշիվը: Ուզում է դառնալ կարդիովիրաբույժ: Դեռ դպրոցում ուսանելիս Սիմոնսը Ամստերդամի համալսարանի բժշկական ֆակուլտետի դասընթաց է անցել: Լորան Սիմոնսի ասելով՝ ինքը երազում է գտնել մարդկանց կյանքը երկարացնելու միջոցը:

Փոխանցում է BBC-ն: