13.11.2019 16:49

Լիզա Ճաղարյան. Վանոյին սպասելիս

Լիզա Ճաղարյան. Վանոյին սպասելիս

Չեմ հիշում՝ Վանոյի քանիամյակն էր։ 88-ից առաջ էր։

Էն տարիներից էր, որ Վանոն դեռ միայն տաղանդավոր արձակագիր էր, ես էլ դեռ ինձ արձակագիր էի երեւակայում, քաղաքականությանն էլ մեր «Պառնասի բարձունքից» մեծահոգի քմծիծաղով արհամարհում էինք։

Կոթիից տնեցիները մի թմբլիկ գոջի էին ուղարկել, որ Վանոն ընկերների հետ լիաթոք նշի իր տարեդարձը։ 

Տավուշցիները, ի տարբերություն «քաղքըցիների»՝ խոզի կաշին համադամ ուտեստների շարքն են դասում։ Ու մինչ էդ «քաղքըցիները» սեղանի շուրջը նստոտած խեղճ խոզուկի միսն էին վայելում, ես ու Վանոն գազօջախի մոտ կանգնած՝ խանձխնձում էինք այդ նույն խեղճ խոզուկի նրբիկ կաշին, աղ էինք անում վրան՝ հաճույքով ծամում ու ծաղրում բերանի համը չիմացող «քաղքըցիներին»։

Վերջին տարիներին Վանոյին կարոտելիս ամենահաճախը հենց այդ պատկերն եմ հիշում։

Հիշելու արժանի սիրուն օրերը բազմաթիվ են՝ Վանոյի Ջիվանիով, Սայաթ-Նովայով ու ռոմանսներով, գրականության մասին տաք-տաք վեճերով, Դիլիջանի Կոմպոզիտորների տան ամենամյա սեմինարների գինարբուքներով, ու ժխորի մեջ՝ Վանոյի լռությամբ։ Ազդեցիկ լռող էր։ Նրա լռությունը կամ խախտվում էր մեր ոգեւորության վրա սառը ջուր լցնող ռեպլիկով կամ աննկատ հեռանալով։ Երբեմն էլ՝ տեղը տեղին աղմուկով ու դուռը շրխկացնելով էր գնում։ Շա՛տ երբեմն։

Բայց ես վերջին տարիներին ամենահաճախը հիշում եմ Վանոյի «Բանգլադեշի» տունը, Վանոյի տան գազօջախը, գազօջախի մոտ երկուսիս՝ գոջու կաշի վայելելիս ու բերանի համը չիմացող մեր ընկերներին հեգնելիս։

Ռոմանտիկ լուսապսակով հնարավոր չէ օծել այս պատկերը, պետք էլ չէ. այս պատկերի մեջ եմ տեսնում տան համը, որից արդեն երկու տասնամյակ զրկված է Վանոն՝ հայտնի գյադաների ստորագույն նենգության պատճառով։

Ծնունդդ շնորհավոր, Վանո։

Հայաստան-տունդ սպասում է քեզ։