14.11.2019 09:00

Պեկին-2022. ՄՕԿ-ը բարձր է գնահատել չինացիների պատրաստվածությունը

Պեկին-2022. ՄՕԿ-ը բարձր է գնահատել չինացիների պատրաստվածությունը

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Խուան Անտոնիո Սամարանչը Պեկին կատարած այցի ընթացքում բարձր է գնահատել Չինաստանի մարզական ենթակառուցվածքների պատրաստվածությունը 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

3 օրվա ընթացքում ՄՕԿ-ի ներկայացուցիչներն այցելել են տարբեր մարզօջախներ ու հանդիպումներ ունեցել Պեկին-2022-ի Կազմկոմիտեի և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի աշխատակիցների հետ:

«Մեզ չի զարմացնում Չինաստանի բարձր պատրաստվածությունը Խաղերին: Մենք տպավորված ենք նախորդ այցից հետո կատարված աշխատանքների ծավալից»,- ասել է Խուան Անտոնիո Սամարանչը:

Պեկին-2022-ի Կազմկոմիտեի ներկայացուցիչների խոսքով, դեկտեմբերին Պեկինից առաջին արագընթաց գնացքները կուղևորվեն դեպի մոտ 90 կմ հեռավորության վրա գտնվող լեռնադահուկային կենտրոններ:

Հիշեցնենք, որ Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերը Չինաստանում կանցկացվեն 2022թ. փետրվարի 4-20-ը: