01.02.2013 20:13

Համբարձում Գալստյան. Ընտրությունները Հայաստանում (հատված «Չուղարկված նամակներ» գրքից)

Համբարձում Գալստյան. Ընտրությունները Հայաստանում (հատված «Չուղարկված նամակներ» գրքից)

Օրերս տեղի ունեցավ ազգագրագետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գրքի հայերեն ու անգլերեն տարբերակների շնորհանդեսը: Հիշեցնենք, որ Գալստյանը սպանվել է 1994 թ.: Այսօր ձեզ ենք ներկայացնում այդ գրքից «Ընտրությունները Հայաստանում» հոդվածը, որը գրվել է ֆրանսիական «Monde» թերթի համար 1988 թ. նոյեմբերին: Հիշեցնենք նաև, որ գիրքը 1.700 դրամով վաճառվում է Գրողների միությանը կից գրախանութում, ինչպես նաև «Նոյյան տապան» և «Բուկինիստ» գրախանութներում:

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մոնդ» թերթի պատվերով)

Իմ և իմ սերնդակիցների մեծ մասի համար երկրում անցկացվող բոլոր մակարդակի ընտրությունները տարիներ շարունակ եղել են միօրինակ և ձանձրալի ներկայացում, ուր, սակայն, ամեն ոք ուներ իր մեծ կամ փոքր դերը: Գլխավոր դերում անփոփոխ ձևով հանդես էին գալիս կուսակցության և խորհրդային նոմենկլատուրայի առաջին մեծության աստղերը, որոնց առաջադրում էին, ներկայացնում նրանց հերոսական բանվորագյուղացիական կենսագրությունը, մարտական սխրանքները և որոնք, ժողովրդի վստահությունից հուզված ու դալկացած, խոստանում էին, խոստանում էին... Հոգ չէ, որ երբեմն, պատկառելի տարիքի պատճառով մանկամիտ դարձած պետական այդ այրերի համար լուրջ դժվարություններ ու թյուրիմացություններ էին առաջանում անգամ ընտրողների հետ հանդիպման ժամանակ (դեպուտատության թեկնածուն, օրինակ, առանց հենարանի կանգնել կամ հոդաբաշխ խոսել չի կարողանում): Բոլշևիկյան գվարդիայի այդ աներեր մարտիկները վստահ էին, որ ընտրողների առնվազն 99,99 տոկոսն իր ձայնը կտա կոմունիստների և անկուսակցականների անխախտ բլոկի արժանավոր թեկնածուի օգտին: Ինչ վերաբերում էր ժողովրդի շարքային ներկայացուցիչներին, ապա նրանց դերն անհամեմատ պարզ էր՝ քվեարկել կամ, համենայնդեպս, քվեարկելու ձև անել: Ընդ որում ի վերուստ թույլատրվում էր, որ ազգային շրջաններում «ընտրությունները» կազմակերպելիս՝ հաշվի առնվեն տեղական առանձնահատկությունները: Մի տեղ, օրինակ, տոնական հագուստներ հագած քաղաքացիները ընտրական տեղամաս էին գնում բայանահարի ուղեկցությամբ և չաստուշկաներ երգելով, մի այլ տեղում ձիարշավ կամ տոնավաճառ էին կազմակերպում: Ինչ վերաբերում է իմ պրագմատիկ հայրենակիցներին, ապա այստեղ համարյա միշտ գտնվում էր մի մանչուկ, որը համաձայնում էր կամ, ավելի ստույգ, որին համոզում էին քվեարկել մի ամբողջ թաղամասի փոխարեն: Երբեմն, իհարկե, որոշ երջանիկ կթվորուհիների կամ առաջավոր խառատների բախտ էր վիճակվում ավելի պատասխանատու դեր ստանձնել՝ ներկայացնել դեպուտատության արժանավոր թեկնածուին կամ, ի՜նչ երջանկություն, լինել նրա վստահված անձը: Ինչ խոսք, բանվորների և գյուղացիների առավել տականք ներկայացուցիչների համար բաց էր դեպի համապատասխան խորհուրդ տանող լուսաշող ուղին, ուր նրանք իրենց պատգամավորական մանդատով երկրի հզորներին անմնացորդ տրվելու հրապարակային դրսևորման անսպառ հնարավորություններ էին ստանում:

Ընտրություններին նախորդող ու հաջորդող օրերին ամբողջ խորհրդային մամուլը, հրճվանքից շնչահեղձ լինելով, խոսում էր ողջ աշխարհի ամենաժողովրդավարական ընտրությունների մասին, և, որպես դրա խորտակիչ փաստարկ, ներկայացվում էր համապատասխան վիճակագրությունը. քանի անգրագետ կամ կիսագրագետ, քանի միջնակարգ կամ բարձրագույն կրթությամբ, քանի կին և, ընդհակառակը, քանի տղամարդ են ընտրվել և քանի ազգությունից: Բնական է, ինչ ժողովրդավարություն՝ առանց համեմատությունների, և անմիջապես հենց այստեղ էլ տրվում էին փաստեր իրենց «ժողովրդավարական» համարող երկրների մասին. խորհրդային մարդիկ զարմանքով ու զայրույթով իմանում էին, որ Իտալիայում, օրինակ, ընդամենը 13 կին պատգամավոր կա պառլամենտում, իսկ Ֆրանսիայում ոչ մի կթվորուհի կամ խոհարարուհի չի մասնակցում պետական կարևորագույն հարցերի քննարկմանը:

Եվ եթե անգամ որոշ անկայուն անձանց մեջ այս բոլորից հետո ինչ-ինչ կասկածներ էին մնում անցկացված ընտրությունների ժողովրդավարականության և արդարության վերաբերյալ, ապա դրանք անհետանում էին հեռուստատեսային առաջին հաղորդումներից հետո, երբ օպերատորները ամբողջ երկրին ցույց էին տալիս առաջին շարքերում տյուբետեյկաներով ու գույնզգույն գլխաշորերով նստած պատգամավորների մտազբաղ դեմքերը: Ինչ խոսք, մտահոգվելու բան իսկապես կա. բավական դժվար է ժամեր շարունակ քեզ պարուրող քաղցր նիրհի դեմ պայքարելը, էլ չեմ ասում, որ պարտավոր ես ուշադրությունդ լարել պահանջված պահին հարևանիցդ ոչ ուշ ձեռքդ վեր նետելու համար: Եվ այսպես՝ տարեկան երկու անգամ:

1988 թ. փետրվարից սկսած, կապված երկրի հիմքերը ցնցող այն իրադարձությունների հետ, որոնք խորհրդային մամուլի կողմից երկչոտ ու տհաս ձևով որակվեցին որպես «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ընթացող իրադարձություններ», հայ ժողովրդի կողմից գիտակցվեց ազգային խորհրդարանի՝ որպես իշխանության գերագույն մարմնի դերը: Կարծես հրաշքով մարդիկ հանկարծ հասկացան, որ իրենց կենսական հարցերը լուծելիս կարելի է չսպասել ռուբինե աստղերով քաղաքի որոշմանը, որ կարելի է առանց Տիզբոնի թույլտվության Գերագույն խորհրդի նստաշրջան հրավիրել և որոշում ընդունել: Այսպես եղավ հունիսի 15-ին, երբ Խորհրդային Միության ողջ պատմության մեջ առաջին անգամ միութենական հանրապետության խորհրդարանը որոշում ընդունեց ոչ թե Մոսկվայի թելադրանքով, այլ սեփական ժողովրդի պահանջով: Հայաստանից դուրս շատ քչերն իմացան, թե ինչ ահռելի դիմադրություն հաղթահարելուց հետո ընդունվեց այդ որոշումը և ինչ արժեր պատգամավորական բլանկի վրա ներկայացված յուրաքանչյուր պահանջ՝ նստաշրջանում Ղարաբաղի մարզային խորհրդի դիմումը քննարկելու մասին:

Տողերիս հեղինակին երջանկություն է վիճակվել ականատես լինել ժողովրդի և նրա մի «ընտրյալի» միջև հոգեցունց երկխոսության մի բացառիկ օրինակի: Նստաշրջան պահանջող ընտրողներն իրենց պատգամավորին՝ կոմունիստական կուսակցության նվիրյալ մարտիկ-քարտուղարին ամբողջ օրը տենդագին որոնելուց հետո ուշ երեկոյան գտել էին շրջանային խորհրդի գործադիր կոմիտեում: Հավաքվել էին մի քանի մարդ ու թախանձագին խնդրում էին պատգամավորին հանդիպել իրենց հետ, բայց վերջինս անհողդողդ էր: Գիշերվա ժամը 1-ի մոտ էր, երբ 8-10 հոգանոց հաղթանդամ տղաների շքախմբով շրջապատված պատգամավորը փորձեց ճեղքել պաշարումն ու հեռանալ: Ամբոխը շարունակում էր պնդել իր տենչանքը՝ իր «ընտրյալի» հետ մտերմիկ զրույց ունենալու կամ գոնե պատգամավորական բլանկի վրա նրա ստորագրությունը ստանալու վերաբերյալ: Սիրալիրությունների բանավոր փոխանակությունը երկար կշարունակվեր, եթե հավաքվածներից մեկը չհուշեր, որ ժողովրդի «ընտրյալն» ու սիրեցյալը սովոր չէ առանց նախնական վարձատրության ստորագրելու: Ու միանգամից պատգամավորի գլխին տեղաց թղթյա և մետաղյա դրամների հեղեղ, որից հետո արդեն սկզբունքային գործիչն ստիպված էր կապիտուլացվել:

Բողոքի միտինգները, գործադուլները, պիկետներն ու հացադուլները 70 տարվա մեջ առաջին անգամ «ժողովրդի մշակներին» համոզեցին, որ անգամ Խորհրդային Միությունում հնարավոր են իրավիճակներ, երբ շրջկոմ-քաղկոմ-կենտկոմները կարող են անզոր լինել ժողովրդի կամքի առջև, և վերջինս կարող է դառնալ գերագույն իշխանություն:

Այս պայմաններում էր, որ Հայկական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց խորհրդարանի առկա թափուր տեղերի համար ընտրություններ կազմակերպելու մասին: Բոլոր չորս տեղերի համար էլ հանրապետության ղեկավարությունն առաջադրեց կուսակցական և խորհրդային նոմենկլատուրայի ներկայացուցիչներին՝ հանրապետության ներքին գործերի նախարարին, արտաքին գործերի նախարարին (բանից պարզվում է, որ միութենական հանրապետությունում այդպիսի պաշտոն ևս կա), գրողների միության նախագահին և ՀԿԿ կենտկոմի կուսակցական-կազմակերպչական բաժնի վարիչին:[1] Բոլոր թեկնածուներն էլ, ինչ խոսք, Հայաստանի կոմկուսի կենտկոմի նորընտիր (իսկ ավելի ճիշտ, Մոսկվայի կողմից նշանակված) առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի էշելոնից էին: Ընտրական տեղամասերից երեքում Ղարաբաղյան շարժումն առաջադրեց իր թեկնածուներին. ներքին գործերի նախարարի հետ առաջադրվեց ազգային և գոյաբանական նշանավոր գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը, որն արդեն 15 օր էր, ինչ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով գրանցել «Գթություն» բարեգործական միությունը: Արտաքին գործերի նախարարի հետ առաջադրվել էր Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, որին ՀԿԿ Երքաղկոմի բյուրոն հեռացրել էր կուսակցությունից:

ՀԿԿ կենտկոմի երիտասարդ ու խիստ հեռանկարային բաժնի վարիչի հետ միասին պատգամավորական մանդատի համար պայքարելու էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ռաֆայել Ղազարյանը:

Ինչ վերաբերում է Լենինականին, ապա այստեղ Շարժումն իր թեկնածուներին չառաջադրեց, ինչը բացատրվում էր ինչպես քաղաքում ժողովրդավարական ուժերի թուլությամբ, այնպես էլ ղեկավարության առաջադրած թեկնածուի անձով. հասարակության լայն զանգվածների համար գրողների միության նորընտիր նախագահը դեռևս չէր հասցրել միանշանակ մերժելի դառնալ:

Առաջին անգամ կրքերը բորբոքվեցին դեռևս պատգամավորության թեկնածուների գրանցման ժամանակ: Բոլոր երեք տեղամասերում էլ օրինապահ հանձնաժողովները հրաժարվեցին «չնախատեսված» թեկնածուներին գրանցելուց: Պատճառաբանությունների պակաս, փառք Աստծո, չէր զգացվում: Մի տեղ ժամանակին չէին ներկայացրել աշխատավորական կոլեկտիվի որոշումը, մի տեղ այլ թղթի վրա էին գրել արձանագրությունը, մի ուրիշ տեղում ոչ այն թանաքով էին գրել, կամ, վերջապես, հանձնաժողովն արձանագրության մեջ տառասխալ էր գտել... Փաստն այն է, որ երեք տեղերում էլ ոչ նոմենկլատուրային թեկնածուներին հրաժարվեցին գրանցել: Սակայն դա չխանգարեց, որպեսզի երեք տեղերում էլ ժողովրդի ներկայացուցիչները նախընտրական պայքար սկսեն:

Իշխանության ներկայացուցիչները նախընտրական փուլում ոչինչ չկարողացան առաջադրել Շարժման ներկայացուցիչների հզոր գործունեության դիմաց՝ բավարարվելով բազմանշանակ քմծիծաղով: Ավելի ճիշտ, առաջարկեցին պայքարի իրենց՝ ոչ ստանդարտ տարբերակը: Եվ ընտրական տեղամասի տարածքում գտնվող խանութներն սկսեցին հեղեղվել մսով, կարագով, երշիկեղենով և առօրյա կյանքում ոչ այնքան հաճախ պատահող այլ մթերքներով: Այն տեղերում, ուր սոսկ կարկանդակի սկզբունքը չէր արդարացնում, գործում էր նաև մտրակը. ընտրական տեղամասի տարածքում ընկած արդյունաբերական ձեռնարկություններում սկսեցին կտրուկ աճել ընտրող բանվորների հեռացման, բնակարանային հերթից մարդկանց առանց որևէ պատճառի հանելու կամ աշխատավարձի ու այլ եկամուտների իջեցման փաստերը: Ինչ խոսք, այս ամենը կիրառվում էր բացառապես այն ընտրողների դեմ, որոնք նախընտրական փուլում աներկմիտ արտահայտվել էին ոչ նոմենկլատուրային թեկնածուների օգտին:

Ամենադժվարը, սակայն, ընտրությունների օրն էր: Այս առումով նոմենկլատուրային միտքը գերազանցել էր ինքն իրեն. բարձրահարկ շենքերում վերելակների անջատում, ցանկացած այլ ձևով անցանկալի ընտրողների թվի սահմանափակում և ընտրողների թվի արհեստական ուռճացում (բնական է, չեղած ընտրողները պիտի քվեարկեին նոմենկլատուրայի օգտին), ուղղակի ու անուղղակի սպառնալիքներ, ընտրական տեղամասերում կազմակերպված ծեծկռտուքներ, քվեաթերթիկների կեղծման բազմաթիվ բացահայտված դեպքեր (իսկ քանիսը չբացահայտված մնաց՝ Աստծուն է հայտնի). սա միայն աչքի զարնող այն միջոցառումների ոչ լրիվ ցուցակն է, որ ձեռնարկում էին հանրապետության ղեկավարությունը և նրանց տեղական իշխանիկները՝ կոմունիստական գվարդիայի անխոնջ թեկնածուներին պատգամավոր դարձնելու համար: Սակայն այս բոլորը ակնհայտորեն անբավարար էր. ժամանակները փոխվել էին, և պաշտոնական թեկնածուներից ոչ մեկը չընտրվեց: Չգրանցված երեք թեկնածուներից երկուսը՝ Խաչիկ Ստամբոլցյանն ու Աշոտ Մանուչարյանը, երեք-չորս անգամ ավել ձայն հավաքեցին, քան նրանց մրցակից նախարարները: Անգամ բանը հասավ նրան, որ Գերագույն խորհրդի մանդատային հանձնաժողովը ճանաչեց Խաչիկ Ստամբոլցյանի լիազորությունները, և միայն Գերագույն խորհրդի նախագահությունը մերժեց մանդատ տալը, պատճառաբանելով, որ պատգամավորության թեկնածուն գրանցված չի եղել: Ճիշտ է, մանդատային հանձնաժողովի նախագահի՝ հայկական նոմենկլատուրայի պայծառ աստղերից մեկի՝ Քրիստ Մանդալյանի համար[2] դա կուսակցական տոմս արժեցավ, բայց այդ ուրիշ՝ ոհմակում ապրող և ոհմակային համակեցության կանոնները խախտող գայլերի նկատմամբ հաշվեհարդարի մասին տխուր սյուժեների շարքին է պատկանում:

Այս գերշիկացած պայմաններում Հայաստանի իշխանությունները կնախընտրեին ոչ միայն հրաժարվել անհաջողակ նախարարներին պատգամավոր դարձնելու մտքից, այլև անգամ, թերևս, կհամակերպվեին մի քանի նախարարի ողջակիզելու մտքի հետ՝ միայն թե «ծայրահեղականներն» իրենց անմաքուր շնչով չպղծեին սրբություն սրբոցը: Բայց արդեն ջինը շշից բաց էր թողնվել. ըստ գործող օրենսդրության, նման դեպքերում պետք է կրկնական ընտրություններ անցկացվեն: Ընդ որում դրության դրամատիկությունն այն էր, որ առաջին փուլում պարտություն կրած պատգամավորության թեկնածուն իրավունք չուներ կրկնական քվեարկություններին մասնակցել: Նախարարներն ու բազմափորձ կենտկոմական բաժնի վարիչը խաղից դուրս մնացին, բայց նոմենկլատուրային ոգին պարտության հետ այդքան շուտ հաշտվել չէր պատրաստվում:

Հոկտեմբերի սկզբին նոր ընտրություններն սկսվեցին: Երևանում և Աբովյանում ընտրություններն ընթանում էին նույն տեղամասերում: Մինչև վերջին օրը իշխանությունները չէին ցանկանում գրանցել թե Աշոտ Մանուչարյանին, թե Խաչիկ Ստամբոլցյանին, բայց համընդհանուր գործադուլի սպառնալիքի տակ ստիպված էին զիջել: Սակայն, ինչպես մեր բարեկամ ֆրանսիացիներն են ասում, գվարդիան մեռնում է, բայց չի հանձնվում. Աշոտ Մանուչարյանի և Խաչիկ Ստամբոլցյանի դիմաց իշխանությունները որոշեցին առաջադրել հանրապետության նշանավոր ու հեղինակավոր, ժողովրդի աչքում առայժմ ոչ մի բանով իրենց չպղծած անձանց: Դրանց թվում էին բանաստեղծ Վահագն Դավթյանը, դերասան Սոս Սարգսյանը, աշխարհահռչակ մարզիկ Շավարշ Կարապետյանը: Սակայն այս մարդիկ, ում թեկնածությունը դեռևս մեկ տարի առաջ հիացմունքով կընդունվեր հանրապետությունում, ճիշտ հասկացան, որ իրենք որպես թնդանոթի արկ են օգտագործվելու և, ոչ տևական խորհրդակցություններից հետո, հանեցին իրենց թեկնածությունները: Այս հանգամանքը Շարժման թեկնածուներին փաստորեն տրիումֆային հաղթանակ ապահովեց՝ նրանք հավաքեցին տրված ձայների 98-99 տոկոսը[3] և դարձան հանրապետության իշխանության գերագույն մարմնի անդամներ: Եվ խորհրդարանի առաջին իսկ նիստերից պարզվեց, որ և՛ մի ծաղկով գարուն կգա, և՛ որ մարտադաշտում մեկն էլ զինվոր է:

Չգիտեմ երբ և որտեղ, բայց անկասկած իմաստուն մի մարդ հայտնաբերել է, որ ազատությունն ու ժողովրդավարությունը շատ նման են ընձուղտի. ով երբևէ այն տեսել է, երբեք չի մոռանա և ոչնչի հետ չի շփոթի: Ժամանակները փոխվում են: Փոխվում են և մարդիկ: Գորբաչովյան վարչակազմն արդեն վաղուց պետք է անցնի այն ժողովրդավարությանը, որի մասին այդքան սիրում է խոսել ինքը՝ Միխայիլ Սերգեևիչը: Հասարակական գիտակցության նման աճի, ժողովրդական լայն զանգվածների նման քաղաքականացման պայմաններում խիստ վտանգավոր են դառնում կոնկրետ քաղաքականությամբ չամրապնդված երեսպաշտական ելույթները «վերակառուցման» և «ժողովրդավարացման» վերաբերյալ: Էլ ավելի վտանգավոր ու պայթյունավտանգ են դառնում իրադարձությունները, երբ խզումը կոնկրետ քաղաքականության և պետական քարոզչության մեջ հասնում է անբարոյական չափերի: Այդ անբարո քաղաքականության ոլորտին են պատկանում արդեն երկրի ղեկավարության կողմից մշակած և հլու-հնազանդ Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենսդրական ակտերը (ինչպես, օրինակ, ընտրությունների մասին օրենքի նախագիծը, ըստ որի պատգամավորների մեկ երրորդը ոչ թե ընտրվում է, այլ նշանակվում է հասարակական կազմակերպությունների ղեկավարների, իրականում՝ երկրի ղեկավարության կողմից): Իսկ թե որքան ժողովրդավարական կարող է լինել բարձրագույն կամքով նշանակված պառլամենտականը՝ կարելի է կռահել:

Մի քիչ ժողովրդավարություն չի լինում, ինչպես չի լինում մի փոքր հղիություն: Ժողովրդավարություն կամ կա, կամ չկա, և նրան փոխարինել չեն կարող անգամ ամենագեղեցիկ խոսքերը նրա մասին:

 

26. 11. 1988 թ.

 

Ծանոթագրություններ*

 * Ծանոթագրությունները կազմողինն են։

[1] Խոսքը վերաբերում է համապատասխանաբար Երևան, Աբովյան, Լենինական և Չարենցավան քաղաքներում դեպուտատության թեկնածուներ առաջադրված Հուսիկ Հարությունյանին, Անատոլի Մկրտչյանին, Հրաչյա Հովհաննիսյանին և Ռուբեն Հակոբյանին:

[2] ՀԿԿ կենտկոմի 1988 թ. սեպտեմբերի 13-ին կայացած պլենումը Ք. Մանդալյանին ազատեց ՀԿԿ կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածուի և ՀԿԿ կենտկոմի կազմակերպական-կուսակցական աշխատանքի բաժնի վարիչի պարտականություններից՝ «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:

[3] Ընտրությունների արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրությունում ասվում է. «Ընտրություններին մասնակցել է Նարեկացու թիվ 111 ընտրական օկրուգում ընտրողների ընդհանուր թվի 73,25 տոկոսը, Ուսանողական թիվ 159 օկրուգում՝ 61,05 տոկոսը: Նարեկացու թիվ 111 ընտրական օկրուգում... դեպուտատության թեկնածու Խաչիկ Վարդանի Ստամբոլցյանի օգտին ձայն է տվել ընտրողների ընդհանուր թվի 70,14 տոկոսը: Ուսանողական թիվ 159 օկրուգում դեպուտատության թեկնածուի [Աշոտ Գառնիկի Մանուչարյան] օգտին ձայն է տվել ընտրական օկրուգի ընտրողների ընդհանուր թվի 60,32 տոկոսը»: Տե՛ս «Սովետական Հայաստան», 17 նոյեմբերի 1988 թ. (թիվ 273):