14.11.2019 13:17

Էրդողանը Թրամփին է վերադարձրել նամակը, որում իրեն կոչ է արվում «հիմար չլինել»

Էրդողանը Թրամփին է վերադարձրել նամակը, որում իրեն կոչ է արվում «հիմար չլինել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ ինքն անձամբ իր ամերիկյան պաշտոնակից Դոնալդ Թրամփին վերադարձրել է նրա նամակները, այդ թվում՝ այն նամակը, որում իրեն կոչ է արվում «հիմար չլինել»: Այդ մասին Էրդողանը տեղեկացրել է Թրամփի հետ բանակցություններից հետո համատեղ ասուլիսում:

«Այդ նամակներն այսօր ես վերադարձրի պարոն նախագահին: Ինձ հատկապես վշտացրել էր այն նամակը, որում ասվում էր, թե այդ ահաբեկիչ Աբդի Շահինը (ԴՍՈՒ հրամանատար Մազլյում Քոբանին) եղել է Ամերիկայի նման երկրի զրուցակիցը: Աբդի Շահին կոչեցյալն ահաբեկիչ է, որը մեղավոր է մեր հարյուրավոր քաղաքացիների մահվան մեջ»,- ընդգծել է Էրդողանը:

Հոկտեմբերի կեսերին ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել էին հոկտեմբերի 9-ով թվագրված մի նամակ, որը Թրամփն ուղարկել էր Էրդողանին: Նամակում ամերիկյան առաջնորդը Անկարային առաջարկում էր համաձայնության գալ քրդերի հետ և սպառնում էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը:

Ամերիկյան առաջնորդը Էրդողանին կոչ էր անում«զիլ տղա չերևակայել իրեն» ու «հիմարություն չանել», նաև տեղեկացնում էր, որ մտադիր է շուտով զանգահարել նրան: Նամակում Թրամփը նաև տեղեկացնում էր, որ «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինված դաշինքի հրամանատար Մազլյում Աբդին պատրաստ է բանակցել Էրդողանի հետ:

Փոխանցում է tass.ru-ն: