14.11.2019 17:42

Իրական եւ մտացածին վտանգներ

Իրական եւ մտացածին վտանգներ

Մանկահասակ երեխաների որդեգրման գործում հանցավոր սխեմայի վերաբերյալ ԱԱԾ վերջին բացահայտումը լուրջ մտորումների տեղիք է տալիս:

Իրական եւ հորինածին վտանգների համատեքստում:

Եւ սա հետհեղափոխական Հայաստանի ամենալուրջ խնդիրներից մեկն է, որը բավականին հաջող ձեւով իրականացնում են նախկինները:

Իսկ դրա էությունը մեկն է՝ մտացածին վտանգների ու արհավիրքների մասին ստեղծել աղմուկ, շատ աղմուկ, մեծ աղմուկ, որպեսզի այդ աղմուկի մեջ մարդիկ ապակողմնորոշվեն, շեղեն իրենց ուշադրությունը երկրին, քաղաքացիներին սպառնացող իրական վտանգներից եւ կարծեն, թե վտանգներն այլ տեղերից են գալիս:

Հեղափոխությունից անմիջապես հետո մեկը մյուսի հետեւից տարբեր քրեական գործեր հարուցվեցին: Շատ դեպքերի վերաբերյալ թեեւ մարդիկ նախկինում էլ լսել էին, բայց միեւնույն է՝ շատերը ապշում էին, երբ արդեն իրավապահներն էին հաստատում, թե նախկին իշխանությունների տարատեսակ ներկայացուցիչներ ինչեր են արել: Ու դա, ի դեպ, դեռ փոքր, շատ փոքր մասն էր միայն:

Ինչ-որ մի պահից, սակայն, նախկինները հասկացան, որ մարդկանց պետք է շեղել, եւ իրենց ռեսուրսները, հատկապես՝ մեծածավալ ու մեծաթիվ մեդիառեսուրսները սկսեցին ծառայեցնել հենց այդ նպատակին, ստեղծել, աճեցնել, ապա ուռճացնել արհեստական օրակարգեր, եթերներից եւ մամուլի էջերից ամեն օր (եւ ոչինչ, որ միշտ՝ գրեթե նույն մարդկանց շուրթերով) բարձրաձայնել, զգուշացնել, խոսել ինչ-ինչ վտանգների մասին, որպեսզի իշխանությունները ստիպված լինեն իրենց բուն բան ու գործը թողած՝ մտնել նախկինների սըեղծած այդ օրակարգի մեջ, եւ ամեն օր ստիպված լինեն հերքել այդ վտանգների գոյությունը:

Եվ ահա, նրանք իրենց արհեստական աղմուկի արդյունքում բերել հասցրել են նրան, որ հանրության մի մասի ուշադրությունը կոռուպցիայի բացահայտումից, չարաշահումների եւ այլ ավելի վտանգավոր հանցագործությունների բացահայտումների պահանջից շեղվի դեպի նախկինների կողմից աղաղակվող «կապույտ մազերի», «միասեռականների», համաշխարհային դավադրությունների, սատանաների, ազգի կործանման դավադրական մտացածին պլանները:

Բայց ամբողջ հարցն այն  է, որ դա նախկինների պլանն ու օրակարգն է, իսկ իշխանությունը պետք է հասկանա, որ չպետք է տրվել այդ օրակարգերին եւ ամեն օր հակադարձել այդ նորանոր մեղադրանքներին ու բամբասանքներին, որովհետեւ այդպիսով այդ թեմաները միս ու արյուն են ստանում: Իշխանությունը պետք է անհողդողդ մնա եւ գործ անի, իրական գործ: Ու երբ մարդիկ կտեսնեն այդ գործը, իսկ գործը թաքցնել հնարավոր չէ (օրինակ՝ ամեն օր որակյալ ասֆալտապատման աշխատանքներ տեսնող մարդկանց չես ապացուցի, թե ասֆալտապատում չի իրականացվում), նախկինների աղմուկն անիմաստ կդառնա, դրա վրա ծախսված գումարներն էլ՝ անիմաստ «ներդրումներ», կորսված փող:

Ինչո՞ւ հիշեցինք այսօրվա բացահայտումը: Մի պարզ պատճառով, այ այսպիսի դեպքերն են իրական սպառնալիք մեր ազգային անվտանգությանը, մեր մենթալիտետին, այ սա է իրական ամոթն ու խայտառակությունը, այսպիսի դեպքերն են իրական պղծություն, եւ մարդկանց ուշադրությունը նման դեպքերից է, որ չպիտի շեղվի, այսպիսի իրական արժեքային պղծություններից՝ դեպի մտացածին պղծություններ:

 

Պարգեւ Ապրեսյան