14.11.2019 19:30

«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ». Ուիլյամ Սարոյան

«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ». Ուիլյամ Սարոյան
Լուսանկարը` Գերման Ավագյանի

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը «ցավում է, որ Հրանտ Մաթեւոսյանի անունը շահարկումների թեմա է դարձել» («Առավոտ», 11.11.2019)։

Ես էլ եմ ցավում, որ տիկին Թուխիկյանի հետ Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի չարչրկված խնդրի շուրջը հարցազրույցն ուշացումով ընթերցելուց հետո զարմանքս արտահայտելու այսքան մեծ ցանկություն առաջացավ։

Թե ինչու է ձգձգվում շենքի կառուցման ավարտը, այս հարցում ով է արդար, ով՝ անարդար, իմ քննելիք խնդիրը չէ. մասնագետ չեմ, խորությամբ չեմ տիրապետում, թե ինչու Մեծ գրողի կենտրոն-թանգարանի կառուցման վերջակետը հենց ա՛յս իշխանության օրոք բազմակետ դարձավ։ Ընդամենը կարող եմ ասել եւ ասում եմ՝ տխուր է, որ, իշխանափոխությունից հետո նման քաշքշուկ է ստեղծվել Հրանտ Մաթեւոսյանի անվան շուրջը։

Բայց կարծես Նարինե Թուխիկյանը զգուշորեն բացում է քաշքշուկի պատճառի վարագույրը։

Նախ պարզվում է՝ «վարչապետը հանձնարարական տվեց սեպտեմբերի 18-ին հասկանալու, թե ինչ է սրանից հետո լինելու կամ հիմա լինելու, տաղանդները շատ են, իրենց ծնողների համար թանգարան բացելու ցանկությունները` նույնպես, մենք ո՞ւր ենք հասնելու, եթե բոլոր տարբերակների համար ընտրենք թանգարան բացելու մոտեցումը»:

Սա էլ է քննարկելիք հարց. բոլորս էլ գիտենք, որ բազմաթիվ թանգարաններ կան, որոնց դռները տարեկան մի քանի անգամ են բացվում, դե՝ «տաղանդ» արտադրելու հարցում էլ շատ քիչ ժողովուրդներ կարող են մրցել մեզ հետ։

Եվ ի՞նչ է պարզվում մշակույթի փոխնախարարի հետագա դատողություններից։ Լսենք նրան. «Օրինակ, նույն Հրանտ Մաթեւոսյանի հետ կապված իր ծննդավայր Ահնիձորի տունը պատկերացնում ենք, որ հրաշալի բիզնես-նախագիծ կարող է դառնալ: Այդ ամենը նաեւ  համայնքի  զարգացմանը նպաստող քայլեր կլինեն, պատկերացրեք, որ տունը  եւ տարածքը կարգաբերվեն, եւ դա փոքրիկ հյուրատուն դառնա: Եվ սփյուռքից եւ տեղացիներից շատերը կուզենան գիշերակացով Ահնիձոր գնալ, մնալ այն միջավայրում, որտեղ ապրել ու ստեղծագործել է մեծ գրողը, արդյունքում՝ ե՛ւ ընտանիքը ոտքի կկանգնի, ե՛ւ համայնքը կվերակենդանանա»։
Լրագրողը հակադարձում է, որ «նույն  տրամաբանությամբ, կարելի է Թումանյանի երեւանյան թանգարանը ավելորդ համարել, քանի որ Դսեղի թանգարանը կա»։

Շարունակությունը «շռնդալից» բացում է վարագույրը։ «Ինչ արվել է, արդեն արվել է, մենք ասում ենք սրանից հետոյի մասին, խոսքը հետագայում ծնվելիք թանգարանների մասին է: Բացի այդ, երբ մենք ունենանք եւս մեկ Թումանյան կամ եւս մեկ Կոմիտաս, այն ժամանակ կնստենք ու կքննարկենք հասարակության լայն խավերի հետ»:

Ահա թե ինչ։ Տիկին Թուխիկյանին, փաստորեն, մտատանջում է «տաղանդների» առատությունը, եւ, ըստ նրա, Հրանտ Մաթեւոսյանն էլ այդ շարքում համեստորեն տեղավորված է, եւ ա՛յն գրողը չէ, որ բացառություն անեն։

Ճիշտն ասած, ես չեմ պատրաստվում դասախոսություն կարդալ Հրանտ Մաթեւոսյանի վիթխարիության մասին։ Ինձ չի էլ հետաքրքրում՝ սա մշակույթի փոխնախարարի կարծի՞քն է միայն, թե իր պես մտածում են նաեւ «հանձնարարական» տվողները։

Բայց չիմանա՞նք, թե այդ ինչ հրաշագործ չափիչ սարքով են վերեւներում չափչփել Հրանտի անչափելի մեծությունն ու վերջում պարզել, որ, ժողովրդական լեզվով ասած՝ մինչեւ Թումանյան ու Կոմիտաս «չի ձգում»։

...Շատ տարիներ առաջ Հայաստանի գրողների միությունում նույնպես ինչ-որ գործիքով չափեցին, թե ով է ԽՍՀՄ պետական մրցանակի արժանի հայ գրողը, եւ քանի որ Հայաստանում ընտրված թեկնածուն Հրանտ Մաթեւոսյանը չէր, Ռուսաստանում այնքան ապշեցին, հիշեցնեմ՝ աշխարհին գրական հսկանե՛ր տված Ռուսաստանում, որ ճչացող անարդարությանն ընդդեմ՝ հե՛նց իրենք Հրանտի թեկնածությունը ներկայացրին եւ պետական մրցանակ տվեցին։

Հ.Գ. Ի դեպ, Ահնիձորում նույնպես Հրանտ Մաթեւոսյանի տուն-թանգարան հիմնելու գաղափարը ողջունելի է։ Հուսով եմ, Երեւանում կենտրոն-թանգարանի բացումից հետո իշխանությունները կիրագործեն նաեւ փոխնախարար Նարինե Թուխիկյանի այս առաջարկը։

Լիզա Ճաղարյան