14.11.2019 20:58

Լեւոն Բարսեղյան. Ի՞նչն է խանգարել Վարդան Ղուկասյանին Գյումրուց թալանվածը վերադարձնել

Լեւոն Բարսեղյան. Ի՞նչն է խանգարել Վարդան Ղուկասյանին Գյումրուց թալանվածը վերադարձնել

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը գրում է.

«Գյումրու նախկին քաղաքապետ Վ.Ղուկասյանը հայտարարել է, թե Գյումրին թալանվել է ՀՀՇ-ի օրոք (Ազատություն ՌԿ):

Երկու կիլոմետր հարց է առաջանում: Ինքը քաղաքապետ է եղել 1999 թվականից 2012 թվականը՝ 13 գեղեցիկ եւ բարգավաճ տարի: Այդ ընթացքում ՀՀՇ-ն կամ ՀՀՇ-ից ոչ մեկը իշխանություն չի եղել: Իշխանություն են եղել Քոչարյանը, որի կուսակցությունը ժողովուրդն էր, նաեւ Ղուկասյանը որպես ժողովրդի մասնիկ, եւ՝ Սարգսյանը, որի կուսակցության անդամն ու աննկուն մարտիկ էր ինքը, ախպերություն, ջան-ջիգյար, մահափորձից հետո կեսմարդ եղած ելնել գնալ թատրոն՝ Սերժիկին գլխի վրա ընդունել-ճամփել, քվեներ էր ապահովում, ընտրությունները հսկողներին «քաղմաս» էր անվանում, որ արդարացներ բոլոր ընտրակեղծիքները՝ ներառյալ Սերժիկի հավաքած ողորմելի 24 տոկոսը եւ այլն: Այդ ամբողջ ընթացքում իր միջնորդական մեծ ախպերը Մուկ մականունով Հովիկ Աբրահամյանն է եղել: Հետաքրքիր է՝ ինչն է խանգարել իրեն Գյումրուց թալանվածը վերադարձնելու եւ պատասխանատվության կանչելու շարժումներ (դվիժենի) անել իր շեֆերի հետ: Ասենք՝ եթե իր համար անպատիվ բան էր (զապադլո) նամակ գրել դատախազություն, պատմելով այն, ինչ հիմա է հայտարարում, թե ՀՀՇ-ն կամ այսինչ պաշտոնյան թալանել է Գյումրին, գործ հարուցեին, բացահայտեին, գողոնը վերադարձնեին, գոնե մեկի միջոցով իմաց կտար իրավապահներին, որ քաղաքին հասցված վնասը վերականգնվեր, ու ինքը շատ չտանջվեր հիմա ... Պիտի բացատրի:

Պատկերացնենք՝ ես Գյումրու ավագանու անդամ եմ ու տեղյակ եմ, որ Գյումրին թալանվել է, ի՞նչ եք կարծում, ես պիտի նստեմ սպասեմ՝ մինչեւ իշխանափոխություն լինի, երբ իշխանության վարքն ու խոսքը չհավանեմ, նոր միայն սկսեմ խոսել թալանի մասի՞ն... առնվազն 20 տարի հետո՞: Ահա էս խելքի տեր է մեր նախկին քաղաքապետը: Ես, իր չարաշահումների, անարդյունավետ ծախսերի մասին խոսել եմ իր հետ, սերժիկների թագավորության ժամանակներում ասել եմ իրեն բաց եւ փակ հանդիպումներում, հընթացս տպել եմ մեր թերթում, կայքում եմ հրապարակել, հեռուստահաղորդումներում եմ խոսել, թերթի բաժանորդագիրը եղել է դատախազությունը, ամեն անգամ կարդացել են գրածներս ու մտածել են, որ դե՛ Վարդան Ղուկասյանը Քոչարյանի եւ Սարգսյանի քիպն է, ինչ քրեական գործ, ինչ բան...

Իհարկե, նա չի կարող գոնե լռել, բնավորությունը դա թույլ չի տալիս, իր Սերժիկը անձամբ է աթոռը հանել իր տակից եւ դրել ուրիշի տակը, չի հանդարտվում, հետո ստիպված է եղել անցնել քաղաքական խայտառակության տրորված ճանապարհով՝ ելնել հայրենի կուսակցությունից եւ մտնել մեկ այլ կուսակցություն: Չի կարող լռել, մանավանդ հիմա, երբ հասկացել է կամ զգում է, որ համայնքային ունեցվածքի ու իր պաշտոնավարման ժամանակ համայնքային միջոցների՝ մեղմ ասած մսխումների համար պատասխան տալու ժամը մոտենում է, եւ հիմա, երեւի, որոշել է «քաղհալածյալ» դառնալ, կարող է հաջողի հանկարծ նաեւ «քաղբանտարկյալ» դառնալ...Դե հիմա մոդա է այդպիսի ինքնապաշտպանությունը:

Ինքն ու մյուսները չեն կռահել դեռ, թե ինչ է նշանակում կոնցլագերի քանդում, ազատագրում, ու հատուցում: ՀՀՇ-ն կլինի, պողոսը կլինի, պետրոսը կլինի, ինքը կլինի, ես կլինեմ, համայնքին հասցված վնասը պիտի վերականգնեն, չեն վնասել, չեն թալանել, չեն մսխել կամ յուրացրել, բնականաբար չեն հատուցելու: Իսկ հիմա, իսկապես պիտի գնա դատախազություն եւ մինչեւ մնացած հարցերին պատասխանելը մանրամասն պատմի, թե ՀՀՇ-ն՝ ով-ովքերով երբ եւ ինչ են թալանել քաղաքից:

Պաչում եմ

Մեր՝ Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի կադաստրի կրտսեր չափագրող եւ արձանների տեղադրման նախահաշիվ կազմելու վարչության պետ»: