15.11.2019 13:45

Վրաստանի խորհրդարանը տապալել է ընտրական բարեփոխումները

Վրաստանի խորհրդարանը տապալել է ընտրական բարեփոխումները

Հինգշաբթի Վրաստանի խորհրդարանը չի ընդունել սահմանադրական այն փոփոխությունները, որոնք նախատեսում են 2020 թվականից անցումհամամասնական ընտրական համակարգի:

Համամասնական ներկայացուցչության սահմանումը  հունիսին Թբիլիսիում բռնկված բազմահազարանոց ցույցերի պահանջներից մեկն էր: Այն ժամանակ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը զիջման էր գնացել և 2020 թ. խորհրդարանական ընտրություններում խառը համակարգից հրաժարվելու և միայն համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու քայլեր էր նախաձեռնել: Այդ փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ էր 150 պատգամավորներից 115-ի քվեն, սակայն սահմանադրական փոփոխությունների նախագծի օգտին քվեարկել է ընդամենը 101 պատգամավոր՝ ընդդեմ երեքի:

Թբիլիսիում բողոքի ցույցերը վերսկսվել են: Ակցիայի մասնակիցներն ամբողջ գիշերն անցկացրել են երկրի խորհրդարանի շենքի մոտ՝ Ռուսթավելի պողոտայի բանուկ հատվածում տեղադրված վրաններում:

Առավոտյան անհայտ անձինք վրանների մոտ կարմիր վարդեր են բերել՝ ի նշան «վարդերի հեղափոխության», որը Վրաստանում տեղի ունեցավ 2003 թ. նոյեմբերին և իշխանության բերեց Միխեիլ Սաակաշվիլիին ու նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը:

Ցուցարարները պահանջում են ժամանակավոր տեխնիկական կառավարություն ձևավորել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել համամասնական ընտրակարգով:

Փոխանցում է tass.ru-ն: