15.11.2019 15:59

Եթե պատերազմ լինի՝ Շվեյցարիան սուրճի պաշար ունի

Եթե պատերազմ լինի՝ Շվեյցարիան սուրճի պաշար ունի

Շվեյցարացիները, ինչպես հայտնի է, լավ նախապատրաստված են ամեն ինչի: Դա մի երկիր է, որտեղ յուրաքանչյուր տնտեսություն իր սեփական միջուկային բունկերն ունի: Երկիր, որտեղ ամեն տարի ուսումնական օդային տագնապ է հայտարարվում: Երկիր, որը, լինելով աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը, արտակարգ իրավիճակների համար հազարավոր տոննա ապրանքներ է պաշարում:

Երբ այս տարվա սկզբին Շվեյցարիայի կառավարությունը առաջարկել էր դադարեցնել սուրճի պաշարումը, այդ գաղափարը կատաղի դիմադրության էր հանդիպել: Կառավարության կարծիքով՝ այդ ցածր կալորիականություն ունեցող խմիչքը կենսականորեն անհրաժեշտ մթերք չէ: Սակայն կառավարության նախաձեռնությունը բողոքի ալիք էր բարձրացրել հանրության շրջանում:

Շվեյցարացիները սուրճ գործածալու հարցում աշխարհի առաջատարներից են, և այստեղ սուրճը հենց կենսականորեն անհրաժեշտ խմիչք են համարում շատերը:

Բախվելով բողոքի ալիքի՝ կառավարությունը խոստացել էր վերանայել իր առաջարկը:

15 հազար տոննա սուրճը, որը երկրի ավելի քան 8 մլն բնակիչների կհերիքի 3 ամիս, այժմ Շվեյցարիայում կենսականորեն անհրաժեշտ ապրանքների ցուցակում է: Այդ ցուցակում են նաև շաքարը, ալյուրը, բուսական յուղը, բրինձը, վառելիքը, խմելու ջուրը և դեղորայքը:

Փոխանցում է BBC-ն: