15.11.2019 19:43

Վա՛խ ընկեր ջան, տե՛ս, թերորներ պես-պես

Վա՛խ ընկեր ջան, տե՛ս, թերորներ պես-պես

2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եւ հատկապես դրանից հետո շատ երկար ժամանակ ընդդիմության թիվ մեկ խնդիրը հանդիպումների, քննարկումների, համաժողովների համար դահլիճ գտնելն էր: Մամուլում կարելի է տասնյակներով նյութեր գտնել այն մասին, թե ինչպես էին հյուրանոցները կամ գլխանց, կամ համաձայնություն տալուց հետո` վերջին պահին, մեկ էլ ու հանկարծ, ձեն-ձենի տված մերժում ընդդիմադիրներին դահլիճեր տրամադրել՝ իբր հանկարծ պարզեցին, որ այլ պատվեր ունեին կամ հարմար չէ:

Նույն վիճակն էր նաեւ եթերում. հեռուստաընկերությունները բացառապես իշխանամետ էին, միակ ընդդիմադիր ալիքը բարեհաջող եթերազրկել էին, որպես ընդդիմություն եթեր էին հրավիրում հիմնականում «իշխանամետ ընդդիմադիրներին», իսկ իրական ընդդիմությանը անհամեմատ ավելի քիչ էին լուսաբանում. եւ եթե լուսաբանում էին` հիմնականում բացասական համատեքստում:

Էս սաղ ինչի հիշեցինք:

Ուրեմն, էսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (համալիրում, Կառլ, համալիրու՛մ. եւ համալիրն այդ օրը զբաղված չէր, փակ չէր, վերանորոգման չէր, հասանելի էր, Կառլ, հասանելի՛) տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» ակումբի նիստը, որին բարեհաջող կերպով մասնակցում էին մի քանի տասնյակ տարբեր կալիբրի քոչարյանամերձ գործիչներ (մոռացված, կիսամոռացված, նոր հայտնի դարձած), ելույթներ էին ունենում այն մասին, թե ինչպիսի վախի մթնոլորտ է երկրում՝ է՛լ 37 թիվ, է՛լ ատելության օվկիանոս, է՛լ «թերորի» ծով (կռահեք` հատկապես ովքեր էին բողոքում «թերորից», այսինքն՝ ահաբեկչական մթնոլորտից), է՛լ բռնապետություն, էլ ինչ ասես:

Մի խոսքով, լսում ու տպավորություն էր ստեղծվում, որ մենք ապրում ենք ստալինյան ԽՍՀՄ-ի, Հյուսիսային Կորեայի ու թալիբանյան Աֆղանստանի խառնուրդում, որտեղ իշխանությունները սպառնում ու ճնշում են բոլորին, իսկ հեսա ու մի քիչ էլ` սաղին գնդակահարելու են: Ուղիղ եթերում:

Հա՛ ի դեպ, ուղիղ եթերի մասին. հերիք չէր, որ այս հավաքը Հանրայինն էր լուսաբանում, ուղիղ եթերում լուսաբանում էին նաեւ նախկինամերձ տասնյակ ԶԼՄ-ներ, դրանց թվում` հեռուստաընկերություններ:

Դուք պատկերացնո՞ւմ եք, թե մենք ինչ տեսակ 37 թվականի մեջ ենք ապրում, որ մի քանի տասնյակ մարդ` իրենց քանակից ավելի ԶԼՄ-ների եթերում առավոտից երեկո բողոքում են բռնապետությունից:

Հետո էլ էդ բոլորով հավաքվում են մի տեղ ու միասին են նույն միտքը մանտրայի պես կրկնում: Ուղիղ եթերում, Մարզահամերգային համալիրում:

Ու էս ամեն ինչի ցինիզմն այն է, որ այս մարդիկ կամ պատկերացում չունեն 37 թվականի մասին, կամ` որ ավելի վատ է, բարեհաջող կերպով մոռացել են իրենց կոնսոլիդացրած հերոսի` Քոչարյանի տարիների մասին:

Որովհետեւ այդ տարիները տեսած, այդ տարիներում ապրած մարդուն ասել, թե հիմա 37 թվականն է, անհեթեթ է այնքան, որ այդ հայտարարության հիման վրա կարելի է գործ հարուցել` Առողջապահության նախարարությունում:

Նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկների դռները փակ չպահելու համար:

 

Պարգեւ Ապրեսյան